Դոնարա Մկրտչյանի բողոքը՝ ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության
Դոնարա Մկրտչյանը մինչեւ վերջ պայքարելու է:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում աննկատ անցավ Դոնարա Մկրտչյանի հայցի քննությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության դեմ: Այդպես աննկատ են ընթանում բոլոր այն դատաքննությունները, որոնք առնչվում են շարքային քաղաքացիների իրավունքներին: Այստեղ օմբուդսմենը, դատախազը, ոստիկանապետն ու իրավապաշտպան կառույցներն ասելիք չեն ունենում եւ արդյունքում, ինչպես Դ. Մկրտչյանի գործով, դատարանը մերժում է քաղաքացուն:
Դ. Մկրտչյանը 1990-ից բնակվում է Նոր Նորքի 6-րդ զանգվածի 25 շենքի հարեւանությամբ գտնվող նախկին հացի փռի երկհարկանի շենքում: Այդ շինությունը պատկանում էր նախկինում դաշնակցական-գործարարի համբավ ունեցող Աշոտ Աբրահամյանին, որը 1996թ. ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Ի դեպ, այդ դատավարությունը լուսաբանած լրագրողիս հայտնի դարձավ, որ 90-ականներին «ազնիվ աշխատավարձով» ապրած մտավորականներն իրենց տասնյակ հազարավոր դոլարներն ի պահ էին տվել Աշոտ Աբրահամյանի բանկում եւ այդ գործով «տուժել» էին: Տեղեկացնեմ, որ Աշոտ Աբրահամյանը վերջերս դուրս է եկել բանտից՝ առողջության լիակատար խանգարումով: Պատիժն ամբողջությամբ կրած, որեւէ խնդրագիր չգրած Աբրահամյանի գործով ակնհայտ էր, որ նա քաղաքական հաշվեհարդարի զոհ էր ընդամենը: Սակայն դա առանձին խոսակցության թեմա է:
Դ. Մկրտչյանի ընտանիքին, որն աշխատում էր հացի փռում, դատարանի որոշմամբ ի պահ է հանձնվում շենքն ու ողջ գույքը: 2000թ. Դ. Մկրտչյանը տեղեկանում է, որ ԴԱՀԿ հարկադիր ծառայությունը շենքը 6 մլն դրամով աճուրդ-վաճառքի է դրել:
Աճուրդը տեղի է ունենում մի քանի անգամ, 10 տոկոսով գին է «քցվում», մինչեւ 2003-ին հաղթող է ճանաչվում հայտնի ազգագրագետ, կառավարության մաս կազմած Հրանուշ Խառատյանը: Նա այդ տարածքը գնում է 1.422.608 դրամով:
Հ. Խառատյանը հետագայում տարածքը «վաճառում» է իր եղբորը: Վերջինս ապամոնտաժում է տանիքը, երկրորդ հարկը, ուր այս պահին ձնհալից տուժում է Դ. Մկրտչյանի ընտանիքը: Վերջինիս բողոքների հիման վրա քրեական գործ է հարուցվում ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի դեմ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անձանց ու պետության շահերին էական վնաս պատճառելու առթիվ: Դ. Մկրտչյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ քննությունը հետագայում շարունակել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Արմեն Նադիրյանը, որն էլ անցյալ տարվա դեկտեմբերին կարճում է այս աղմկահարույց գործը: Դ. Մկրտչյանը դատի է տալիս հատուկ քննչականի քննիչ Ա. Նադիրյանին, պատճառաբանելով, որ օբյեկտիվ քննություն չի կատարվել, որ հարկադիր կատարողն աճուրդի անցկացման ժամանակ իսկ թույլ է տվել գույքի գնահատման խախտումներ: Երկհարկանի շենքն աճուրդի է հանվել 1995թ. դրությամբ գնահատված գնով, իսկ գույքի նկարագրում 336.4 քմ-ի փոխարեն նշվել է 144 քմ: Ըստ Դ. Մկրտչյանի, խախտվել է հրապարակային աճուրդի անցկացման կարգը, ինչը հատուկ քննչական ծառայությունը չի տեսել:
Դ. Մկրտչյանը վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: