Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵՑՈ՞ՒՅՑ

Փետրվար 11,2009 00:00

Այսօր մեր հասարակությունը կանգնած է ցավալի իրողության առջեւ, երբ ոսկե հորթի պաշտամունքից զատ, իրենց նողկալի ներկայությամբ հասարակական

եւ անհատական մեր կյանքը քայքայում եւ, չենք վարանի ասել, բարոյազրկում են օտարաստեղծ եւ ազգային ցածրաճաշակ հեռուստասերիալները:

Հզոր այդ գործիքը՝ հեռուստատեսությունը, որ կարող է ծառայեցվել հասարակության մեջ բարու եւ սիրո սերմանմանը, եղբայրասիրության խթանմանն ու տարբեր առաքինությունների զորացմանը, ծառայում է բարոյական նորմերի խաթարմանը, բռնության ու սեռական սանձարձակության խրախուսմանը, օտարածին բարքերի ու ավանդույթների պարտադրմանը եւ ազգայինի դուրսմղմանը, ինչպես նաեւ ոսկեղենիկ մեր լեզվի աղավաղմանը: Կարելի է անվերջ թվարկել բոլոր այն կորստաբեր երեւույթները, որոնք պարզապես ջնջում են անձի, ընտանիք-հասարակություն փոխկապի, բարոյականության, ազգային մտածելակերպի բոլոր սահմանները՝ տուրք տալով սին, կեղծ եւ դատապարտելի, բայց եւ որոշ մարդկանց համար՝ «ազատամիտ եւ տիեզերամիտ» կենսակերպին:

Չենք կարող լռել, քանզի անձնապես ականատես ենք այդ արհավիրքին, որից պատճառվող վերքերը դեռ երկար են արնահոսելու եւ տարակուսանք առաջացնելու ամենքիս մոտ, թե ինչո՛ւ ենք հայտնվել նման ողբերգալի կացության մեջ:

Այդ սերիալներն ամենուր են, եւ տարբեր ժամերի հայտնվում են յուրաքանչյուրիս օջախում ու, որքան էլ ցավալի է, նաեւ տարբեր հաստատություններում: Այո՛, պիտի ասեն, որ դրանք վեր են հանում հասարակության վատ բարքերը: Ծանոթ ենք այդ պատճառաբանություններին, սակայն խնդիրը դրանց մատուցման հայեցակարգն է, ելակետ, երբ ֆիլմերը ոչ թե պարսավում են արատավոր այդ երեւույթները, այլ ընդհակառակը՝ պանծացնում եւ անգամ պարտադրում: Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ այսօր որեւէ ընտանիք, անգամ իր հարկից ներս, անպաշտպան է, որովհետեւ օգտվում է հեռուստացույցից: Հիշյալ երեւույթներին դարձվող համընդհանուր ուշադրության եւ «դրական» շեշտադրության պատճառով ընտանիքի տարեցը կարկամում է եւ չի կարողանում մանուկին եւ պատանուն բացատրել, որ անձի վեհությունն ու ուժը հայհոյախոսության, փողոցային բարբառի, ատրճանակ ճոճելու եւ սեւ ամենագնաց քշելու մեջ չէ, որ հերոսությունը ինչ-ինչ խմբավորումների բախումները ճարպկորեն շրջանցելը եւ հաջողությամբ դավեր նյութելը չէ, որ միջսեռային հարաբերությունները հեշտանք, դավաճանություն եւ շնություն չեն: Այդ ֆիլմերի շնորհիվ վտանգվում է ընտանիքի ինստիտուտը, որը հասարակական կյանքի հիմքն է եւ, ըստ էության, պետության գոյության երաշխիքը:

Հասարակության մեջ օր օրի աճում է հանցագործությունների թիվը, անտարբերությունը կողքինի հանդեպ եւ կարծրասրտությունը: Այս ամենի արդյունքում այլ բա՞ն պիտի ակնկալեինք: Արդյո՞ք այդ սերիալները կրթում են մեր նոր սերնդին հայրենասիրություն, հոգատարություն՝ արժեքների նկատմամբ, նպաստո՞ւմ են հոգեւոր նկարագրի կերտմանը եւ ազգային ինքնության պահպանությանը:

Ովքե՞ր պիտի կասեցնեն այս ավերիչ արշավը՝ լինի հասարակական ըմբոստության, թե պետական մարմինների տեսքով կամ օրենսդրական հատուկ կարգավորմամբ: Քավ լիցի, թող հեռուստաընկերությունները ստեղծագործական իրենց թռիչքները մարմնավորեն, նկարահանեն ֆիլմեր, վաճառեն ցանկացողին, ինչպես ամբողջ աշխարհում է, բայց ոչ երբեք պարտադրեն ամենքին: Որո՞նք են այն սահմանները, որ չեն կարող հեռուստաընկերությունները շրջանցել՝ լսարան եւ գովազդ շահելու իրենց մոլի մրցավազքի մեջ: Ո՞ւր է այն մտահոգ հայը, որ անգամ կյանքի գնով պահել եւ փայփայել է այն ամենը, ինչը կարող էր իրեն, զավակին եւ հայրենի հողին ապահովել պատշաճ տեղ՝ մարդկության հանապազ արարվող պատմության մեջ եւ ամուր հիմք ծառայել հետագա պանծալի վերելքի համար:

Սա եւս յուրօրինակ մի աղանդ է, որ իր ճշմարտանման պատիր պատգամներով հետեւողականորեն քայքայում է հիմերը ազգային ինքնության եւ մտածելակերպի, հոգեւոր կյանքի եւ պատմությամբ վկայված բարոյական արժեքների:

Շուրջ երկու հազարամյակ քրիստոնեական ճշմարտությունների եւ պատվիրանների ոգով առաջնորդվող մեր փոքր ժողովրդի համար սա կարող է իրապես կործանարար լինել: Ի վերջո, այս արժեքային համընդհանուր անկման հետեւանքով տարիներ անց ո՞վ է լինելու մեր ազգի եւ մեր Հայրենիքի Զինվորն ու Պաշտպանը՝ լայն իմաստով: Չէ որ այսօր մենք ենք կերտում նրան՝ հոգին սնելով այս ողջ …:

Հիշենք, որ պետական անվտանգությունը կառույց եւ պաշտոնյա չէ, այլ մեզանից յուրաքանչյուրը՝ իր կերտվածքով: Իսկ ազգային անվտանգությունը ոչ թե մեր ինքնության եւ արժեքների ոտնահարումն է, այլ դրանց հարատեւությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել