Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ «ԲԱԳԱԺՈՎ»

Փետրվար 10,2009 00:00

Ասում է Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Սերգեյ Ազիզյանը:

\"\"
Սերգեյ Ազիզյանը (ձախից) եւ Ջոնգ Վիկտորին Յուն:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 13-ին կայանալիք համերգը կղեկավարի կորեացի դիրիժոր Ջոնգ Վիկտորին Յուն, իսկ որպես մենակատար հանդես կգա դանիաբնակ ջութակահար Սերգեյ Ազիզյանը:

Մեր հայրենակից արվեստագետների արտերկրյա հաջողությունը ոգեւորում է մեզ: Ի վերջո, դա այն է, ինչը կոչվում է մշակութային «արտահանում», բայց, ցավոք, անընդհատ արտահանելով, ակամայից ինչ-որ տեղ դատարկ տարածություն ենք ստեղծում մեր մշակութային կյանքում: Շատերն արդարացնում են այս «գործընթացը», հույս փայփայելով, որ մեկնածները վերադարձի մասին չեն մոռանալու: Ոմանք էլ հայտարարում են, թե արվեստագետը չպետք է կառչած մնա իր ծննդավայրին, որովհետեւ նա աշխարհաքաղաքացի է:

«Առավոտի» զրույցը ջութակահար, Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Սերգեյ Ազիզյանի հետ՝ հենց այս մտահոգող հարցով էլ սկսեցինք. անընդհատ դրսում գտնվելով՝ մեր հայրենակիցները չե՞ն հեռանում ազգային արմատներից ու նկարագրից, նաեւ մշակութային այն մենտալիտետից, որը հատուկ է մեզ եւ որով էլ մենք հետաքրքիր ենք աշխարհին: «Այո, հեռանում ենք, որովհետեւ դրսում շփվում ենք այլ լեզվով, թեեւ, կոնկրետ իմ մտածելակերպը մշտապես հայեցի է մնացել: Մյուս կողմից, «աշխարհագրությունս» իմ ներսում է, հետո էլ, երբ մարդ մի քիչ դրսում է լինում, հետո էլ ներս գալիս «բագաժով», է՛լ ավելի օգտակար կարող է լինել հայրենիքին»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնելով, որ 2008 թ. աշնանը նա որպես կոնցերտմայստեր մասնակցել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ճապոնական հյուրախաղերին (առողջական պատճառներով չէր մեկնել մեր Ֆիլհարմոնիկի կոնցերտմայստերը), խնդրեցինք խոսել այդ հյուրախաղերից եւ զուգահեռ անցկացնել Հայաստանի ու Դանիայի ֆիլհարմոնիկների միջեւ:

«Միայն մի փաստ արձանագրեմ. Տոկիոյի համերգների, որոնք միանշանակ հիանալի անցան, հետեւանքն այն էր, որ Հայաստանից ժամանած սիմֆոնիկ նվագախումբը կրկին հրավեր ստացավ»,- նշեց Ս. Ազիզյանը: Երաժիշտը, չցանկանալով զուգահեռներ անցկացնել Հայաստանի ու Դանիայի ֆիլհարմոնիկների միջեւ, հայտնեց հետեւյալը. «Կոպենհագենի ֆիլհարմոնիկը ոչ հանճարեղ է, ոչ էլ՝ վատը: Հայաստանի ֆիլհարմոնիկի մասին էլ լավ կարծիքի եմ: Այ, եթե խոսենք գերմանական նման նվագախմբերից, այնտեղ կարծիք հայտնելու կարիք չկա, որովհետեւ, ըստ նշաձողերի, դրանք բաժանվում են A, B, C կարգերի…»:

Աշխարհի տարբեր սիմֆոնիկ նվագախմբեր ղեկավարած Ջոնգ Վիկտորին Յուից էլ խնդրեցինք կարծիք հայտնել մեր նվագախմբի մասին, որը նա առաջին անգամ է ղեկավարելու: «Դե ֆակտո առաջին անգամ եմ աշխատում նվագախմբի հետ, բայց ձայնագրությունների միջոցով վաղուց ծանոթ եմ: Ցանկացած հրավերից առաջ սովորություն ունեմ երկար մտածելու, իսկ եթե արդեն ձեր երկրում եմ՝ ուրեմն ամեն ինչ լավ է: Կարծում եմ, որ միակ համերգս, լավ իմաստով, կդառնա խոսակցության առարկա: Ծրագրում ընդգրկված են միայն իտալացի կոմպոզիտորներ՝ Ռոսինի, Պագանինի, Ռեսպիգի, բայց հաջորդ այցիս, եթե այն կայանա, կցանկանայի հենց Հայաստանում ղեկավարել Խաչատրյանի որեւէ երկ»,- նշեց կորեացի դիրիժորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել