Լույս է տեսել Արմեն Մերուժանյանի «Հայաստանը՝ հնագույն նկարներում, ավանդություններում եւ առասպելներում» ռուսերեն գրքի առաջին հատորը: Ըստ ժամանակագրական հաջորդականության, ներկայացվում են պատմական Հայաստանի մշակութային եւ հոգեւոր նշանակության կարեւոր իրադարձությունները, որոնք վերաբերում են ինչպես հեթանոսության, այնպես էլ քրիստոնեության շրջաններին: Մեկ շնչով կարդացվող շարադրանքի շնորհիվ ընթերցողը հաղորդակից է լինում պատմության քառուղիներում բարդ ճակատագրով «պարգեւատրված» Հայաստանին եւ նրա հոգեւոր ժառանգությանը, որը լիովին իրավունք է տալիս Հայաստանն անվանելու գեղեցիկ ավանդույթների ու բարձր արժեքների երկիր: Հեղինակը փաստում է, որ Հայաստանը հնարավոր չէ պարզապես դիտել ու գնահատել զուտ «արտաքինից», այն հարկ է դիտարկել իբրեւ ջինջ ու շողշողուն բազմանիստ բյուրեղ: Եվ, որ ամենակարեւորն է՝ Հայաստանը պետք է զգալ հոգով: «Հայաստան երկիրն ասես Յուպիտեր մոլորակը լինի՝ «չկազմավորված» Արեւ, որն ավելի շատ էներգիա է ճառագում, քան ստանում ուրիշներից… Նա համառորեն տանում է իր բեռը, սրբորեն հավատալով, որ աշխարհը մի օր ուշքի կգա խառնիճաղանջ անորոշությունից եւ կասի՝ ճանաչիր ճշմարտությունը»,- գրում է հեղինակը: Գիրքը ռուսալեզու ընթերցողին հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայկ ու Բելի, Արա Գեղեցիկի ու Շամիրամի, Տիգրանի եւ Աժդահակի պատմությանը, Արտաշես արքայի սիրո տառապանքներին, հայոց 12-րդ մայրաքաղաքին… Եվ սա դեռ բոլորը չէ, որովհետեւ գրքի մեկ հատորում հնարավոր չէ ամփոփել հայոց հարուստ պատմությունը…
Նշենք, որ թարգմանիչ, բանաստեղծ, էսսեների հեղինակ, հրատարակիչ, հայկական մշակույթի տարածող Ա. Մերուժանյանը ՀՀ գրողների, ժուռնալիստների եւ ՌԴ նկարիչների միության անդամ է: Ա. Մերուժանյանը 1994 թվականից ապրում է Սանկտ Պետերբուրգում եւ տեղի հայ համայնքի «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիրն է ու «Սանկտ Պետերբուրգի նկարիչ» թերթի հիմնադիրը: