Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ԱՅԴ ՇԵՇՏԱԴՐՄԱՄԲ ԽՈՍԵԼ»

Փետրվար 11,2009 00:00

\"\"Գնահատելով հանրապետության նախագահի կոշտ պատասխանը՝ ուղղված Ադրբեջանի ԱԳ նախարարին, ասաց ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:

– ՀՀ նախագահը Մյունխենում կոշտ հակահարված տվեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ հայտարարեց, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Ղարաբաղի ժողովրդի հանդեպ: Դուք՝ որպես գեներալ եւ պատերազմի մասնակից, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի այս կոշտությունը:

– Վաղուց էր պետք նման շեշտադրմամբ հանդես գալ: Արդեն քանի տարի է՝ Ադրբեջանը միջազգային հանրությանն ահաբեկում է եւ ռազմական գործողությունները վերսկսելու իր անընդհատ կոչերը դնում է սեղանին: Ցավում եմ՝ երբեք համարժեք հակադրություն չի եղել: Իհարկե, մենք միշտ շեշտել ենք, որ ուզում ենք Ղարաբաղի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, իսկ ագրեսիայի դեպքում հակառակորդը արժանի հակահարված կստանա: Սակայն դա միշտ հնչել է ենթատեքստով, երբեք այդ արտահայտությունն առաջնային պլան չի մղվել, եւ խաղաղ կարգավորման բանակցություններն այդ հորիզոնականից չեն սկսվել: Ուրախ եմ, որ հանրապետության նախագահը այդպիսի արտահայտություններ է արել՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարի: Ադրբեջանը պետք է գիտակցի՝ ագրեսիայով եւ կոչերով չեն կարող ապացուցել, որ պատրաստ են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ավելին, երբ նա նկատում է, որ ՀՀ իշխանությունները չափից շատ են շեշտադրում, թե խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի իշխանությունները կարծում են, թե իրենց առաքելությունն այն է, որ օր օրի Հայաստանը մղեն այնպիսի վիճակի, որ այլընտրանք չունենա, եւ խաղաղ կարգավորումը տեսնի միայն Ադրբեջանի թելադրած պայմանների շրջանակներում: Այս առումով նախագահի կոշտ հակահարվածը մի քիչ ուշացած է:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– 1994-ին միջազգային հանրությունն ընդունեց, որ Ադրբեջանն իրականացրել է ագրեսիա ԼՂ-ում, եւ ԼՂ-ի ժողովուրդը, կազմակերպվելով, կարողացել է Ադրբեջանին պարտադրել զինադադար: Իհարկե, այդ պարտադրանքն ուղեկցվել է եւ տարածքների ազատագրմամբ, եւ խաղաղ բնակչության կորուստներով, բայց մի պայմանով՝ Ադրբեջանի զինված ուժերը ջախջախվել են, այլապես այդ խաղաղությունը կամ այդ զինադադարը չէր լինի: Այսօր իրավիճակն այլ է, մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նույն միջազգային հանրությունը տատանվում է՝ Հայաստա՞նն է իրականացրել ագրեսիա Ադրբեջանի հանդեպ, թե՞ Լեռնային Ղարաբաղը: Կարծում եմ, մեր դիվանագետները հանրապետության նախագահի այս կոշտ խոսքը հիմք ընդունելով՝ իրենց հետագա բանակցությունները պետք է իրականացնեն հենց այդ սկզբունքների հիման վրա:

– ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը երեկ Հայաստանում հայտարարեց, որ այս պահին ոսկե հնարավորություն կա լուծելու ԼՂ հարցը: Որպես պատերազմի մասնակից, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ՝ Դուք համաձա՞յն եք, որ «ոսկե» հնարավորություն կա:

– Ես նման «ոսկե» հնարավորություն չեմ տեսնում, որովհետեւ մի բան կա, որն ակնհայտ է, ու տեսնում ենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Ադրբեջանում, եւ սա տեսնում է նաեւ միջազգային հանրությունը: Այն է, որ տարածաշրջանը դեռ պատրաստ չէ Ղարաբաղի խնդրի լուծմանը, հասարակությունները պատրաստ չեն, իշխանությունները պատրաստ չեն, դեռ բավարար աշխատանք չեն կատարել, որպեսզի հասարակությունները պատրաստ լինեն խնդրի խաղաղ կարգավորմանը: Ավելին, ԼՂՀ ժողովուրդը, բացի ՀՀ, Արցախի եւ ռուսական հեռուստաընկերություններից, կարողանում է դիտել նաեւ մի քանի ադրբեջանական հեռուստատեսությունների հաղորդումները, եւ տեսնում է, թե ինչպիսի քարոզչություն են իրականացնում, ադրբեջանցի չինովնիկների հանդիպումներն Ադրբեջանի հասարակության հետ ինչպիսի՜ կոչերով են ուղեկցվում: Ինչպե՞ս կարող է դրանից հետո Ղարաբաղի խաղաղ բնակիչը հավատալ, որ Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է խաղաղ կարգավորման:

– Իսկ ի՞նչ պետք է անել, որ հասարակությունը պատրաստ լինի խնդրի կարգավորմանը, եւ ի՞նչն է պատճառը, որ պատրաստ չէ:

– Նախ, երկար տարիներ խնդրի կարգավորման բանակցություններն ընթացան առանց հասարակության իրական իրազեկման: Ոչ թե հասարակությանը տրվեց այնքան ինֆորմացիա, որքան նա կարող էր ընկալել, այլ ընդհանրապես ինֆորմացիա չտրվեց: Եթե ՀՀ իշխանությունները գոնե մեսիջներ են ուղարկում հայ ժողովրդին Ղարաբաղի խնդրի կարգավորման ձեւի, չափի վերաբերյալ, ապա Ադրբեջանում հայր եւ որդի Ալիեւները, ամեն անգամ բանակցություններից վերադառնալով, ասում են այն անգիր արած արտահայտությունները, որոնց հիմքը սա է՝ ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ եթե դա տեղի չունենա, ապա ռազմական գործողություններով կլուծենք հարցը. այդ արտահայտություններն ազդեցություն են թողնում իրենց ժողովրդի վրա;

– Իսկ մերոնք ի՞նչ արտահայտություններ պիտի անեն, որ ազդեցություն ունենա:

– Մեր ժողովուրդն առաջին անգամ հաղթանակ է տեսել, առաջին անգամ տարածքներ է ազատագրել: Մեր պատմաբաններին ինչքանո՞վ հաջողվեց վերականգնել այն, ինչ կոչվում է հիշողություն, եւ, ավելին, մեր իշխանությունները չկարողացան բարձունքի վրա պահել 1994-ի ձեռքբերումը, այն, որ մեզ պարտադրել են պատերազմ, իսկ մեզ հաջողվել է պարտադրել խաղաղություն: Սա, նաեւ՝ մեր ժողովրդի հետագա չմասնակցելը այդ գործընթացներին, բերեց նրան, որ ժողովուրդը արտաքինից թվում է անտարբեր ԼՂ խնդրի հանդեպ: Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ արյան գնով ձեռք բերածը դիվանագիտական դաշտում կորցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել