Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փետրվար 10,2009 00:00

Խաթամին կառաջադրվի

\"\"Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին մտադիր է առաջադրվել հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում: Խաթամին, որին համաշխարհային մամուլը հաճախ անվանում էր «Իրանական Գորբաչով», օրերս, իր բնորոշմամբ՝ «ամենայն լրջությամբ», հայտարարեց թեկնածությունն առաջադրելու որոշման մասին: Ակնկալվում է, որ ընտրություններում նրա հիմնական մրցակիցը կլինի Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: «Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ չափավոր հայացքների տեր քաղաքական գործիչ համարվող Խաթամին երկիրը գլխավորում էր 1997-2005 թվականներին` մինչեւ Ահմադինեջադի իշխանության գալը: Վերլուծաբանների եւ լրագրողների մի մասը բարձր է գնահատում նախկին նախագահի վերընտրվելու հնարավորությունները:

«Ընտրություններից 4-5 ամիս առաջ անցկացվող հարցումները վկայում են, որ Խաթամիի վարկանիշն ավելի բարձր է, քան նրա պահպանողական մրցակցինը: Նա Ահմադինեջադից կրկնակի շատ համակրանք է վայելում»,- ասել է Խաթամիի ղեկավարմամբ գործող մշակութային կազմակերպության խոսնակ Իսա Սահարիզը: Այլ վերլուծաբաններ ու լրագրողներ հակված են ենթադրել, որ Խաթամին հաղթելու բարձր շանսեր ունի, բայց հավանաբար կհանդիպի շիիթական հոգեւորականության եւ զինվորականության պահպանողական զանգվածի լուրջ դիմադրությանը: Իրանում նաեւ քիչ չէ այն մարդկանց թիվը, ովքեր նախկին նախագահին մեղադրում են երկիրը ղեկավարելու տարիներին անկայունության, անհետեւողականության եւ Այաթոլլա Ալի Խոմենեի հիմնած քաղաքական համակարգին վերջ չտալու համար: «Պաշտոնավարման 8 տարիների ընթացքում մենք տեսնում էինք, թե նա ինչպես է գնում զիջումների: Զիջում էր նույնիսկ այն դեպքերում, երբ զիջումներն անտեղի էին եւ վնասում էին քաղաքական բարեփոխումներին»,- կարծիք է հայտնել նախկին խորհրդարանական Ֆաթեմե Հաղիղաջուն:

ՈՒՄԻՑ Է ՍԿՍՎԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ

Ըստ news.ru-ի՝ ամերիկյան «Time» ամսագիրը գտել է այն մարդուն, որը հիմք է դրել ԱՄՆ-ում հիպոթեքային շուկայի փլուզմանը: Ամսագիրը հիշեցնում է, որ բժշկության մեջ կա «զրոյական պացիենտ» հասկացությունը, այն հիվանդը, որից սկսվում է համաճարակը եւ որը հաճախ հանդես է գալիս որպես հիվանդություն տարածող, եւ ինքը չի տառապում վարակի ախտանիշներով: Ըստ այդմ, ֆինանսական մոդելի տապալման «զրոյական պացիենտն» ապրում էր Սթոքթոն քաղաքում, որը գտնվում է Կալիֆոռնիայում: Նա 2003 թվականին հիպոթեքային վարկ էր ստացել $250 հազարի չափով՝ առանց որեւէ կանխավճարի: Դրանից 39 ամիս անց նա կորցրել է աշխատանքը եւ իրեն սնանկ հայտարարել: Այդ դեպքին հետեւել են վարկը չվճարելու բազմաթիվ այլ պատմություններ, որից սկսվեց չվճարումների հեղեղը, որն էլ, ի վերջո, բերեց ամերիկյան եւ համաշխարհային տնտեսության ճգնաժամին: Հիպոթեքային վարկերի չվճարման բուն պատճառն այն է, որ 2000-ականների սկզբին Ուոլ Սթրիթի ֆինանսիստները մի սխեմա են մշակել, որը պետք է օգներ անբարեհաջող վարկային պատմություն ունեցող քաղաքացիներին: Երբեմն նման վարկեր ստանալու համար պետք չէր ոչ կանխավճար մուծել, ոչ էլ եկամուտների մասին տեղեկություններ ներկայացնել: Վճարումների առաջին 3 տարին արտոնյալ էր, իսկ երբ 2006-07 թվականներին վարկերի գինը բարձրացավ, ապա գործազրկության աճի պայմաններում սկսվեցին զանգվածային սնանկացումները եւ մարդկանց վտարումները երկրներից: Խնդիրը նաեւ այն է, որ այդ վարկերի համար որպես գրավ են հանդիսացել երկրորդական արժեթղթերը, որոնք ստացել էին բարձրագույն AAA վարկանիշը:

Բենդուկիձեին հեռացրին աշխատանքից

\"\"Նախկին ռուսաստանյան օլիգարխ՝ 52-ամյա Կախա Բենդուկիձեն, որը զբաղեցնում էր Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, դարձավ նորանշանակ վարչապետ՝ 33-ամյա Նիկոլոզ Գիլավուրիի կադրային փոփոխությունների առաջին զոհը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Բենդուկիձեն ապուշություն համարեց ընդդիմության եւ որոշ փորձագետների ենթադրություններն այն մասին, որ իրեն աշխատանքից ազատել են ռուսաստանյան շահերի լոբբինգի համար: «Վրեմյա նովոստեյ» թերթը հիշեցնում է, որ Բենդուկիձեն Վրաստան է վերադարձել 2003-ի «վարդերի հեղափոխությունից» մի քանի ամիս անց: Նա ստացավ վրացական քաղաքացիություն ու ստանձնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի, իսկ այնուհետեւ՝ պետնախարարի պաշտոնները: 2007-ին կառավարության վերաձեւման ժամանակ Բենդուկիձեի պաշտոնը վերացրին եւ նա դարձավ կառավարության աշխատակազմի ղեկավար, պահպանելով, սակայն, իր ազդեցությունը տնտեսական գործընթացների վրա: Պաշտոնյայի գլխավոր կագախոսը՝ «Վաճառվում է ամեն ինչ, բացի խղճից», միանշանակ չէր ընկալվում Վրաստանի վերնախավում: Անցած տարվա օգոստոսի պատերազմը ակտիվացրեց քննադատությունը Բենդուկիձեի հասցեին: Ընդդիմությունը նրան մեղադրում էր ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ սերտորեն համագործակցելու մեջ: Այն ժամանակ Վրաստանի իշխանությունները հերքեցին այդ մեղադրանքները, սակայն այս տարվա սկզբից «ռուսամետ լոբբինգի» մասին խոսակցությունները թեժացան: Հիմնական մեղադրանքները կապված են Ինգուրիի ՀԷԿ-ի համատեղ օգտագործման, ինչպես նաեւ վրացական երկաթուղու՝ ռուսներին հանձնելու ծրագրերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել