Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՏՐՈՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ

Փետրվար 10,2009 00:00

Երեւանի մետրոպոլիտենում փետրվարի 14-ից կներդրվի ուղեվարձի գանձման նոր ավտոմատ համակարգ: Այս մասին երեկ քաղաքապետարանի մամուլի ասուլիսում տեղեկացրեց մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը: Նրա տեղեկացմամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, հսկիչ ավտոմատ անցակետերն ամբողջությամբ փոխվել են «Երիտասարդական» կայարանում, մնացածում՝ առայժմ մի մասն է այդ համակարգով աշխատելու:

Հին անցակետերը կպահպանվեն մինչեւ մարտի 1-ը, հնարավորություն ստեղծելով, որպեսզի քաղաքացիներն օգտագործեն իրենց մոտ կուտակած հին ժետոնները, ապա կապամոնտաժվեն, կնորացվեն: Նոր համակարգը աշխատելու է եւ ժետոնով, եւ էլեկտրոնային քարտերով: Քարտերը նախատեսված են բազմամյա օգտագործման համար, որոնք հնարավոր է լիցքավորել բոլոր կայարաններում: Ըստ Փ. Յայլոյանի, քարտերի համար սահմանվելու է գնային ճկուն քաղաքականություն: Նոր համակարգի ներդրման վրա ծախսվել է 400 մլն դրամ: Տնօրենի հավաստմամբ, աշխատանքի ավտոմատացումը չի ենթադրում աշխատուժի կրճատում: Չի լինի նաեւ ուղեվարձի թանկացում, պարզապես նոր համակարգի ներդրմամբ կբացառվի մարդկային գործոնը, կվերանան չարաշահումները: Այնուհետեւ բրիֆինգը շարունակեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, որն անդրադարձավ քաղաքի բնապահպանական խնդիրներին: Նա գտնում է, որ Երեւան քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավման համար հարկավոր է «խարխուլ բնակելի ֆոնդով ձեւավորված թաղամասերի վերակառուցում եւ բնակիչների համար կենցաղային ժամանակակից պայմանների ապահովում»: Այս ծրագրի շրջանակներում, մասնավորապես, փետրվարի վերջին Կոնդի վերակառուցման նախագիծը կներկայացվի քաղաքաշինական խորհրդի քննարկմանը: Ս. Դանիելյանը գտնում է, որ քաղաքի էկոլոգիայի կարեւոր խնդիրներից է նաեւ Երեւանի կենտրոնի ֆունկցիոնալ բեռնաթափումը, որի համար նախատեսված է Երեւան մտնող բոլոր մայրուղիների վրա ստեղծել համաքաղաքային նշանակության կենտրոններ, որտեղ լինեն բնակելի, հասարակական եւ քաղաքական նշանակության կառույցներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել