Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՄԱՑՆՈՒՄ ԵՆ՝ ԽՍՏԱՑՆԵԼՈՎ

Փետրվար 11,2009 00:00

Երեկ տեղի ունեցավ ՀՀ Քրօրի 300 եւ 225 հոդվածների փոփոխություններով զբաղվող խորհրդարանական աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված Արծվիկ Մինասյանը «Առավոտ»-ին ասաց. «225 հոդվածի մասով մեր տեսակետն է, որ հոդվածը թեթեւացվի, տրվի զանգվածային անկարգություններ հասկացությունը, պատասխանատվություն սահմանվի դրանց կազմակերպման համար՝ այն դեպքում, երբ այդպիսի անկարգությունները ուղեկցվել են բռնություններով եւ ջարդերով: Երկրորդ՝ զանգվածային անկարգությունների ժամանակ հնչող կոչերի համար, իսկ սպանությունները ընդհանրապես դուրս գան այս հոդվածից, իսկ մասնակիցների մասով այստեղ երկու մոտեցում կա: Առաջին, որ սահմանվի այն անձանց համար պատասխանատվություն, ովքեր անմիջականորեն հրկիզումներ եւ ջարդեր են արել, կամ՝ այդ գործողությունների համար սահմանված սանկցիաները տեղափոխվեն Քր.օր.-ի այլ հոդվածներ: Օրինակ, եթե գողությունը կատարվել է զանգվածային անկարգության ժամանակ, ապա սահմանվի պատասխանատվության ավելի բարձր չափ, քան սովորական պայմաններում կատարվածի համար: Կամ՝ եթե կազմակերպված հանցագործ խումբ է աշխատում կամ զինված խումբ է ձեւավորվել զանգվածային անկարգությունների ժամանակ, ապա այդ կազմակերպման համար ամրագրել դրույթ, որով ավելի մեծ պատասխանատվություն կսահմանվի: Դրանով ոչ թե խստացնում, այլ հստակեցնում ենք դեպքերը, որոնք կարող են հասարակական կարգին, մարդկանց առողջությանն առավել մեծ վնաս հասցնել»: Օրենսգրքի 300 հոդվածի վերաբերյալ մարտի 1-ի հանձնաժողովն ունի հետեւյալ կարծիքը՝ հստակ բաժանել երկու մասի՝ սահմանազատելով իշխանությունը բռնությամբ պահելը եւ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը։ «Սա քննարկման փուլում է գտնվում»,- ասաց պարոն Մինասյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել