«Օրինաց ձմեռ» միջոցառման ժամանակ կոչ արեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը
Արդեն ավանդույթ դարձած ՕԵԿ երիտասարդական միության հերթական «Օրինաց ձմեռ» միջոցառումը մեկնարկեց Ծաղկաձորում, որին մասնակցում էին Երեւանից եւ Հայաստանի մարզերից ժամանած 500 երիտասարդներ: Քաղաքականապես ակտիվ երիտասարդների բովանդակալից հանգստին լրացուցիչ լիցք հաղորդեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ներկայությամբ: Կարեւորելով երիտասարդների մասնակցությունն ու դերակատարումը հասարակական կյանքին, ՕԵԿ առաջնորդը, երիտասարդներից մեկի խնդրանքով, անդրադարձավ քաղաքական վերջին զարգացումներում կուսակցության արտահայտած դիրքորոշմանը՝ նշելով, իրենց առջեւ երկընտրանք էր դրված՝ գնալ արկածախնդրությա՞ն, թե՝ երկիրը կառուցելու ճանապարհով: «Նախագահական ընտրություններից հետո քաղաքական կոալիցիա ձեւավորելը մեզ համար պահի տակ ընդունած որոշում չէր, այլ այն բարդ իրավիճակում երկիրը ճգնաժամի չտանելուն ուղղված քաղաքական քայլ: Երկրում տեղի չունեցան տեւական ու զանգվածային անկարգություններ եւ մեծ արյունահեղություն»,- նշեց Արթուր Բաղդասարյանը: Խոսելով երիտասարդներին առավել մտահոգող տնտեսական ճգնաժամին դիմակայելու՝ մեր երկրի վարած քաղաքականության մասին, ՕԵԿ նախագահը մատնանշեց գործարարի համար պետությունը գործընկեր դարձնելու, այլ ոչ թե մամլիչ մեքենա հանդես գալու հանգամանքը, փաստելով նաեւ, որ պետությունը պետք է օժանդակի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, աստիճանաբար ընդլայնի հաստատագրված հարկային մեխանիզմների ճկուն կիրառումը՝ որպես օրինակ նշելով վերջերս այս դրույթի կիրառումը հյուրանոցային բիզնեսում, իրականացնի հավաքագրված գումարների նպատակային բաշխում:
Անդրադառնալով ներքին եւ արտաքին մարտահրավերներին, Արթուր Բաղդասարյանն արտահայտեց հայ-թուրքական փոխհարաբերությունների եւ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման «Օրինաց երկիր» կուսակցության բանաձեւը, ինչն էլ բխում է՝ փոխընդունելի փոխզիջումները ավելի ճիշտ են, քան անխոհեմ առճակատումները տրամաբանությունից: Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը հավաքի մասնակիցների խնդրանքով անդրադարձավ ծնելիության խթանման, երիտասարդների կրթության, վերաորակավորման, զբաղվածության, ինչպես նաեւ բնակարանային ապահովման խնդիրներին: Կարեւորելով ծննդօգնության անվճար սերտիֆիկացիոն համակարգի ներդրումը, 3-րդ երեխային 430 հազար դրամ հատկացնելու մասին ընդունված որոշումը, նա նկատեց, որ ազգի բնականոն աճի խթանումը, նախեւառաջ, ազգային անվտանգության նշանակության հարց է, հետեւաբար՝ առկա հնարավոր միջոցները պետք է նպատակամղել նաեւ առաջնահերթ կարեւորության այս խնդրի լուծմանը:
Հաստատելով Երեւան քաղաքի առաջիկա ընտրություններին ՕԵԿ մասնակցությունը, Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այդ ընտրություններում լուրջ մասնակցություն կունենան նաեւ կուսակցության երիտասարդները, հավելելով, որ կրավորական կեցվածքը սեփական երկրի ու ժողովրդի հիմնախնդիրների նկատմամբ՝ ճիշտ ուղի լինել չի կարող, առավել եւս երիտասարդության համար, որոնք պետք է պայքարեն իրենց ապագայի համար եւ դառնան այդ ապագայի տերերը: «Դուք պետք է ակտիվորեն հետաքրքրվեք ձեր ապագայով, ավելին՝ պայքարեք դրա համար, քանի որ դուք ապրելու եք հենց այդ ապագայում»,- երիտասարդներին ուղերձով դիմեց Արթուր Բաղդասարյանը: Հղելով իր բարեմաղթանքը միջոցառման մասնակիցներին՝ երիտասարդների օրհնության օրվա առիթով, նա հորդորեց ներկաներին լավատես լինել, ամուսնանալ եւ ընտանիք ստեղծել, քանի որ ՕԵԿ-ում երիտասարդ ընտանիք կազմելը կուսակցական նման հավաքներից հետո դարձել է հաճելի օրինաչափություն: «Այս տարիների ընթացքում ինքս եմ բազմաթիվ անգամ մասնակցել նման հարսանիքների, կարծում եմ, որ բարի ավանդույթները կշարունակվեն»,- հանդիպումը եզրափակեց ՕԵԿ նախագահը: