ՀՐԴԵՀԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 150 ՀՈԳԻ
Ավստրալիայում բռնկված հրդեհների պատճառով հրկիզվել, խեղդվել է ծխից եւ ընկած ծառերի տակ զոհվել է առնվազն 150 մարդ: Իշխանությունները հայտարարում են, որ հրդեհների պատճառ են դարձել մարդիկ, եւ սպառնում են դատապարտել նրանց զանգվածային սպանություն հոդվածով, գրում է gazeta. ru-ն: Ինչպես նշում են փրկարարները, մարդկանց մեծ մասը մահացել է իրենց տներում՝ չդիմանալով ծխին: Նրանց մի մասը փորձել է ինքնուրույն հանգցնել կրակը եւ, չհասցնելով դուրս փախչել տնից, ողջակիզվել է: Բազմաթիվ ավստրալացիներ զոհվել են ավտովթարներից՝ նրանց վրա են ընկել ծառերի վառվող բները: Տեղական իշխանությունների ներկայացուցիչները զգուշացնում են, որ ավերածությունների եւ զոհերի մասին տվյալները խիստ նախնական են: Հրշեջները վստահ են, որ տարերքից տուժած շրջանների հետազոտման ժամանակ կգտնվեն եւս տասնյակ դիակներ: Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 750 տուն եւ մոտ 2000 քմ տարածք: Երեկ 30 հազար հրշեջ պայքարում էր կրակի դեմ՝ հրդեհի 400 օջախներում: Աշխատանքը դժվարացնում է այն հանգամանքը, որ օդի ջերմաստիճանը անսովոր բարձր է՝ 47 աստիճան (C) եւ օդերեւութաբանները նշում են, որ մոտակա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանն էլի է բարձրանալու: Ավստրալիայի վարչապետ Քերին Ռադը հայտարարել է, որ մի շարք հրդեհների բռնկման համար պատասխանատու են կոնկրետ մարդիկ: Արդեն ձերբակալվել է 2 հոգի: Նրանց, մեղքն ապացուցելու դեպքում, սպառնում է 25 տարի ազատազրկում՝ զանգվածային սպանություն հոդվածով:
ՄՅՈՒՆԽԵՆ. ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ
Կիրակի օրը Մյունխենում ավարտվեց համաշխարհային անվտանգությանը նվիրված 5-րդ համաժողովը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ փոխնախագահը, Աֆղանստանի նախագահը, Ուկրաինայի վարչապետը եւ ուրիշներ: Համաժողովի 2-րդ օրը քաղաքի կենտրոնում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները վստահ էին, որ այնտեղ հավաքվել են պատերազմի հրձիգները՝ իրենց ուժը ցուցադրելու մտադրությամբ: Ինչ մնում է բուն կոնֆերանսին, ապա փորձագետների հիմնական արձագանքները դրական են: Համաժողովի գլխավոր իրադարձությունն էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ելույթը, որն առաջարկեց «restart» անել՝ վերալիցքավորել ԱՄՆ-ի հարաբերությունները բոլոր գործընկերների եւ մասնավորապես Եվրոպայի հետ: Խաղաղասեր էր նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Ճիշտ է, նա կրկին նշեց, որ ամերիկյան հակահրթիռային համակարգերը, որոնք նախատեսվում է տեղադրել Եվրոպայում՝ ուղղված կլինեն Ռուսաստանի դեմ: Զուսպ էին եւ հավասարակշռված Գերմանիայի արտգործնախարար Շթայնմայերի եւ Ուկրաինայի վարչապետ Տիմոշենկոյի ելույթները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յապ դե Հոոպ Սհեֆերը քննադատեց իր դաշնակիցներին որոշակի պասիվության համար, Գերմանիայի կանցլեր Մերկելը վերահաստատեց արեւմուտքի մտահոգությունները Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ, իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին մեղադրեց Միացյալ Նահանգներին եւ Արեւմուտքին՝ աշխարհում իրավիճակը սրելու մեջ եւ հերթական անգամ հայտարարեց Հոլոքոստը մերժելու մասին: Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը խոստովանեց, որ իր կառավարությունը գործում է արդեն անարդյունավետ ու չի վայելում բնակչության լայն զանգվածների վստահությունը: Մասնավորապես, նա նշեց բոլոր մակարդակների պաշտոնյաների կոռումպացվածությունը եւ ոստիկանների ցածր պատրաստվածությունը:
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ «ԱՂԱՎՆԻՆԵՐ» ՉԿԱՆ
Երեկ Իսրայելում ընտրարշավի վերջին օրն էր՝ երեքշաբթի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Ըստ հարցումների՝ առջեւում է Բենիամին Նեթանյահուն, որը ղեկավարում է «Լիքհուդ» աջակողմյան կուսակցությունը: Նրան մի փոքր զիջում է Ցիբի Լիվնին՝ ցենտրիստական «Կադիմա» կուսակցության ղեկավարը: Առավել շոշափելի է ծայրահեղ «աջ» կուսակցությունների առաջընթացը: Նրանց մեջ հատկապես աչքի է ընկնում «Մեր տունը Իսրայելն է»: Կուսակցությունը ստեղծվել է խորհրդային հանրապետությունների նախկին քաղաքացիներից եւ վերջերս զգալիորեն ընդլայնել է իր ընտրազանգվածը: Այդ կուսակցությունը հանդես է գալիս հօգուտ արեւմտյան ափին գտնվող տարածքների լիակատար բռնազավթման եւ սահմանների վերաձեւման, որի միջոցով երկրի արաբական փոքրամասնությունը կհայտնվի պետության վերահսկողության տակ: Կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանին տեղական մամուլում անվանում են տեղական Պուտին, Մուսոլինի եւ նույնիսկ Ստալին: Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը՝ իսրայելցի քաղաքական գործիչների բաժանումը աղավնիների եւ բազեների՝ այժմ որեւէ իմաստ չունի. աղավնիները վերացող տեսակ են դառնում: Երկրի քաղաքացիների մեծ մասը ապրում է մշտական սպառնալիքի մթնոլորտում: Խաղաղության կոչերն այստեղ զուտ երեւակայական են անվանում եւ ինքը՝ «խաղաղություն» բառը դարձել է գրեթե հայհոյանք: