Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ տալն է մի բան, ոչ էլ՝ չտալը»

Փետրվար 11,2009 00:00

Չնայած անվտանգության ազդանշանային սարքերը եւ դրանց տեղադրումը անվճար է, «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները բնակիչներից գումար են պահանջում:

Հանրապետությունում գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցող բազմաթիվ վթարներից ու մահվան դեպքերից հետո, «ՀայՌուսգազարդը» որոշեց մինչեւ 2011 թվականը բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքեր տեղադրել:

Այս օրերին ընկերության աշխատակիցները շենք առ շենք ընկած՝ բնակարաններում տեղադրում են այդ սարքերը: Նշենք, որ սարքերը եւ դրանց տեղադրումն անվճար են, ինչի մասին հեռուստատեսությամբ բազմիցս հայտարարվել է: Բայց, ինչպես հայերս ասում ենք՝ «լեւի» փող աշխատելը երբեք չի խանգարի, եւ այս դեպքում էլ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները թերեւս առաջնորդվում են այս մտածելակերպով:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի 88 շենքում անվտանգության ազդանշանային սարքեր տեղադրելու համար «ՀայՌուսգազարդի» 2 աշխատակից անխտիր բոլոր բնակիչներից 2000-ական դրամ են պահանջում: Վերոնշյալ հասցեի բնակիչներից մեկի պատմելով՝ ընկերության 2 աշխատակից, ազդանշանային սարքը տեղադրելուց հետո, 2000 դրամ են պահանջել, պատճառաբանելով, որ այդ մուծումը իրենց կատարած աշխատանքի համար է: «Ես, ճիշտ է, տեղյակ չէի, որ դա անվճար է, բայց այդքան գումար չունեի, որ իրենց տայի: Ասացի՝ փող չունեմ, էլ չշարունակեցին: Բայց հիմա վախենում եմ, որ աշխատանքը լավ արած չլինեն»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Անդրանիկի 88 շենքի բնակիչներից մեկը: Նույն հասցեի մեկ այլ բնակչի պատմելով էլ՝ ճիշտ է, տեղյակ էր, որ սարքի տեղադրումն անվճար է, բայց «երբ ընկերության աշխատակիցները փող ուզեցին, ամաչեցի ու ստիպված տվեցի: Մի քիչ սակարկեցի, ասացի՝ 1000-ից ավելի չեմ կարող տալ, տղաները համաձայնեցին: Դե, ջահել տղաներ են, առավոտից երեկո աշխատում են. ոչ տալն է մի բան, ոչ էլ՝ չտալը»: Մեկ այլ բնակչի խոսքերով էլ. «Եթե իրենք իրենց աշխատանքի դիմաց լավ վարձատրվում են, էլ ինչո՞ւ պետք է մենք ավելի գումար տանք: Եթե աշխատավարձը քիչ է, թող իրենց շեֆերը մտածեն այդ մասին»: Մեզ հետ զրույցում բնակիչները նշեցին նաեւ, որ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները բոլորից էլ գումար են պահանջել, սակայն ոչ բոլորն են տվել. մեկը գումարի փոխարեն սուրճ է հյուրասիրել, մյուսը՝ սիգարետ, երրորդն էլ 2000 դրամի փոխարեն 500 է տվել:

Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդ» ընկերությունից «Առավոտին» հավաստիացրին, որ ե՛ւ անվտանգության ազդանշանային սարքերը, ե՛ւ դրանց տեղադրումը բացառապես անվճար են, իսկ նրանք, ովքեր բնակիչներից գումար կգանձեն՝ խիստ կպատժվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել