Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏ-ՀՅԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒ՞Մ Է

Փետրվար 10,2009 00:00

\"\"Ըստ Շիրակի մարզի դաշնակցականների՝ մարզպետ Լիդա Նանյանը շարունակում է դաշնակաթափ անել մարզի պաշտոնները:

Գյումրիի թիվ 19 դպրոցում մի շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ է՝ ձախողվում են տնօրենի ընտրությունները՝ քվորում չապահովելու պատճառով, քանի որ նիստին չեն ներկայանում դպրոցի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված մարզպետարանի ներկայացուցիչները: Այդ պատճառով նախկին տնօրեն, ՀՅԴ-ի համակիր Նարինե Մեսրոպյանի կողմնակիցները դա գնահատում են որպես բեմադրված սցենար՝ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի կողմից: Բանն այն է, որ պայմանագրի ժամկետը լրանալու հետ կապված, Նարինե Մեսրոպյանը երկու ամիս առաջ ազատվել է աշխատանքից՝ ու նորից առաջադրել է իր թեկնածությունը, որին, սակայն, կտրականապես դեմ է Շիրակի մարզպետը: Դպրոցի նախկին տնօրենի կողմնակիցների ասելով՝ մարզպետը ընտրությունները «պրավալ» տալու միջոցով փորձում է լուծարել կառավարման խորհուրդը, որպեսզի իր մարդկանցից բաղկացած խորհուրդ ընտրի ու պաշտոնի անցկացնի իր նախընտրած թեկնածուին՝ Գյումրիի թիվ 32 դպրոցի փոխտնօրեն Արմինե Աբրահամյանին: Այս միտքը այնպես էր զայրացրել աշակերտների ծնողներին, որ նրանք ուրբաթ օրը դպրոցի դիմաց դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ մարզպետից պահանջելով անհապաղ պաշտոնի վերադարձնել նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանին: «Մեզ բացարձակապես չեն հետաքրքրում մարզպետի խաղերը, թող բարի լինի վերջ դնել իր կազմակերպած ինտրիգներին, չի՞ տեսնում, որ դպրոցը ոտք առել-գնում է, 2-րդ դասարանի աշակերտները ուսուցիչ չլինելու պատճառով միասին են դասեր անում, չորս հոգով մի նստարանի վրա են նստում, տղաները, տնօրեն Նարինե Մեսրոպյանի ոտքը քաշելուն պես, մի տեսակ լկստվել են, ո՞վ է այս ամենին պատասխան տալու: Մենք երեխաներին դպրոց ենք բերել Նարինե Մեսրոպյանի խստապահանջ լինելու համար, այլապես կարող էինք մեր տներին ավելի մոտ գտնվող դպրոցներ ուղարկել»,- ասում էին ծնողները:

Ծնողների վրդովմունքի առիթն այն էր, որ այդ օրը տնօրենի հերթական ընտրություն էր, որը, սակայն, դարձյալ չկայացավ: Նշենք, որ մի շաբաթ առաջ կառավարման խորհրդի անդամներից մեկը՝ Վարդուհի Գասպարյանը, ով խորհրդի կազմում ընդգրկվել է որպես մարզպետարանի ներկայացուցիչ, բոյկոտեց ընտրությունները, հայտարարելով, որ կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանը նախագահ է ընտրվել օրենքի խախտմամբ. նա տվյալ դպրոցում աշխատելու երեք տարվա աշխատանքային ստաժ չի ունեցել, հետեւաբար եւ իրավունք չուներ զբաղեցնելու իրեն առաջարկված պաշտոնը: Ռուզաննա Մովսիսյանն էլ պարզաբանում էր, որ իր՝ կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու ժամանակ տվյալ որոշումը ընդունված չի եղել, այն ընդունվել է միայն մեկ տարի հետո, այնպես որ, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը վավերացրել է իր՝ կառավարման խորհրդի նախագահ լինելը, եւ որեւէ խնդիր չկա: Այդուհանդերձ, մարզպետի ներկայացուցիչը պնդում էր իր ասածը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուզաննա Մովսիսյանը դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի մտերիմն է՝ հնարավոր է կազմակերպի նրա վերընտրությունը: Այս անգամ մարզպետարանի վերոհիշյալ ներկայացուցիչը չէր ներկայացել ընտրության, որի պատճառով մրցույթը մեկ ամսով հետաձգվեց: Ծնողները, հանդիպելով ԿԳՆ կրթության պետական տեսչության հանրակրթության բաժնի պետի տեղակալ Համբարձում Ավոյանին, բողոք-նամակ հանձնեցին՝ ուղղված նախարար Սպարտակ Սեյրանյանին: «Հարգելիս, գոնե Ձեզ խղճան, Երեւանից գալիս Գյումրի եք հասնում, մրցույթը մեկ ամսով երկարացնելը մեր օգտին չի խոսում, դպրոցի դասերը պրավալ են գնում, կարգապահությունը բացակայում է, մի ճար արեք, այլապես մեր երեխաներին համատարած կհանենք այս դպրոցից»,- նախարարության պաշտոնյային բողոքում էին ծնողները; Ի պատասխան՝ Համբարձում Ավոյանն ասում էր. «Ինչպես տեսնում եք՝ պատմությունն արդեն երկրորդ անգամ կրկնվում է, սա կազմակերպվա՞ծ գործ է, թե՞ հիմնավոր պատճառներ ունի՝ չեմ կարող ասել, իրավունք չունեմ ասելու՝ ո՞վ է մեղավոր, կողմնակի խոսակցությունները եկեք բանի տեղ չդնենք, որովհետեւ չգիտենք՝ ինչքանով են ճիշտ»: Այս պատմությունը ՀՅԴ Գյումրիի անդամները որակում են որպես հերթական հաշվեհարդար դաշնակցականների դեմ: Հիշեցնենք, որ Լիդա Նանյանը, մարզպետ դառնալուն պես, արշավ սկսեց Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի կողմից նշանակված պաշտոնյաների դեմ, մասնավորապես՝ ազատեց հիվանդանոցի ու դպրոցի տնօրեններին, դաշնակաթափ արեց դպրոցների կառավարման խորհուրդները:

Ի դեպ, որոշ դաշնակցականների պնդմամբ, մարզպետը «վերեւներում» ներկայացրել է, թե թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը թունդ ընդդիմադիր է, քանի որ վերջինս Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի կնոջ՝ Ռուզաննա Մովսիսյանի ընկերուհին է (վերջինս դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է), ուստի նրանք երկուսով ջուր են լցնում ընդդիմադիրների ջրաղացին: Այս թեմայի շուրջ մեզ պարզաբանումներ ներկայացրին Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունից: Այստեղից նախ հաղորդեցին, որ բողոքի ակցիան կազմակերպված է եղել նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի կողմից, ով շոուների միջոցով փորձում է նորից տնօրեն վերընտրվել: Իսկ կառավարման խորհուրդն ապօրինի է, չի համապատասխանում օրենքի պահանջներին: Բանն այն է, որ հիշյալ դպրոցում 2006-ին կառավարման խորհրդի ընտրություն կատարվել է հին կարգով, ինչը դարձյալ տեղի է ունեցել օրենքի խախտմամբ՝ անդամների ընտրությունը չի կատարվել գաղտնի քվեարկությամբ: Սրան հաջորդել է խորհուրդների ընտրության նոր կարգը, այնուհետեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը 2007 թ. փետրվարին նամակ է ուղղել մարզպետներին, որով վերջիններիս պարտադրել է «ուժը կորցրած ճանաչել նախորդ կարգը, խորհուրդների կազմում կատարել համապատասխան փոփոխություն՝ քսանօրյա ժամկետում»: Կրթության վարչության աշխատակիցների ասելով՝ Նարինե Մեսրոպյանը եւս տեղյակ է եղել այս պահանջին, սակայն փոփոխություն չի կատարել, քանի որ իրեն ձեռնտու չի եղել, ավելին՝ իրավունք չի ունեցել որպես կառավարման խորհրդի նախագահ պահել Ռուզաննա Մովսիսյանին, քանի որ վերջինս չի բավարարել օրենքի պահանջներին. նա տվյալ դպրոցում աշխատանքային երեք տարվա ստաժ չի ունեցել: Եթե կառավարման խորհուրդն ապօրինի էր, ինչո՞ւ էր նորանշանակ մարզպետը հաստատում խորհրդի կազմը, մեր հարցին ի պատասխան՝ կրթության վարչությունից փոխանցեցին, որ մարզպետը սկզբում վստահել է դպրոցի բոլոր տնօրեններին, մտածելով, որ նրանք օրենքով են շարժվել:

Կրթության վարչությունից մեզ նաեւ փոխանցեցին, որ կառավարման խորհրդի նիստեր անցկացնելիս մարզպետարանի ներկայացուցիչներին ոչ միշտ են տեղյակ պահել, իսկ վերջերս նրանց մտաբերել են, քանի որ քվորում ապահովելու խնդիր կար: Իսկ որ ամենակարեւորն է, ըստ կրթության վարչության աշխատակիցների, Նարինե Մեսրոպյանը աշխատանքային գործունեության ընթացքում թույլ է տվել «ՀՀ օրենսդրության եւ այլ իրավական ակտերի կոպիտ խախտումներ՝ ինչպես վարչական, այնպես էլ կրթական գործի կազմակերպման բնագավառում»: Մարզպետը այս ամենը բացահայտել է դպրոցում նշանակված աուդիտի արդյունքում, ու թեեւ չի շտապել նրան աշխատանքից ազատել, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում էր, սակայն չի երաշխավորել Մեսրոպյանի մասնակցությունը դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթին: «Թող իզուր չքաղաքականացնեն հարցը, եթե մարզպետը դաշնակցականներին հալածեր, ապա 2008-ին չորս դաշնակցական տնօրեններ նորից չէին վերընտրվի իրենց պաշտոններում»,- ասացին կրթության վարչությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել