Սա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արման Մուրադյանի նշանաբանն է:
Անցած տարեվերջին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց երիտասարդ գործարար Արման Մուրադյանը, որը սիրով համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին:
– Հայաստանում Ձեզ՝ որպես սպորտի հետ անմիջական առնչություն ունեցող անհատի, այնքան էլ լավ չեն ճանաչում…
– 1992 թվականին 15 տարեկան հասակում էքստեռն ավարտել եմ Մարտունու շրջանի Թազագյուղի միջնակարգ դպրոցը: Դրանից հետո ընտանիքով տեղափոխվել ենք Մոսկվա: Այնտեղ ավարտել եմ Ռուսաստանի կառավարությանն առընթեր Աբել Աղանբեկյանի անվան տնտեսագիտական ակադեմիան: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ:
– Ինչո՞ւ նախընտրեցիք ղեկավարել հատկապես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, այլ ոչ մեկ այլ մարզաձեւի:
– Բռնցքամարտն ինձ հոգեհարազատ է: Դեռ դպրոցական տարիներին զբաղվում էի ազատ ըմբշամարտով: Մոսկվայում, մինչեւ ակադեմիայում սովորելս, չորս տարի հաճախեցի բռնցքամարտի մարզումների եւ մարզաձեւը սիրեցի: Սակայն ընդունվելուց հետո նախապատվությունը տվեցի ուսմանը:
– Մարզական կարգ կամ կոչում ունե՞ք:
– Ոչ: Չեմպիոն չեմ դարձել ու անպայման մարզական կարգ ունենալու մասին չեմ մտածել: Չնայած, բավականին խորացել եմ բռնցքամարտի նրբություններում:
– 2008-ի վերջին ընտրվեցիք հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ: Անցած երկու ամիսներին, անշուշտ, հասցրել եք իրավիճակի մասին ընդհանուր պատկերացում կազմել: Ի՞նչ կասեք:
– Ապրելով Ռուսաստանում՝ մենք մի քանի անգամ փորձել ենք այդ երկրի ֆեդերացիայի կողմից Հայաստանի հետ համատեղ միջոցառումներ կազմակերպել: Բայց չի ստացվել: Անկեղծ ասած, մտածում էինք, թե այստեղ մարզաձեւում բարձիթողի վիճակ է: Հիմա համոզվել ենք, որ դա իրականում այդպես չէ: Այս երկու ամսում համոզվել եմ, որ մարզիչների մասնագիտական որակները բարձր են, ինչը շատ կարեւոր է: Հայերը, լինելով լեռնաշխարհի բնակիչներ, բնությունից օժտված են դիմացկունությամբ, պայքարելու եւ հաղթելու ոգով:
Իհարկե, խնդիրներ շատ կան: Բայց կա նաեւ աշխատող կոլեկտիվ: Եթե ֆեդերացիան ճիշտ ղեկավարվի, լինի պահանջկոտություն, հարցերը ճիշտ բարձրացվեն եւ դրանց ճիշտ լուծումներ տրվեն, արդյունքներն իրենց երկար սպասել չեն տա: Արդեն ունենք գործունեության կոնկրետ ծրագիր եւ յուրաքանչյուր օղակ պետք է հստակ իմանա իր անելիքները: Կարծում եմ, տարեվերջին կհրավիրենք ֆեդերացիայի արտահերթ համաժողով եւ իրավիճակի ընդհանուր փոփոխություն կարձանագրենք: Այսօր մարզադպրոցներ կան, որտեղ պատանիները մարզվում են բետոնի վրա: Շատ ծախսեր պետք չեն՝ դրանք մանրահատակով պատելու համար: Ուղղակի հարկավոր է անել:
– Ձեր հավաքած նոր թիմը պատրա՞ստ է աշխատել նույն ոգեւորությամբ:
– Հուսով եմ: Ֆեդերացիայում իմ տեղակալները մասնագետներ են: Բայց ես նրանցից ու ընդհանրապես՝ բոլորից, նաեւ կազմակերպական ունակություններ եմ ակնկալում: Չգիտեմ, թե առաջ ինչպես է եղել: Հիմա ամեն մեկը պետք է իմանա իր պարտականությունները եւ կատարի: Ով արդարացրեց, տարեվերջին պայմանագիրը կերկարացնենք, ինչո՞ւ չէ՝ նաեւ կպարգեւատրենք, ով՝ ոչ, կփոխարինենք ուրիշով:
– 2008-ի հաջողություններից հետո մարզասերներն ու սպորտի ղեկավարներն այսուհետեւ մեդալներ են պահանջելու: Սրա կողքին կա նաեւ մարզաձեւի մասսայականացման խնդիրը: Որի՞ն եք նախապատվությունը տալիս:
– Առաջին հերթին մասսայականացմանը: Բացի այն, որ ֆեդերացիայի պատասխանատուները, հնարավորության դեպքում՝ ինքս էլ, մեկնելու ենք մարզեր, տեղերում ծանոթանանք բռնցքամարտի զարգացման հնարավորություններին, օգնենք աշխատանքները ճիշտ կազմակերպել եւ հետագա կոնկրետ անելիքների ծրագրեր մշակենք: Արդեն պլանավորել ենք ամեն ամիս կազմակերպել «բաց ռինգ» անունով եւ այլ միջոցառումներ, որոնց մասնակցել հրավիրելու ենք բոլոր մարզադպրոցներից պատանի բռնցքամարտիկների: Երկրորդ, պետք է մարզադպրոցները տեխնիկապես հագեցնել՝ գնել մարզագույք, որտեղ անհրաժեշտություն կա՝ նորոգել: Երրորդ, նպաստել հնարավորին չափ շատ մրցումների, այլ երկրների թիմերի հետ հավաքների մասնակցել, դա լինի Հայաստանում, թե սահմաններից դուրս: Այսօր Հայաստանում արդեն պայմաններ կան: Ինչո՞ւ ինքներս թիմեր ու հավաքականներ չհրավիրենք:
– Տեղյակ եմ, որ «Մուրադին» շինարարական ընկերությունը որպես հովանավոր օգնում էր Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիային: Նրանք շարունակելու են օգնել ռուսների՞ն, թե՞ այդ գումարներն արդեն կհատկացվեն Հայաստանում մարզաձեւը զարգացնելուն:
– Մենք ներկայացնելու ենք Հայաստանը, եւ Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիային հովանավորելը շարունակելու խնդիրն օրակարգից հանվել է: Այդ գումարները կներդրվեն այստեղ: Թող մեր հավաքականները մեկնեն մրցումների, եւ աշխարհին ու Եվրոպային ներկայանա Հայաստանը: Մտադիր ենք նաեւ նոր հովանավորներ ներգրավել: Իսկ դրա լավագույն ձեւերից մեկը՝ այստեղ միջազգային մրցումներ կազմակերպելն է: