ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ «առանց փողկապի»
Ընտանիքով ավելի հաճելի է հանգստանալը:
Գուրգեն Սարգսյանն իր տիկնոջ հետ՝ 24 տարի առաջ:
«Ախր, ջութակ հեչ չէի սիրում»
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի թիվ մեկ հոբին մինչեւ հիմա երաժշտությունն է, չնայած երեխա ժամանակ «զոռով» են ջութակի տարել: «70-ականներին մի տեսակ մոդա էր երեխաներին երաժշտական դպրոց, հատկապես՝ ջութակի տալը: Ինձ համար ծանր էր ջութակի գնալը, որովհետեւ դաշնամուր էի սիրում, իսկ դաշնամուրի դասատուն էլ, ցավոք, անպատասխանատու վերաբերմունք ուներ ջութակի գնացող դաշնակահարների հանդեպ: Բանը հասավ նրան, որ ծնողներս պահանջեցին գրություն գրել, թե իմ կամքով եմ հրաժարվում ջութակից ու դրա համար հետագայում ինձնից բացի ոչ ոքի չեմ մեղադրելու: Այդպես էլ արեցի: Մինչեւ հիմա այդ գրությունը պահպանվում է»,- հիշում է նախարարը, որ երիտասարդ տարիներին կիթառ է նվագել, նաեւ բասկիթառ՝ խորհրդային գործարաններից մեկի էստրադային խմբում: Երաժշտաշխարհում կուռքը «Բիթլզն» է, որի բոլոր երգերն անգիր գիտեր, բոլոր ձայնագրություններն ուներ: Որոշ բաներ ծանոթներն էին նվիրում, բայց հիմնականում ինքն էր ձեռք բերում «Հայրենիք» հանրախանութից. վաճառողները լավ գիտեին իր այդ թուլության մասին ու միշտ «տակից» վաճառելու բան ունենում էին: Պարոն Սարգսյանն ափսոսում է, որ վերջին երկու-երեք տարում հնարավորություն չի ունեցել գեղարվեստական գիրք կարդալու, մինչդեռ ժամանակին «կլանում» էր ձեռքն ընկածը, հատկապես՝ գիտաֆանտաստիկ գրականությունը. «Քաղաքում ինչքան գրադարաններ կային՝ բոլորից օգտվում էի, շատ էի տարված ընթերցանությամբ, անհամբեր սպասում էի նաեւ «Նաուկա ի ժիզն» ամսագրի ամեն համարին»:
Առաջին սիրահարությունից մինչեւ մեծ սեր
«Առաջին դասարանում եմ առաջին անգամ սիրահարվել: Հիշում եմ, թե ինչպես տղա-աղջիկ ձեռք-ձեռքի մտանք դպրոց: Ցավոք, նա ոչ թե կողքիս, այլ ուրիշ նստարանի նստեց: Նկարներ են պահպանվել, թե ինչպես ենք հոկտեմբերիկ ընդունվում: Ի դեպ, երեխա ժամանակ նշաններ էի հավաքում, հիմա էլ մի փոքր կոլեկցիա պահպանվել է»,- պատմում է նախարարը: Նրա խոսքով, իր կյանքի ամենաթանկ կինը սեփական կինն է՝ Սոնան, որին ճանաչում է շատ վաղուց՝ նույն շենքում են մեծացել, պատշգամբներն էլ իրար են նայել. «Մեր ծնողները շատ մտերիմ էին որպես հարեւաններ, բացի այդ՝ խնամիաբարեկամական հեռավոր կապ կար …Կնոջս երեխա ժամանակվանից եմ ճանաչում, բայց եկավ մի օր, որ սկսեցի նրան այլ կերպ վերաբերվել: Առաջին ժամադրությանս կոնկրետ օրը չեմ հիշում, կարծեմ հունիս ամիսն էր, դպրոցական քննություններ էին… 20 տարեկանում եմ ամուսնացել, հիմա տղաներս ինձնից բարձրահասակ են եւ շուտով բուհը կավարտեն: Իմ ճակատագրից գոհ եմ, երջանիկ եմ, որ ամեն ինչ հենց այսպես է եղել»:
Պատասխանելով «Առավոտի» հարցին, նախարարը նշեց, որ ինքը որպես հայր դեսպոտ չէ. «Միշտ երեխաներիս հնարավորություն եմ տվել ինքնուրույն կողմնորոշվել ամեն հարցում: Զավակներիցս գոհ եմ, իրենք ո՛չ ուսման, ո՛չ վարքի առումով խնդիրներ չեն առաջացրել: Նրանք եւ դպրոցում են լավ սովորել, եւ բուհում: Ես պոլիտեխնիկն եմ ավարտել, իրենք հումանիտար ուղղությամբ են գնացել՝ Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում են սովորում: Ավագ որդուս անունը Դավիթ է, կրտսեր տղայինս՝ Հայկ: Կնոջս հետ միշտ աղջկա անուն էինք որոշում, սակայն այդպես էլ աղջիկ չունեցանք: Երբ փոքրս պիտի ծնվեր, որոշել էինք աղջիկ լինելու դեպքում անունը Տաթեւիկ դնել: Երբ կնոջս հիվանդանոց էինք տանում, ասաց՝ չէ, տղա եմ ուզում: Այդպես էլ եղավ»:
Նախ խելքը, ապա գեղեցիկ ոտքերը
Պարզվում է, ի տարբերություն շատ տղամարդկանց, Գ. Սարգսյանը նախապատվությունը տալիս է խելացի կանանց. «Եթե կնոջ հետ ես շփվում, ուրեմն նա անպայման պիտի խելացի լինի: Հումոր կա. տղամարդուն հարցնում են՝ ի՞նչն եք գնահատում կանանց մեջ, տղամարդն ասում է՝ խելքը ու միանգամից նայում է կնոջ ոտքերին: Իմ կարծիքով, գեղեցիկ ոտքերը՝ առանց խելքի, բանի պետք չեն»: Նախարարը հաշվի է նստում իր կողմից հարգված բոլոր կանանց կարծիքների հետ եւ խորհուրդներ ընդունելիս սեռային խտրականություն չի դնում. «Կանանց կարծիքը ես միշտ հաշվի եմ առնում ցանկացած որոշում կայացնելիս, սովորաբար ընկերներիս հետ եմ խորհրդակցում, նաեւ իմ կնոջ հետ, որը նույնպես իմ ընկերն է: Ընդհանրապես, խորհուրդ վերցնելը վատ բան չէ, խորհուրդը մեծ խորհուրդ ունի»:
Կազինոն չի ձգում, ստրիպ ակումբին նորմալ է վերաբերվում
«Երեխա ժամանակվանից կինո շատ եմ սիրել, հաճախում էի՝ «Նաիրի», «Մոսկվա», «Հայրենիք» կինոթատրոններ: Ափսոսում եմ, որ ուսանողական շրջանիս ամենասիրելի վայրը՝ կինո «Նաիրին» հիմա «Մորգան» է դարձել: «Սեւան» կինոթատրոնը, որն էլ, ցավոք, սուպերմարկետի է վերածվել, չէի սիրում ժամանակին, բայց մի անգամ գնացել եմ. «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» ֆիլմ կար, այն ժամանակին պտտվեց բոլոր կինոթատրոններում ու չստացվեց, որ դիտեմ, ստիպված էի «Սեւանում» նայել: Խորհրդային ֆիլմադարանն անգիր գիտեի: Հիմա էլ, եթե լավ ֆիլմ է լինում՝ երեխաներս նայել են տալիս: Նախընտրում եմ նաեւ ընկերներիս հետ շփվել, որոնցից շատերը մոտ են երաժշտության ոլորտին, շոու-բիզնեսին, երգում-նվագում են: Հաճախ եմ լինում «Պապլավոկում», տարբեր ակումբներում՝ կնոջս, երեխաներիս, ընկերներիս հետ: Դահլիճային բնույթի համերգներ էլ ենք գնում, բայց ակումբայինն եմ նախընտրում: Կազինո երբեք չեմ գնացել, չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ: Չեմ ասի, թե ազարտ չունեմ՝ խաղում եմ կարտ, նարդի, բայց կազինոն մի տեսակ չի ձգում: Չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր սիրում են նման վայրեր գնալ: Մյուս կողմից էլ, գիտեմ դեպքեր, որ կազինոյամոլությունը մարդկանց ճակատագրերի վրա վատ ազդեցություն է ունեցել: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ստրիպ ակումբում եղել, հիշում եմ միայն, որ գնացել եմ, երբ ինչ-որ մեկին հրավիրած եմ եղել…Չեմ ընդունում, երբ մարդիկ խեղված վերաբերմունք են ունենում ստրիպտիզի նկատմամբ»,- նշում է նախարարը:
Լավ ու վատ սովորությունները
Գ. Սարգսյանն ասում է, որ ընդգծված վատ սովորություններ չունի, եթե լինեին՝ կինը կամ ընկերները հաստատ այդ մասին կարտահայտվեին: Երեխա ժամանակ ամենավատ սովորությունը եղունգներ կրծելն է եղել. «Մայրս մատներս մտցնում էր սեւ բիբարի մեջ, որ նման բան չանեմ»: Ասում է՝ զերծ է շատ հայ տղամարդկանց բնորոշ գծից՝ խանդոտությունից. «Կինս թանկ է ինձ համար, բայց նրան երբեք չեմ խանդել եւ ոչ թե այն պատճառով, որ առիթ չի եղել, ուղղակի, երբ մարդուն ճանաչում ես, հասկանում ես, որ դրա կարիքը չկա»: Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մի լավ սովորություն էլ ունի. «Տարբեր առիթներ եմ փնտրում, որ կնոջս նվերներ անեմ, օծանելիքն էլ ես եմ նրա համար ընտրում ու նվիրում: Ինքը հատուկ նախասիրություն չունի, ինչ հավանում եմ՝ նվիրում եմ»: Հաջորդ սովորությունը կամ հոբին քավոր «կանգնելն» է, որից վերջերս «ձերբազատվել» է. «Ասում են՝ քավոր կանգնելուց չպետք է հրաժարվել, բայց եղավ մի պահ, որ էլ չէի հասցնում, ստիպված սկսեցի մեկումեջ հրաժարվել …»: