Իջեւանի պետական քոլեջի նախկին աշխատակիցը սպասում է ԿԳՆ-ի արձագանքին
Նախորդ տարեվերջին հանրապետական թերթերից մեկում տպագրված իմ՝ «Ո՞վ է այս անտերության տերը» հոդվածում փաստարկված այպանումների էր ենթարկվել Իջեւանի պետական քոլեջում տիրող աղաղակող, ինքնահեղինակազրկող իրավիճակը, որը 40 տարվա լավագույն ավանդույթներ ունեցող ուսումնական հաստատությունը կանգնեցրել է փակման վտանգի առջեւ:
Այսօր հայոց կրթական համակարգի համար պատասխանատվություն է վերցրել իր հայանպաստ գործունեությամբ հայտնի այնպիսի կուսակցություն, ինչպիսին ՀՅԴ-ն է: Մի՞թե նա կարող էր դրժել կրթության համար պատասխանատվություն վերցնելու մասին իր խոստումը՝ դառնալով Իջեւանի պետական քոլեջն օրհասական վիճակի առջեւ կանգնեցնող տնօրենի եւ նրա սակավաթիվ արբանյակների մեղսակիցը: Այդպես կարծելը, ըստ իս, սրբապղծություն է: Հապա ինչպե՞ս հասկանալ, որ այդ հոդվածի հրապարակումից հետո անցած շուրջ 4 ամիսների ընթացքում ձայն-ծպտուն չկա: Մնում է ենթադրել, որ ՀՅԴ-ում տեղյակ չեն այդ հրապարակման մասին: Իմաստ չունի երկրորդել այն ոչ սակավաթիվ կրթական աճպարարությունները, որոնց հետեւանքով Իջեւանի պետական քոլեջը հայտնվել է անմխիթար վիճակում, քանզի դրանք շարադրված են վերոհիշյալ հոդվածում: Բայց մի նկատառում, հավանաբար, իմաստ ունի նորից մատնանշել: Քոլեջի աշխատակիցների գերակշիռ մեծամասնության ամսական աշխատավարձը կազմում է 20-35 հազար դրամ, իսկ տնօրենը եւ տնօրենամերձ մի քանի հաճոյամիտներ 2-4 անգամ ավելի են ստանում:
Այժմ անդրադառնանք քոլեջում տիրող իրավիճակի անմիջական ածանցյալ մի խնդրի, որը տպագիր լրատվամիջոցներով առիթ եմ ունեցել բարձրացնելու («Առավոտ», 14.06.2008թ., «Տեսանկյուն» N 07(30), օգոստոս, 2008թ.): Այդ հրապարակումներում խոսք էր գնում Իջեւանի պետական քոլեջի «Ֆինանսներ» եւ «Բանկային գործ» մասնագիտությունների ուսումնական պլաններում մաթեմատիկա առարկայի բացակայության մասին: Բանն այն է, որ միջնակարգ լրիվ (ընդհանուր) հիմքով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ», «Առեւտուր» եւ մի շարք այլ տնտեսագիտական թեքում ունեցող մասնագիտությունների ուսպլաններով նախատեսված է մաթեմատիկայի դասավանդում, իսկ վերոնշյալ երկու մասնագիտությունների ուսպլաններով՝ ոչ: Հարցս հետեւյալն էր (է). ի՞նչ նկատառումներից են ելնում ուսումնական պլանները կազմողները՝ այդպես վարվելով: Եթե մաթեմատիկան անհրաժեշտ է ապագա հաշվապահին, շուկայաբանին եւ այլ մասնագետների, որը բնական եւ օրինաչափ է, ապա այն ինչո՞ւ է ավելորդ ապագա բանկային աշխատողի կամ ֆինանսիստի համար: Հարյուրավոր հրապարակումների (այդ թվում՝ նաեւ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ) հեղինակ եմ, բայց ի զորու չեմ գտնել այդ թվացյալ պարզունակ հարցի պատասխանը եւ հայցում եմ հանրապետության ֆինանսիստների, բանկային աշխատողների, ինչու չէ՝ նաեւ թերթի ընթերցողների օգնությունը: Նշեմ, որ այս «նորամուծություն»-անհեթեթությունը հավանաբար իջեւանյան ծագում ունի, քանզի, օրինակ, Երեւանի ֆինանսաբանկային քոլեջի հիշյալ մասնագիտությունների ուսպլանում առկա է երեք մաթեմատիկական առարկա, ֆինանսային մաթեմատիկա առարկան դասավանդվում է Սիսիանի տնտեսագիտական քոլեջի նշված մասնագիտություններն ուսումնասիրող ուսանողներին եւ այլն:
Համոզված եմ (ոչ թե կարծում եմ), որ այս եւ նախորդ հրապարակումները պատշաճ ուշադրության կարժանանան, քանզի հայոց կրթության հրամանատարները Իջեւանի պետական քոլեջի թշնամիները եւ ապիկար, աշխատանքները ձախողող տնօրենի հովանավորները չեն: Եվ միշտ չէ, որ լռությունը ոսկի է: