Ի տարբերություն հայաստանաբնակների՝ ջավախահայերի շրջանում տարիներ շարունակ այս տոնը նշվում է յուրահատուկ ձեւակարգով:
Փետրվարի 7-ին Հայ առաքելական եկեղեցին հերթական անգամ նշեց երիտասարդների կողմից սիրված Սբ. Սարգսի տոնը:
Փետրվարի 6-ի երեկոյան տեղաբնակներն արդեն սկսեցին Սբ. Սարգսին նվիրված տոնախմբությունը: Նախ՝ Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն, որի ավարտից քիչ հետո հավատացյալ երիտասարդներին՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից, բաժանվեցին աղի բլիթներ, որոնք վերջիններս պետք է ճաշակեին քնելուց առաջ՝ ապագա հարսնացուներին կամ փեսացուներին երազում տեսնելու ակնկալիքով: Ապա, ինչպես ամեն տարի, հավատացյալ ջավախահայերը՝ հատկապես երիտասարդները, ուղեւորվեցին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղ՝ տեղի Սբ. Սարգիս եկեղեցում համանուն տոնը նշելու նպատակով: Ախալքալաքից 5 կմ հեռու գտնվող գյուղ «ուխտավորները» գնում են ոտքով՝ Սբ. Սարգիս զորավարին ցույց տալով իրենց հարգանքը, հավատն ու նվիրվածությունը: Չնայած եղան նաեւ անձինք, ովքեր կարեւոր չհամարելով սա, գերադասեցին ավտոմեքենաներով «ներկայանալ»:
Ընդունված կարգի համաձայն՝ երիտասարդները, երազանք մտապահելով, երեք անգամ պտտվեցին շինության շուրջը, որից հետո միայն մոմեր վառեցին: «Ամեն տարի պարտադիր կերպով մասնակցել ենք ուխտագնացությանը՝ ոչ միայն նրա համար, որ այն ջավախահայ երիտասարդներիս կողմից շատ սիրված է, այլեւ, որ շատ հետաքրքիր է անցնում տոնի նշման կարգը, ուխտագնացությունը, մոմեր փոխանակելը որեւէ անծանոթի հետ: Գրեթե ամեն տարի աղավնիներ եմ գնում ու, նպատակ պահելով, բաց թողնում: Նաեւ հավատում եմ աղի բլիթի խորհրդին, որովհետեւ ընկերուհիներիս մեծ մասը երազում իսկապես տեսել է իր ընտրյալին»,- պատմեց 18-ամյա Անին: Նրա ընկերուհի Լիլիթն էլ, դժգոհելով ծարավից, ոգեւորությամբ տեղեկացրեց, որ ինքը նույնպես հավատում է Սբ. Սարգսի զորությանը եւ հույս ունի այս տարի հայտնվել «բախտավորների ցուցակում»:
Երիտասարդների հավաստմամբ, այս կամ այն անծանոթի հետ մոմեր փոխանակելը անպայման իր դրական ազդեցությունը կունենա ապագա հարսնացուների կամ փեսացուների «հայտնաբերման» գործում, եթե «օրհնյալ» մոմերը քնելուց առաջ դնեն բարձի տակ:
«Ամեն տարի մոմեր փոխանակել եմ սիրունատես աղջիկների հետ, բայց դեռեւս արդյունք չկա: Տատիկիս գուշակություններով, դեռեւս ամուսնանալու տարիքս չէ: Չնայած հույսս չեմ կտրում. դրսում վաղուց դրված ալյուրի վրա դեռեւս կարող են հայտնվել Սարգիս զորավարի ձիու պայտերի հետքը»,- հավատում է 25-ամյա Արմենը: