Մինչդեռ անասնաբույժները պնդում են, որ բրուցելոզը մսի եւ կաթնամթերքի միջոցով՝ հիվանդ կենդանուց մարդուն փոխանցվող անբուժելի հիվանդություն է:
Շուկայում կարող է վաճառվել նաեւ բրուցելոզով
վարակված անասունի միս:
Սյունիքի մարզի մի քանի գյուղերում տարածված բրուցելոզ հիվանդության պատճառով արդեն հարյուրավոր խոշոր եղջերավոր անասուններ են ոչնչացվել: Համաճարակը սրվել է հատկապես մարզի Ծղուկ գյուղում: Այս մասին «Առավոտն» արդեն գրել է (07.02.09): Համաճարակի եւ գյուղացիների կրած վնասների վերաբերյալ «Առավոտի» հարցին՝ Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանն ասել էր. «Մեկ անասունի հաշվով գյուղացին կտուժի 50-60 հազար դրամի չափով, քանի որ մորթված անասունի վաճառքն այնքան գումար չի կազմի, որ կարողանան այլ անասուն գնել»: Հարցին գրեթե նույն կերպ էր պատասխանել նաեւ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը: Նրա խոսքերով. «Մենք վնասի հարցերով չենք զբաղվում: Բայց ասեմ, որ կան մարդիկ, ովքեր հիվանդ անասունը մորթում են ու վաճառում: Հետեւաբար, նրանց կրած վնասը կլինի մոտավորապես 30-40 հազար դրամի չափ»:
Մինչ գյուղապետն ու ոլորտի պատասխանատուն հանգիստ խղճով հայտարարում են, որ գյուղացիները հիվանդ անասունին մորթում են ու միսը իրացնում, «Առավոտն» անկախ անասնաբույժից հետաքրքրվեց, թե արդյո՞ք բրուցելոզով հիվանդ անասունի միսը վտանգավոր չէ մարդու առողջության համար:
Անասնաբույժ Հովիկ Չիթիրյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ բրուցելոզ հիվանդությունը խոշոր եղջերավոր անասուններից կարող է հեշտությամբ փոխանցվել մարդուն: Անասնաբույժի ներկայացմամբ. «Այդ հիվանդությունը վտանգավոր է այնքանով, որ մարդիկ տառապում են բրուցելոզ հիվանդության խրոնիկ տիպով: Բրուցելոզով վարակվելու ժամանակ հղի կինը կարող է վիժել, տղամարդկանց մոտ առաջանում են ամորձիների բորբոքում, սուր հոդացավեր: Նշեմ նաեւ, որ հիվանդությունը չի բուժվում եւ ամբողջ կյանքի ընթացքում անհանգստացնում է հիվանդին»: Պարոն Չիթիրյանի հավաստմամբ, բրուցելոզը կենդանուց մարդուն փոխանցվում է մի քանի եղանակով. «Հիվանդությունը մարդուն անցնում է կենդանիների հետ շփումից: Մեկ այլ վարակման ուղի կարող է լինել հիվանդ կենդանուց ստացված սննդամթերքի օգտագործումը»: Ըստ Հ. Չիթիրյանի, եթե կաթնամթերքը չի ստերիլիզացվել կամ եռացվել, այդ դեպքում այն վտանգ է ներկայացնում, քանի որ հիվանդության բացիլները նրա մեջ պահպանվում են: Անասնաբույժի խոսքերով. «Մարդն ավելի շատ հնարավոր է վարակվի պանրի միջոցով, քանի որ պանիրներ պատրաստելիս կաթը հիմնականում չի եռացվում: Այդ պատճառով էլ կաթի մեջ եղած բացիլները չեն վերանում եւ կարող են անցնել մարդուն, մանավանդ, եթե այդ պանիրը պատրաստված է ոչխարի կաթից»: Հ Չիթիրյանի հավաստմամբ, մարդը բրուցելոզով կարող է վարակվել ոչ միայն կաթնամթերքի, այլ նաեւ կենդանու մսի միջոցով. «Ինչ վերաբերում է մսեղենին, ապա մարդն այս դեպքում եւս կարող է վարակվել: Երբ, ասենք, հում մսի հետ շփվելիս ձեռքերի վրա ունենում են վերքեր կամ կենդանու մսին դիպչելուց հետո, առանց լվացվելու՝ այդ ձեռքերով ուտելիք են բերանը տանում, այս դեպքում մանրէներն անցնում են մարդու օրգանիզմ: Հիվանդ կենդանու միսը պետք է ջերմային մշակում անցնի, լավ եփվի, որպեսզի վտանգավոր չլինի»:
«Առավոտը» փորձեց նաեւ ՀՀ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունից պարզել, թե ի՞նչ կերպ է վերահսկողություն իրականացվում, որ հիվանդ կենդանու միսը շուկա դուրս չգա: Ի տարբերություն անասնաբույժ Հովիկ Չիթիրյանի, տեսչության պետ Գրիշա Բաղիյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բրուցելոզով հիվանդ անասունի միսը մարդու համար վնասակար չէ, քանի որ այն արնաքամ վիճակում է վաճառվում. «Հիվանդ անասունների միսը վտանգ չի ներկայացնում մարդու համար: Մսի մեջ վարակ, մանրէ չկա, վարակը արյան մեջ է լինում, իսկ միսը արնաքամ է լինում ու ախտահանվում է: Խոշոր եղջերավոր անասունների բրուցելոզը մարդու համար վարակիչ չէ, հազվադեպ կարող է լինել, որ մարդը մսից վարակվի, մինչեւ հիմա Հայաստանում այդպիսի դեպք չի գրանցվել: Իսկ մանր եղջերավոր հիվանդ անասունների միսն օգտագործելուց առաջ պարտադիր պետք է ջերմամշակման ենթարկել: Նույնը վերաբերում է նաեւ կաթին, այն պետք եռացնել՝ նոր միայն օգտագործել»:
Չի բացառվում, որ այսօր մայրաքաղաքի շուկաներում վաճառվում է նաեւ բրուցելոզով հիվանդ անասունի միս, քանի որ, ըստ հանրապետության գլխավոր անասնաբույժի, այդ միսը մարդու առողջության համար վտանգավոր չէ: Բացի այդ, համաճարակի վայրում, այսինքն՝ Սյունիքի մարզում, հիվանդ անասունի մսի վաճառքը չի արգելվել: