Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՋԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ

Փետրվար 11,2009 00:00

Քաղաքապետի հինգ ամիս տեւած պայքարից հետո՝ նրան մեղադրում են պարտականությունները չկատարելու մեջ

\"\"
Վարուժան Ներսիսյանը ինքնակամ շինարարության դեմ պայքարը շարունակել է անգամ իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո:

ՀՀ գլխավոր դատախազությունը հունվարի 29-ին տեղեկություն է տարածել, թե Իջեւան համայնքի ղեկավարը (քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը), լինելով պաշտոնատար անձ, քաղաքում իրականացվող ինքնակամ շինարարությունը դադարեցնելու հարցում ոչինչ չի արել, ուստի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-ի 2-րդ հոդվածով՝ «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»: Մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Վարուժան Ներսիսյանը եւ նրա նախաձեռնությամբ պետական այլ կառույցները ամեն ինչ արել են ինքնակամ շինարարությունը դադարեցնելու համար: Նախքան փաստաթղթերին անդրադառնալը, արձանագրենք, որ Վարուժան Ներսիսյանի դեմ գործը հարուցվել է 2008 թվականի դեկտեմբերի 18-ին, սակայն դատախազությունը, ինչպես ասվեց, այդ մասին տեղեկացնում է մեկ ամիս անց՝ 2009-ի հունվարի 29-ին: Սա այս գործի ամենաթեթեւ ու ամենաանմեղ սխալն է կամ անհասկանալի պահը: Բայց Իջեւանի քաղաքապետի շուրջ զարգացումների մեջ քրեական գործը հարուցելու ամսաթիվը էական է:

Եվ այսպես, գործը հարուցվել է 2008 թվականի դեկտեմբերի 18-ին: 2008 թվականի հուլիսի 29-ին՝ քրեական գործ հարուցելուց մոտ 5 ամիս առաջ, Վարուժան Ներսիսյանը նամակով դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետին եւ ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի պետին ու տեղեկացրել, որ Իջեւանի բնակիչ Ալբերտ Դավթյանը քաղաքային զբոսայգում ինքնակամ շինարարություն է իրականացնում: 2008 թվականի օգոստոսի 14-ին՝ քրեական գործ հարուցելուց չորս ամիս առաջ, Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցները ակտ են կազմել ու արձանագրել, որ Ալբերտ Դավթյանը ինքնակամ շինարարություն է իրականացնում: 2008 թվականի սեպտեմբերի 16-ին՝ քրեական գործ հարուցելուց երեք ամիս առաջ, քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժինը՝ ի պատասխան Վարուժան Ներսիսյանի նամակի, արձանագրել է, որ իսկապես, Ալբերտ Դավթյանը ինքնակամ շինարարություն է իրականացնում: 2008 թվականի սեպտեմբերի 24-ին՝ քրեական գործ հարուցելուց մոտ երեք ամիս առաջ, Վարուժան Ներսիսյանը կրկին դիմել է ոստիկանություն եւ տեղեկացրել, որ Ալբերտ Դավթյանը ինքնակամ շինարարություն է իրականացնում: 2008 թվականի հոկտեմբերի 9-ին քաղաքապետը դիմել է Ալբերտ Դավթյանին եւ պահանջել ներկայացնել ծավալված շինարարության քաղաքաշինական փաստաթղթերը: 2008 թվականի նոյեմբերի 13-ին, քրեական գործ հարուցելուց մեկ ամիս առաջ, Իջեւանի քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողովը ինքնակամ շինարարության համար Ալբերտ Դավթյանին տուգանել է 400 հազար դրամ եւ նոյեմբերի 27-ին դիմել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ապօրինի շինությունը ապամոնտաժելու պահանջով: Վարուժան Ներսիսյանի դեմ քրեական գործը հարուցվել է դատարան դիմելուց հետո, իսկ դատարանը 2009 թվականի հունվարի 19-ին քաղաքապետի հայցը բավարարել է եւ որոշել «պատասխանող Ալբերտ Դավթյանին պարտավորեցնել Իջեւան քաղաքի Վալանսի փողոցում գտնվող շինությունը ապամոնտաժելու եղանակով ազատել 66.6 քմ տարածքը»: Ալբերտ Դավթյանը անգամ դատարանի վճռի պարագայում ոչ միայն 400 հազար դրամ տուգանքը չի վճարել, այլեւ շարունակել է ապօրինի շինարարությունը եւ դատարանի վճռից 10 օր անց՝ հունվարի 29-ին, Իջեւանի քաղաքապետարանը երկրորդ անգամ է տուգանել Ալբերտ Դավթյանին՝ այս անգամ 2.5 միլիոն դրամ: Ալբերտ Դավթյանը դեռ չի վճարել, իսկ Վարուժան Ներսիսյանը պատրաստվում է կրկին դիմել դատարան:

Զուտ թվաբանության տեսանկյունից եթե նայենք, ապա Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, ընդդեմ ապօրինի շինության, յոթ տարբեր միջոց է ձեռնարկել, քաղաքապետի նախաձեռնությամբ պետական այլ կառույցներ ութ տարբեր քայլերի են դիմել: Ընդհանուր առմամբ, 15 քայլ է արվել ինքնակամ շինարարությունը կասեցնելու համար: Այսքանից հետո է, որ Վարուժան Ներսիսյանի դեմ գործ է հարուցվել՝ բան չանելու համար: Վարուժան Ներսիսյանը հակված է ենթադրել, որ իր դեմ գործը հարուցվել է Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանի բանավոր ցուցումով:

Քրեական գործի քննությունը շարունակվում է, իսկ այդ ընթացքում հետաքրքիր այլ զարգացումներ էլ են լինում: Մասնավորաբար, ինքնակամի հեղինակ Ալբերտ Դավթյանը քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ եւս մոտ մեկ տասնյակ անձանց մոտ հայտարարել է, որ դատախազությունն իրեն ստիպել է կեղծ, զրպարտչական դիմում գրել Իջեւանի քաղաքապետի դեմ եւ եթե քաղաքապետը հրաժարվի ինքնակամ շինարարության դեմ պայքարից, դիմումը չի գրվի: Քաղաքապետը չի հրաժարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել