Իսկ որ հանկարծ նախազգուշական կրակոցը վերեւի հարկում աշխատող դատավորին կամ դատախազին դիպչի՞
Ըստ Մեջլումյանի՝ զինված հարձակման դեպքում կարգադրիչը անզոր կլինի:
Դատարանում կարգուկանոն հաստատող դատական կարգադրիչներին զինելու՝ իշխանության գաղափարն այնքան էլ դուր չի գալիս այդ համակարգի հետ շփվող փաստաբաններին, քաղաքացիներին: Ինչո՞ւ է օրինագիծը հենց այս պահին ներկայացվել խորհրդարան, որքանո՞վ է այն նպաստելու՝ դատարանում կարգուկանոն ապահովելուն կամ արդյո՞ք նպաստելու է, եւ ինչո՞ւ են նախագծի հեղինակները փորձում հապշտապ՝ մարտի 1-ից սկսած, դատարաններում տեսնել զինված կարգադրիչների: Չէ՞ որ նրանց նկատմամբ զինված որեւէ հարձակում չի եղել, բացի այդ, նիստերի բնականոն ընթացքը կարող են ապահովել ունեցած հատուկ միջոցներով՝ էլեկտրաշոկերով, մահակներով ու ձեռնաշղթաներով: Մինչդեռ, քաղաքացիական գործերով փաստաբան Կարեն Մեջլումյանի կարծիքով, զինված հարձակման դեպքում կարգադրիչները չեն կարող հատուկ միջոցներով կանխել այն: Հետեւաբար, նա դեմ չէ, որ զենք կրելու իրավունք ունենան սահմանափակ թվով կարգադրիչներ՝ զենքի կիրառման հմտությանն ու իրավաչափությանը տիրապետելուց հետո, եւ զենքով ներկա գտնվելու իրավունք ունենան միայն քրեական գործերով նիստերի ժամանակ: Բայց այդ դեպքում, ըստ փաստաբանի, ամբաստանյալներին դատարան ուղեկցող զինված անձնակազմին պետք է փոխարինեն կարգադրիչները:
Դատարանների հետ շփվելու հարուստ փորձ կուտակած մի քաղաքացի էլ՝ Գեւորգ Հակոբյանը, նկատեց. «Եթե հարձակվեն դատարանի վրա, էդ դատական ծառայողը պետք է նախազգուշացնի՝ օդ կրակի. բա որ հանկարծ նախազգուշական կրակոցը վերեւի հարկում աշխատող դատավորի կամ դատախազի հետեւին դիպչի՞: Մարդկանց (կարգադրիչներին- Լ. Ս.) զոռով մեղքի տակ են գցում»: Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ այսպիսի դիրքորոշում ունի. «Կարծում եմ՝ ինքնանպատակ է կարգադրիչներին զինելը, քանի որ չի եղել մի նախադեպ, որ նրանց տրամադրված հատուկ միջոցները բավարար չլինեն եւ անհրաժեշտություն լինի զենք կիրառել: Կարգադրիչների ինստիտուտը Հայաստանում դեռ նոր է ձեւավորվել, եւ նրանց պահվածքը դատարանում խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտն այսօր պատրաստ չէ զենք կրելու, որովհետեւ երբեմն այնպիսի միջոցներ են գործադրում, բռնություն՝ բոլորովին անտեղի, եւ ոչ մեկն ապահովագրված չէ, որ զենք ունենալու դեպքում տեղի-անտեղի այդ զենքը չի կիրառվի: Ես չգիտեմ՝ սա հեռահա՞ր նպատակ է հետապնդում, սա՝ որպես հռետորական հարց, թե՞ օրենքի նախագիծ բերողները գիտակցում են, որ եթե այսպես շարունակվեն դատավարությունները (մարտի 1-ի- Լ. Ս.), կարիք է լինելու նաեւ զենքով զսպել հասարակության ըմբոստությունը՝ դատարանների դեմ: Ի դեպ, այլ ստորաբաժանումներում զենք տրամադրելու կարգը շատ հստակ է սահմանվում՝ ի տարբերություն այս օրինագծի, թե նրանք ինչ ստուգարքներ պետք է հանձնեն, ինչ դասընթացներ պետք է անցնեն: Օրինակ, մարդիկ ոստիկանությունում աշխատելիս՝ հինգ տարվա ընթացքում են զենք կրելու իրավունք ստանում: Սակայն դրա անհրաժեշտությունն այսօր բացարձակ չի զգացվում»: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւս կիսում է այդ տեսակետը եւ օրենսդրական նախաձեռնությունը համարում խիստ վտանգավոր: Իսկ ահա դատարաններից մեկի մատույցներում մանրավաճառությամբ զբաղվող մի պապիկ, որ քաղաքականացված է իր հաճախորդ-քաղաքական գործիչների կատարած գնումների չափով, արձագանքեց. «Եթե դատավորը, դատախազը օրենքով աշխատեն, նրանց պաշտպանելու կարիք չի լինի: Թե չէ՝ եթե ժողովրդին հերսոտացնում են՝ զինված բանակն ու միլիցեքն էլ չեն փրկի»: