ՀՔԾ-ում շարունակվում է գործի քննությունը, իսկ էջմիածինցիք այս հարցում լավատես չեն
Հակոբ Հակոբյան-Կարեն Գրիգորյան քաղաքական պայքարի պտուղներն այժմ «վայելում» են Հատուկ քննչական ծառայությունում:
Հոկտեմբերի 19-ին կայացած Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների արդյունքները քաղաքապետի նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանը բողոքարկեց, ինչը, սակայն, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց՝ ապացույցների բացակայության պատճառով:
Լուրջ տեղեկություններ ունենալով ընտրակեղծիքների կոնկրետ տեսակների մասին, բայց չունենալով փաստեր, Հակոբ Հակոբյանը ստանձնում է դրանք հավաքագրելու «առաքելությունը»:
Կարճ ժամանակ անց փաստերով ներկայանում է ՀՀ դատախազություն: Այժմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն է ընթանում: ՀՔԾ-ից մեզ փոխանցեցին, որ նախաքննության շահերից ելնելով, մանրամասներ հաղորդել չեն կարող: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ պատկերը հետեւյալն է: Էջմիածնի մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվել: Բացվել են չորս՝ 19/12, 19/17, 19/18 եւ19/21 ընտրական տեղամասերի ե՛ւ քաղաքապետի, ե՛ւ ավագանու անդամի թեկնածուների քվեաթերթիկների պարկերը: 19/18 տեղամասի պարկերը բացելիս, այդ տեղամասի հանձնաժողովի նախագահ Սահակ Զաքարյանը նկատում է, որ իր ձեռքով ամուր կապված պարկերից մեկը բաց է: Չի թաքցնում զարմանքն ու ասում, թե կարող է նույնիսկ գրավոր փաստել, որ դրանք իր կողմից ամուր կապված են եղել:
Ինչպես այդ, այնպես էլ մյուս երեք տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկից պարզվում է, որ կեղծիքներ, այնուամենայնիվ, եղել են: Մասնավորապես՝ զգալի են եղել անվավեր քվեաթերթիկները, որոնք երկու թեկնածուների կապոցներում էլ նկատվել են, միայն թե ավելի շատ՝ Կարեն Գրիգորյանի օգտին:
Ընտրացուցակներում պահպանված են եղել ոչ միայն մահացածների անունները, որոնք, պարզվում է՝ հերթական անգամ մասնակցել են քվեարկությանը, այլեւ՝ հանրապետությունից բացակայողների: Վերջիններս նույնպես «եկել, ընտրել ու գնացել են»:
Նկատվել են նաեւ միեւնույն անձնագրով մի քանի անգամ քվեարկած դեպքեր, կեղծված ստորագրություններ:
Հարցաքննության են հրավիրվել հանձնաժողովների նախագահներն ու անդամները, ոմանք, սակայն, հրաժարվել են ներկայանալ իրավապահներին:
Թեեւ գործի քննությունը դեռ ընթացքի մեջ է, էջմիածինցիների կարծիքով՝ դրանից ոչինչ չի փոխվելու: «Էս մի թատրոնն էլ կխաղան, կվերջացնեն»,- ասաց 63-ամյա Ամալյա Սիմոնյանը: Իսկ «խրոնիկ» գործազուրկ ներկայացած Վլադիմիր Հակոբյանի կարծիքով՝ եթե թույլ են տվել, որ ընտրություններն անցնեն կեղծիքներով, ուրեմն որոշակի փոխհամաձայնություն է եղել էս քաղաքի եւ երկրի ղեկավարների միջեւ, իսկ թե ինչ խաղ են հիմա սկսել՝ կիմանան միայն խաղացողները: