Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն՝ Committee to Protect Journalists (CPJ) երեկ հրապարակել է «Հարձակումներ մամուլի վրա-2008թ» ամենամյա հետազոտությունը, որի Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է. «Լրագրողների նկատմամբ ճնշումները, գրաքննությունն ու ինքնագրաքննությունը ԶԼՄ-ներում ավելի են ուժեղացել 2008թ. փետրվարին օրինախախտումներով անցած նախագահական ընտրություններից առաջ եւ հետո: Քվեարկությունից հետո երկրի ավտորիտար նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն, որ կասեցնի ցույցերը եւ թույլ չտա նորությունների անկախ լուսաբանում, ինչը նրան հնարավորություն ընձեռեց նախագահական իշխանությունը փոխանցել իր ընտրած փոխանորդին՝ վարչապետ Սերժ Սարգսյանին: Տարեսկզբին իշխանությունները փորձեցին ԶԼՄ-ներից ստանալ Սերժ Սարգսյանի թեկնածությունն աջակցող լուսաբանում: Փետրվարի 19-ի քվեարկությունից առաջ մի քանի շաբաթների ընթացքում՝ հետեւելով «Հ1»-ի օրինակին, հանրային եւ մասնավոր մամուլի մեծ մասը փառաբանել է Սարգսյանին եւ քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որն ընդդիմության առաջատար թեկնածուն էր եւ հետխորհրդային Հայաստանի առաջին նախագահը 1991-1998 թթ.-ին: Հայաստանի հանրային ռադիոն դադարեցրել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ գործող «Ազատություն» ռ/կ-ի հայկական լրատվական ծրագրերի վերահեռարձակումը: Միայն Երեւանի եւ մի քանի այլ քաղաքների բնակիչներին էր հասանելի տեղեկատվության այլընտրանքային այնպիսի միջոցը, ինչպիսին էր «Ա1+»-ի լուրերի գործակալության ինտերնետային կայքէջը»:
CPJ-ի զեկույցում նշված են այն հայ լրագրողների անունները, որոնք հարձակումների են ենթարկվել անցած տարվա ընթացքում: Մասնավորապես նշված է, որ «Առավոտ» եւ «ՉԻ» թերթերի թղթակից Գագիկ Շամշյանին եւ «Հայքի» թղթակից Արտակ Եղիազարյանին ոստիկանները ձերբակալել եւ մի քանի ժամ պահել են ոստիկանության բաժանմունքներում: Նաեւ հիշատակված է, որ արտակարգ դրության պայմաններում «Ռադիո Երեւան»-ը, «Ռադիո Հայ»-ը եւ «Արձագանք»-ը դադարեցրել են «Ազատություն» ռ/կ-ի ծրագրերի հեռարձակումը. «CNN-ի եւ Euronews-ի ծրագրերը վերահեռարձակող «Արմնյուզ» մասնավոր հեռուստակայանը ՀՀ-ում կատարվողի վերաբերող նյութերի ընթացքում գովազդ է ցուցադրել: Տպարաններում նստում էին ԱԱԾ աշխատակիցները, որոնք իրականացնում էին թերթերի գրաքննություն, իսկ ինտերնետ-պրովայդերներին իշխանությունները հրահանգել էին արգելափակել «Ա1+»-ի, «Ազատության», «Առավոտի», «ՀԺ»-ի եւ YouTube-ի կայքերը»:
Նաեւ նշված է. «Տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը օրենքների կատարմանը հետեւում էր սեփական հայեցողությամբ՝ պատժելով այն լրագրողներին, որոնք քննադատում էին իշխանությանը, եւ գործ չհարուցելով մամուլի վրա հարձակումների կապակցությամբ»: Հիշատակված են «ՀԺ»-ի թղթակից Լուսինե Բարսեղյանի, «Հետքի» ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակումները՝ նշելով. «Տեղեկություններ չկան, որ այս հարձակումների կապակցությամբ ձերբակալություններ են եղել»: