Հերթական Ազգային երաժշտականում առանձնապես առկայծումներ չեղան
Տարվա լավագույն երգչուհին ու երգիչը:
Փետրվարի 7-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այս տարի չկային ավանդական կարմիր գորգն ու սպիտակ «լիմուզինները», թեեւ մի քանի թիթիզություն ակնհայտ նկատեցինք: Ողջ արարողության ընթացքում բեմում տեղադրված սյուների գլխավերեւում ծվարել էին «Միմ-ստուդիոյի» դերասանները, որոնք սպիտակ արձանիկների կերպարում էին: Հաջորդ թիթիզությունն այն էր, որ շոու-բիզնեսի իգական սեռի ներկայացուցիչները համարյա բոլորը փոխել էին մաշկի գույնը արհեստական արեւայրուքի՝ սոլյարիի միջոցով: Մարմնի բարեմասնություններից էլ այս անգամ որոշել էին ցուցադրել կրծքերը: Մեր հարցուփորձի ընթացքում պարզեցինք, որ երգիչ-երգչուհիները առանձնապես մեծ գումար չէին ծախսել հանդերձանքի վրա: Ինչպես միշտ, աչքի ընկավ Արմինկան՝ զգեստների համար խելքն իրենը չի: Ուշադրություն էր գրավում նաեւ Արամեի՝ «Սվարովսկու» քարերով զարդարված կոստյումը: Հագուկապի առումով նրան օգնում է Արամ Նիկոլյանը: Հետաքրքրվեցինք, որն է այն երգը, որով Արամեն պետք ներկայանա «Եվրատեսիլի» նախընտրական փուլին: Նա ասաց, որ երգը դեռ պատրաստ չէ եւ հավելեց. «Հավանաբար, ես «Եվրատեսիլին» կմասնակցեմ հաջորդ տարի»: Մեր տեղեկություններով, սակայն, Արամեն ունի համապատասխան երգ, որի բառերը գրել է Սիրուշոն, երաժշտությունը՝ Դերհովան:
Ի տարբերություն Արամեի, բավականին հաղթական էին ու բարձր տրամադրությամբ՝ մոսկվաբնակ երգիչ Մհերը, Տիգրան Պետրոսյանը, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը:
Ի դեպ, տրամադրությունների մասին: Անտրամադիր էր շոու-բիզնեսի միակ ձկնիկը՝ Շպռօտը: Նա վրդովված էր, որ կազմակերպիչների կողմից անտեսված մնաց եւ ոչ մի անվանակարգում մրցանակ չունեցավ: «Հայ տղեքի» Հայկոն էլ, թեեւ այս տարի «Տարվա հիթ» մրցանակի արժանացավ, սակայն մրցանակը չեկավ տանելու:
«Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի խոսքերով, այս տարի փոփոխվել էին մրցանակաբաշխության կանոնները: «Մեր երգիչները հրաժարվում են իրենց անունները դնել «Լավագույն երգիչ», «Լավագույն երգչուհի» անվանակարգերում: Վախենում են լինել պարտված»,- ասում է Հրաչը: Այդ պատճառով այս տարի որոշում է ընդունվել՝ առանց երգչի համաձայնության, ժյուրին է ընտրում տարվա լավագույնի անունը: Եվ այսպես, ժյուրիի ընտրությամբ «Տարվա լավագույն երգչուհի» դարձավ Էմմին, որն այս տարի մրցանակաբաշխության արարողությանը ամենեւին էլ չզարմացրեց իր բեմական հնարքներով: Երգչուհին անտրամադիր էր, քանի որ այդ երեկո վիրահատում էին հորը: «Տարվա լավագույն երգիչ» դարձավ Արման Հովհաննիսյանը: Նա հուզմունքից դժվարանում էր պատասխանել լրագրողների անգամ ամենասովորական հարցերին…
Ի դեպ, կուլիսներում ճշտեցինք նաեւ, թե մի քանի բամբասանք որքանո՞վ են հավաստի: Պարզեցինք, որ երգիչ Արսեն Գրիգորյանը (մականունը՝ «Ռոմեո») դեռ չի ամուսնացել: Նշանվել է եւ չի շտապում հայրիկ դառնալ: Քրիստինե Պեպելյանը նախընտրեց, ինչպես միշտ, լռել այն «մասով», ինչը կապված է անձնականի հետ: Նաեւ չհերքեց, որ ունեցել է առողջական խնդիրներ՝ կոկորդի հետ կապված:
Հայ էստրադայի մաչոն՝ Արսեն Սաֆարյանը եզրափակեց մրցանակաբաշխության արարողությունը: Նա ներկայացրեց իր նոր երգը՝ «Տոնդ շնորհավոր»: Նունե Եսայանը հերքեց, որ վաճառքի է հանել իր «N.N.» գեղեցկության սրահը:
Մրցանակաբաշխությանը չերեւացին Սիլվա Հակոբյանը, Անդրեն, Սիրուշոն (այս պահին գտնվում է Լիբանանում), Ռազմիկ Ամյանը: Ըստ պտտվող լուրերի, երգիչը ավտովթարի է ենթարկվել: Հեռախոսազրույցի ժամանակ Ռազմիկն ասաց, որ պարզապես վատառողջ է: