Ըստ Արման Մելիքյանի՝ Քաղաքացիության մասին ԼՂՀ օրենքը «վերացական օրենք է վերացական պետության վերացական քաղաքացիների մասին»:
Քաղաքացիության մասին օրինագիծը, որն այս օրերին շրջանառվում է ԼՂՀ խորհրդարանում, հավելյալ ապացույց է, որ հայկական կողմը ԼՂՀ հարցի վերաբերյալ քաղաքականություն չունի: Իսկ բուն օրինագիծը ՀՀ համանման օրենքի կրկնօրինակն է: Այս կարծիքին է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Օրենսդիրները հավանաբար շփոթել են Ղարաբաղի եւ Հայաստանի պայմանները եւ այդպիսի օրենքի ընդունման նպատակները՝ Հայաստանի եւ Ղարաբաղի համար»,- հեգնում է մեր զրուցակիցը, ով գտնում է, որ քաղաքացիության մասին օրենսդրության միջոցով եւ համապատասխան քաղաքականություն ունենալու պայմաններում հնարավոր կլիներ լուծել ԼՂՀ-ի համար մի շարք կարեւոր, անգամ միջազգային հնչեղություն ունեցող հարցեր: Մասնավորաբար՝ «Նախ, կտրուկ կերպով ավելացնել ԼՂՀ իրական քաղաքացիների քանակը՝ ի հաշիվ ադրբեջանահայության, ովքեր ժամանակին վտարվեցին Ադրբեջանից եւ դարձան փախստականներ»: Իսկ նրանց քանակն այսօր առնվազն կես միլիոնի է հասնում: «Ես վստահ եմ, որ Ղարաբաղին այդ քաղաքացիներն անհրաժեշտ են, որովհետեւ սփռված լինելով աշխարհով մեկ՝ նրանք կարող են նաեւ լուրջ հենք հանդիսանալ թե՛ տնտեսական, թե՛ ինտելեկտուալ տեսանկյունից»,- գտնում է մեր զրուցակիցը: Ինչպես նաեւ՝ «Կա հարցի միջազգային ասպեկտը. եթե 500 հազար մարդ պատրաստակամ է դառնալ Ղարաբաղի քաղաքացի, դա վկայում է Ղարաբաղի, որպես պետության, կայացվածության մասին եւ շատ որոշակի վերաբերմունք կձեւավորի Ղարաբաղի հանդեպ՝ միջազգային կազմակերպությունների ու առանձին պետությունների մոտ: Ղարաբաղի գործոնի ծանրակշիռ լինելը այդպիսով կընդգծվի»: Քանի որ օրինագծի շրջանառվող տարբերակում վերոնշյալ դրույթներից եւ որեւէ մեկը չի ներառվել, մեր զրուցակիցն այն անվանում է «վերացական օրենք վերացական քաղաքացիների մասին, որն ընդունվում է վերացական պետության համար»:
Արման Մելիքյանը կարծում է, որ ԼՂՀ խորհրդարանը շատ ավելի լուրջ վերաբերմունք պետք է դրսեւորի այս կարգի փաստաթղթերի հանդեպ, քանի որ դրանք «մեծապես կարող են ներազդել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա եւ ուժեղացնել հայկական կողմերի փաստարկները բանակցային գործընթացում: Այս կերպ կարելի է նաեւ շատ հստակ ձեւակերպում տալ Ադրբեջանի գործողություններին՝ մինչեւ իրական պատերազմական գործողությունները: Դրանք լայն մասշտաբ ստացան 1992-ին, մինչդեռ հայ փախստականները սկսեցին արտաքսվել Ադրբեջանից 1988-ից ի վեր, իսկ 88-ի փետրվարին տեղի ունեցան սումգայիթյան դեպքերը, որոնք շարունակություն գտան այլ քաղաքներում: Այս միջոցով եւս կարող են հիմնավորապես հերքվել ադրբեջանական պատմությունները՝ հայկական ագրեսիայի մասին: Նաեւ իբրեւ ԼՂԻՄ իրավահաջորդ, Ղարաբաղի պետականությունը պարտավոր է իր վերաբերմունքն արտահայտել եւ գործնական քայլեր կատարել ադրբեջանահայության՝ ԼՂՀ քաղաքացի դառնալու ուղղությամբ, բարձրաձայնել ադրբեջանահայությանը հասցված նյութական ու բարոյական վնասների փոխհատուցման խնդիրը»: Արման Մելիքյանը կասկած չունի, որ վերոնշյալ գործոնների օգտագործմամբ մենք ավելի շուտ կկարողանանք հասնել ԼՂՀ խնդրի հայանպաստ լուծմանը, եւ մեր մոտեցումներն ավելի հասկանալի կդառնան միջազգային հանրության համար, որն այսօր, ըստ էության, հանդես է գալիս ադրբեջանական դիրքերից եւ պահանջում է, որպեսզի ադրբեջանցի ներքին տեղաշարժված անձինք եւ փախստականները վերադառնան իրենց նախկին բնակության վայրերը: Այնինչ, հայ փախստականների մասին ոչ ոք չի խոսում եւ, մեր զրուցակցի համոզմամբ, չեն էլ խոսի, եթե այդ մասին չխոսեն հայկական պետական գործիչները՝ թե Հայաստանում, թե Արցախում:
Ընդհանրապես, նրա տպավորությամբ, իշխանական ճամբարում հարցի վերաբերյալ միշտ էլ թերըմբռնում է եղել, եւ հայ փախստականների խնդիրը մոռացության է մատնվել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների խնդիրը մոռացության մատնելու պայմանով: Բայց՝ «Այդ հարցերն իրենց էությամբ շատ տարբեր են, քանի որ ադրբեջանցիների նկատմամբ բռնությունները Հայաստանում շատ ավելի ուշ սկսվեցին, երբ Ադրբեջանից Հայաստան հասած փախստականներն էին պատրաստ բռնության գնալ՝ բնակարանների հարց լուծելու համար: Փախստական հայերը ստիպված էին իրենց համար ոչ նպաստավոր պայմաններով փոխանակել իրենց Բաքվի բնակարանները Հայաստանի ադրբեջանաբնակ գյուղերի կացարանների հետ: Եվ փոխանակումը համարժեք չէր, եւ այստեղից հեռացող ադրբեջանցիները փախստական չէին: Ու վերջին հաշվով, 500 հազար հայ փախստականների ճակատագիրը փոխարինել 160 հազար ադրբեջանցիների հետ՝ հավասարեցնելով դրանք, անհեռատեսություն է: Իսկ ազատագրված տարածքներից հեռացած ադրբեջանցիների հարցն այլ մասնավոր խնդիր է եւ այլ լուծումներ է պահանջում: Կարելի է մարդու հիմնարար իրավունքներից բխող միջազգային փաստաթղթերի համաձայն լուծումներ տալ»,- ասում է մեր զրուցակիցը: Ամեն դեպքում՝ «դեռ ուշ չէ հայ փախստականների հարցը դարձնել բանակցային հարց Մինսկի խմբի շրջանակներում: ԼՂՀ խնդրի լուծումն իրականում այստեղ է»,- համոզված է ԼՂՀ նախկին արտգործնախարարը: