Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆԻՆ

Փետրվար 11,2009 00:00

\"\"ՀՀ դպրոցներում, չնայած համապատասխան տեսչության ստուգումներին, շարունակվում են խախտվել սանիտարահիգիենիկ նորմերը:

Գաղտնիք չէ, որ ներկայումս ՀՀ հանրակրթական դպրոցների մեծամասնության սանհանգույցները գտնվում են ոչ բարվոք վիճակում: Այս մասին գիտեն թե՛ այդ կառույցների ղեկավարները, թե՛ վերադաս մարմինները: Դրա պատճառը հիմնականում այն է, որ դպրոցների ջրագծերը հին են, մշտական ջրամատակարարման բացակայության պատճառով խողովակները խցանվում են: Այս իրավիճակը, սակայն, որոշ դպրոցներում հասնում է ծայրահեղ դրսեւորումների, ինչը ծնողների դժգոհությունն է հարուցում: Օրինակ՝ վերջերս «Առավոտի» խմբագրություն էր զանգել Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի ծնողներից մեկը, դժգոհելու, թե իրենց դպրոցի սանհանգույցում տիրում է «անմարդկային» իրավիճակ: «Առավոտը» գնաց ահազանգի հետքերով եւ պարզեց, որ, իրոք, վիճակն անմխիթար է, նույնիսկ հասարակական որոշ զուգարաններում նման պատկեր չկա:

Տնօրեն Գայանե Դեմիրյանից հետաքրքրվեցինք, մի՞թե հնարավոր չէր ինչ-որ բան անել, չէ՞ որ պետությունը տարեկան որոշակի, այն էլ՝ բավականին լուրջ գումարներ է հատկացնում դպրոցներին՝ շենքի պահպանության համար: Տիկին Դեմիրյանը պատասխանեց. «Շենքը 1938-ից չի վերանորոգվել, ուստի պետք է պետական միջամտություն՝ հիմնանորոգում կազմակերպելու համար: Մենք էլ գիտենք, որ վիճակն անմխիթար է, նույնիսկ ամռանը զուգարանի պատերն էին փլվել, մի կերպ վիճակը ժամանակավորապես կարգավորեցինք: Երեւանի քաղաքապետարանում տեղյակ են այս մասին եւ սպասում ենք՝ հարցը լուծվի, ինչպես լուծվեց դպրոցի կաթսայատան խնդիրը: Ինչ վերաբերում է Ձեր նշած գումարին, քանի որ ունենք ընդամենը 350 աշակերտ, ապա ֆինանսավորումից համարյա ոչինչ չի մնում, այդ գումարները հազիվ բավականացնեն ինչ-ինչ կոսմետիկ շտկումների»: Թիվ 71 դպրոցը միակը չէ, որ ունի այսպիսի խնդիրներ, այդ շարքում են նաեւ թիվ 16-ը, 127-ը եւ այլն: Զրուցեցինք Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանի հետ: Նա տեղեկացրեց, որ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից տարին ամենաքիչը մեկ անգամ իրենց դպրոց գալիս են ստուգումների, զննում դասասենյակների լուսավորությունը, սանհանգույցների վիճակը, պատվիրում, որպեսզի միջանցքի եւ զուգարանների ավելները լինեն տարբեր եւ այլն. «Մշտական ջուր չկա, ջրագծերն են հին, դրա համար էլ հաճախ խցանվում են: Ջրի հարցը լուծելու համար տեղադրել ենք փոքր ջրի բաքեր»: Թիվ 127 դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանն էլ ասաց. «Շենքը հիմնանորոգվել է 1983-ին, ուստի սանհանգույցները, սկսած գեղագիտական տեսքից, վերջացրած ֆունկցիաներից, անմխիթար վիճակում են: Այժմ սպասում ենք դպրոցի հիմնանորոգմանը»:

Չնայած նշված իրավիճակին, ՀՀ-ում գործում են սանիտարահիգիենիկ կարգեր, որոնց պիտի ենթարկվեն բոլոր դպրոցները: Օրինակ՝ սանիտարական նորմերի պահանջներից է ունենալ 1 զուգարանակոնք՝ 20 աղջկա, մեկ լվացարան՝ 30 աղջկա, եւ 1 զուգարանակոնք, 1 լվացարան, 0.5 միզարան՝ 30 տղայի համար: Ինչպես նաեւ մարզադահլիճներին կից պետք է ունենալ ցնցուղարաններ՝ 9 քմ ու զուգարաններ՝ 8 քմ տարածքով եւ այլն:

Նկատենք, որ որոշ սանիտարահիգիենիկ նորմեր հակասության մեջ են մտնում հանրակրթության օրինակելի կանոնադրության հետ: Օրինակ, ըստ դրա՝ դպրոցներին թույլ է տրվում միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում ունենալ մինչեւ 35 աշակերտ: Մյուս կողմից էլ, սանիտարական նորմերի համաձայն՝ պետք է 1 աշակերտին հատկացվի 2 քմ տարածք: Ստացվում է՝ թույլատրվող խտության համար անհրաժեշտ են 70 քմ-անոց դասասենյակներ: Իսկ այժմ մեր դպրոցներում, որոնց գերակշիռ մասը կառուցվել է դեռ կես դար առաջ, նման պայմաններ բավարարել չեն կարող: «Առավոտը» այս եւ այլ խնդիրների մասին զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանի հետ: Նա տեղեկացրեց, որ իրենց մասնագետները տարին մեկ-երկու անգամ այցելում են դպրոցներ, մոնիտորինգ անցկացնում լուսավորության, աշնան ամիսներին՝ ջերմային ռեժիմի եւ այլ ուղղություններով, ու խնդիրները բարձրացնում, օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների առաջ: Մ. Բասիլիսյանը շեշտեց. «Մեր գերնպատակն է դպրոցներում ապահովել հակահամաճարակային ռեժիմ, ստեղծել այնպիսի պայմաններ, որ երեխաների շրջանում բացառվեն վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների տարածումը: Մյուս հիմնախնդիրները կապված են ֆինանսական ծախսերի եւ շինարարության հետ, օրինակ՝ խողովակների, ջրագծերի փոխում եւ այլն»: Տիկին Բասիլիսյանը նշեց, որ այս աշխատանքում անհրաժեշտ է լինել հետեւողական, որպեսզի նորմերի խախտումները վերացվեն. «Շատ դպրոցներում պոլիէթիլենային թաղանթներով կատարում են ջերմամեկուսացման աշխատանքներ, որը եւս թույլ չի տրվում, քանի որ ստեղծվում է որոշակի միկրոկլիմա, երբ օդափոխություն չի ապահովվում, որ եթե օդակաթիլային վարակների անգամ մեկ դեպք դրսից բերվի, երեխաների մեջ չտարածվի: Ուսումնասիրում ենք նաեւ լուսավորությունը, ըստ նորմի՝ դա պիտի լինի ձախակողմյան, որպեսզի երեխայի գրիչը ստվեր չգցի նրա տետրի վրա: Մի խոսքով՝ ստուգումներ ենք կատարում բոլոր հնարավոր ուղղություններով»: Զրույցի ընթացքում տիկին Բասիլիսյանն ասաց, որ իրենք այժմ պատրաստվում են 2008-ի հետազոտության արդյունքներն ուղարկել քաղաքապետարան, իսկ «Առավոտին» տրամադրեց 2007-ից որոշ տվյալներ: Օրինակ՝ այդ տարի տուգանվել են 233 նախադպրոցական եւ հանրակրթական հաստատություններ, որի արդյունքում գանձվել է 8 միլիոն 515 հազար դրամ գումար, հարուցվել է 16 դատական գործ, ինչի արդյունքում դադարեցվել է 11 օբյեկտների շահագործումը: Նշենք, որ տուգանքների չափը, խախտումներից կախված, կարող է հասնել 100 հազար դրամի: Հետաքրքրվեցինք, արդյոք սանիտարական այդ նորմերը քննարկվե՞լ են շահագրգիռ կրթական օղակների հետ եւ ե՞րբ են դրանք վերանայվել: Պետի տեղակալն ասաց. «Դա քննարկվելիք հարց է, չնայած մոտեցումներն այլ են, բայց պիտի համապատասխանեցվեն քաղաքաշինական, հիգիենիկ եւ կրթական նորմերը: Իսկ ներկայիս նորմերը ստեղծվել են ԽՍՀՄ փլուզումից առաջ: Արմատական վերանայում պետք էլ չէ, քանի որ հիգիենայի պահանջները, անկախ նրանից՝ խորհրդային, կապիտալիստական, թե ֆեոդալիստական համակարգերում ենք ապրում, չեն փոխվում»: «Առավոտի» մյուս հարցին, թե ներկայումս «եվրո» դպրոցներ կառուցելիս հաշվի առնվո՞ւմ են սանիտարահիգիենիկ նորմերը, Մ. Բասիլիսյանը պատասխանեց. «Այստեղ կա օրենսդրական բաց, քանի որ շարժվում են հիմնականում քաղաքաշինական նորմերով, բայց մեր մասնագետներն աշխատում են տեղում համագործակցել նրանց հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել