Գյումրիի երեկվա ավագանու նիստը ոչ այլ ինչ էր, քան «ռազբորկա» «Առավոտ» օրաթերթի հետ
Գյումրիի քաղաքապետը՝
ընդդեմ լրագրողների:
Երեկ Գյումրիի նորընտիր ավագանին ծափահարություններով, քաղաքապետին ուղղված գովեստի խոսքերով հաստատեց քաղաքի բյուջեն: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքերով, անցած տարվա համեմատությամբ, բյուջեն ավելացել է 485 միլիոն րամով՝ դառնալով 3 միլիարդ 626 միլիոն դրամ: «Եթե յուրաքանչյուր տան տղամարդ կարողանա իր հոր թողածի վրա նմանատիպ աճ ցույց տա, արժե ճակատը համբուրել, ինչպես հորս տունը սարքեցի, էնպես էլ քաղաքային բյուջեն, այսինքն՝ էնպես չենք արել, որ կեսը ցույց տանք, կեսը ուտենք, եթե շատ տեղերի հետ համեմատական եք ուզում մեզ հետ անցկացնել, եթե գնաք-խորանաք էնտեղ, կտեսնեք, որ էդ մարդիկ դիտավորյալ նմանատիպ թվերը կիսատ-կիսով են անում, որ հետները պայմանավորվեն, մնացածը վերցնեն: Եվ նմանատիպ ցուցանիշ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքում չկա»,- իր հասցեին ինքնագովեստի խոսքեր չխնայեց քաղաքապետը:
«Իհարկե, շատ ծակ պրոֆեսորներ, ժողովրդին սուտ բարեկամ ձեւացողներ հեռուստատեսությամբ մեզ քննադատում են, որ Երեւանում նմանատիպ բաներ չկան (նկատի ուներ խմիչքի ու ալկոհոլի տուրքերի թանկացումը,- Ն. Ա.) եւ միայն Գյումրիի քաղաքապետարանում են, ես զարմանում եմ, որ սուտ են խոսում: Եթե էսօր փողոցում կանգնած բաց առեւտրով զբաղվող մարդը կանաչի է վաճառում, 2 տեղ է վերցրել, դրա համար տալիս է 600 դրամ, ուղղակի մի համեմատական եմ ուզում, ինքը տարեկան մուծում է 214 հազար դրամ, եթե կանաչի ծախողը էդքան է մուծում, մեր խանութները կանաչի վաճառողի չափ չկա՞ն: Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչն է պատճառը, ու էդպես բղավում են, ինչ որ աշխարհը փլվել է, բան: Մեկ րոպե գովազդի համար լրատվական կառույցները ինչքա՞ն են վերցնում, տարվա կտրվածքով 2 կանաչի վաճառողի չափ գումար ենք պահանջում, որ քաղաք կառուցենք, էնպիսի աղմուկ են բարձրացրել, մենք էլ գիտենք, թե էս մարդիկ իրական էս ժողովրդի համար են անում»:
Անցնելով «լրատվական կառույցներին», նա վերջիններիս մասին խոսելիս հիստերիայի մեջ ընկավ, այնպիսի բնութագրեր տալով, որ նստածները չկարողացան զսպել իրենց ծիծաղը: «Էսօր լրատվական կառույցներ կան, թերթեր կան, որ պատկերացրեք, սրանցից-նրանցից փողեր են առնում, վրեքս ինչ ասես գրում են, հիմա որ նայեք դրանց տները, ունեցվածքը՝ ինձանով միլիոններ են հավաքում, բայց վրեքը հեչ հայրենասիրություն չկա, ես էս մոտ օրերս դրանց շապիկը պետք է պատռեմ ու ասեմ, թե դրանք ովքեր են, եթե նայեք դրանց, թե ինչ են գրում մեր վրա անամոթաբար, կրկնում եմ՝ անամոթաբար, ի՞նչն է պատճառը, ասում են՝ ամեն ամիս հազար դոլար փող պետք է տաք, որ ձեր վրա չգրենք, դե մեզ էնքան փող են տալիս, որ մենք պետք է գրենք: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ խայտառակության մասին է խոսքը, հո ես չեմ գողանում, որ բերեմ ձեզի տամ, ինչ ուզում եք գրեք, վերջում պիտի պատասխան տաք, այսինքն՝ ժողովուրդը լավ ճանաչում է, ով ինչ է, հլը մտեք- տեսեք էդ ի՞նչ են ասում, հա էդ կայքերը տեսեք, դրանց տերերը ովքեր են, թե ինչ խայտառակ մարդիկ են, ինչ անուններ են դրանց վրա դրած, եւ էսօր դրանք ժողովրդի անունից են խոսում. գիտեք էսօր էստեղ էլ նստած կան մի քանի հոգի, պիտի գնան ու նորից գրեն, բայց ես կյանքս դրեցի էս քաղաքի համար, կյանք տվեցի, չէ, բա էդ հայրենասիրությունը որտե՞ղ է, ոնց ելա ես ձեզ համար կյանք տվեցի, աթոռս չծախվա, չդավաճանեցի, ամոթ է, վերեւն Աստված կա, էդ ձեւի չեն հարստանում: Սատանա են, իսկական Հուդա, նստած նայում են, թե ով ում հետ պիտի կռվի, իրար զարկեն, որ ուրախանան: Միայն գրանտ շահելու, երեւանյան ղեկավարներին հաճոյանալու համար աշխարհի տակ էլ բան չի մնում՝ լցնում են մեր վրա, ավագանի, հա, ավագանի, լեզվից էլ ճարտար են որոշ մարդիկ, հա գրում են, խայտառակ վիճակ է, ո՞նց եք դուք ցեխ շպրտում, ի՞նչ ծնունդ եք դուք, հետո էլ ասում են մարդիկ մտնում են անձնական, քաղաքական խնդիրների մեջ, էնքան են անում՝ մարդուն շարքից հանում են, նայում ես՝ իրանից բան էլ չեն ներկայացնում, ելնում սարին կտրում են, տո դու ով ես, որ սարին կտրես, դու քո յուբկի ու շալվարի համար էս քաղաքն ես վատաբանում, վայ ես ձեր, վայ Հուդա, տո շաբաթ չկա, որ մեզ չանդրադառնան, լավ, էլ չեմ խոսի, բանի տեղ չեմ դնում, քցում եմ պատերի տակ»,- նստածներին այսպիսի բոցաշունչ ելույթներով զվարճացրեց քաղաքապետը:
Անդրադառնալով մեր թերթին, ասաց. «Մտեք սայթ, տեսեք ինչեր են գրել «Առավոտ» օրաթերթի համար, մտեք կարդացեք ու ամոթ է՝ թերթը փակեք»: