Ութ տարում 20-ով ավելացել են Ջավախքում գործող հայկական եկեղեցիները
Սուրբ Նշան եկեղեցին, ինչպես Վրաստանի հայկական այլ եկեղեցիները, կարգավիճակ չունի, չի գործում, սակայն տեղաբնակ հայերի մշտական հոգածության եւ ուշադրության կենտրոնում է:
2000-2001 թվականներին Ախալքալաքում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հիմնադրումը, իրոք, նշանակալի իրադարձություն էր տեղաբնակների կյանքում: Մինչ այս՝ հոգեւոր կյանք, եկեղեցական ծիսակատարություն արտահայտությունները լոկ երեւակայական հասկացություններ էին ավանդապաշտ ջավախահայերի համար, բայց վերջին 7-8 տարիների ընթացքում ասվածն էապես փոխվել է…
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ծավալած գործունեության, տարածաշրջանի հոգեւոր կյանքում առկա հիմնախնդիրների, հայկական եկեղեցու իրավական կարգավիճակի եւ շատ այլ հարցերի պատասխանները՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդարանի փոխանորդ՝ հայր Բաբգէն Սալբիյանի հետ հարցազրույցում:
– Հայր Բաբգէն, Ձեր գնահատմամբ, տեղի հոգեւոր կյանքում այսօր որքանո՞վ է ակտիվ ջավախահայությունը:
– 80 տարիների անաստվածության ժամանակաշրջանն իր կնիքը դրել է տեղի ժողովրդի հոգեւոր կյանքի վրա: Եվ երբ այսօր հետ ենք նայում, հասկանում ենք, որ շատ բան է փոխվել: Անշուշտ, ամեն բան մի քանի տարիների ընթացքում փոխել հնարավոր չէ. սա այնպիսի ծառայություն ու պատասխանատու աշխատանք է, որը տարիներ է պահանջում: Սակայն ուրախությամբ պետք է նշենք, որ առաջընթացն արդեն նկատելի է, այսինքն՝ մեր գործունեության 7-8 տարիներն աննկատ չեն անցել: Միայն այն փաստը, որ եկեղեցում բոլոր տոները նշվում են, եւ ներկա է հավատացյալ ժողովուրդը, խոսում է նրանց՝ դեպի եկեղեցի վերադառնալու մասին… Այն ժամանակ հոգեւորականներ չկային, ու եկեղեցական տոներն էլ կամ չէին նշվում, կամ՝ մասնակիորեն: Այսօր, երբ գործող եկեղեցիներ կան, տեղաբնակներն իրենց կյանքն արդեն չեն պատկերացնում առանց հոգեւորականի եւ առանց եկեղեցու, ու այս առումով պսակադրությունները, մկրտությունները, թաղման արարողակարգերը պարբերական բնույթ են կրում: Բայց նաեւ ասենք, որ այն բոլոր հիմնախնդիրները, որոնք այսօր առկա են Ջավախքում (հատկապես՝ սոցիալ-տնտեսական), իրենց ազդեցությունն են թողնում ժողովրդի հոգեւոր կյանքի վրա: Առաջնորդական փոխանորդությունն իր գործունեությունը ծավալելու ժամանակ հաշվի է առնում նաեւ այս հանգամանքը:
– Ի՞նչ հիմնախնդիրներ են այսօր հուզում Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցուն:
– Հիմնախնդիրները շատ են եւ տարաբնույթ՝ սկսած շենքային պայմաններից, վերջացրած՝ նյութականով: Ժամանակին, երբ առաջնորդական փոխանորդությունը հիմնադրվեց, մեր ջանքերով ստեղծվեցին նաեւ մանկական երգչախումբ, կիրակնօրյա դպրոց ու տիկնիկային թատրոն: Բայց նյութական ծանր վիճակը գնալով դժվարեցնում է մեր գործունեությունը: Ցավոք, մենք այսօր չունենք լուրջ աջակիցներ, որոնք կօգնեն մեզ այս հարցերում: Ռուսաստանում ապրող շատ գործարար ջավախահայեր կան, եւ վստահ եմ, որ մեր ձայնը մի օր կհասնի նրանց: Հուսով եմ, որ կգա ժամանակը եւ նրանք կառաջարկեն իրենց օգնությունը: Անշուշտ, դժվար է, երբ տեղում չկան ռադիոալիք եւ լույսընծայվող թերթեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ քարոզչություն իրականացնել: Այս ամենը խոչընդոտում է նաեւ աղանդավորության դեմ ուղղված մեր պայքարին: Այժմ մենք լրջորեն մտածում ենք ուսուցիչների վերապատրաստման մասին, որոնք շրջանի գյուղերում կլինեն մեր օգնականները:
– Բոլորովին վերջերս Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու Սբ. Ավազանն ու Սբ. Խորանը վերանորոգվեցին ջավախահայ բարերարների տրամադրած նյութական միջոցներով: Մի՞թե միայն նրանց շնորհիվ է, որ եկեղեցու տեխնիկական հիմնախնդիրները լուծում են ստանում:
– Ցավոք, պետք է նշեմ, որ 1856 թվականից, երբ կառուցվել է Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցին, անցել է մոտ 150 տարի, ու այդ ընթացքում որեւէ բան չէր վերափոխվել: Սակայն Աստված լսեց մեր աղոթքները, եւ ջավախահայ բարերարներ Կուրղինյան եղբայրներին ուղարկեց օգնության, ովքեր, լավ հասկանալով եկեղեցու դերը, ձեռնարկեցին այս աստվածահաճո գործը: Նրանց օրինակին հետեւեցին նաեւ ռուսաստանաբնակ այլ բարերարներ, որոնց տրամադրած միջոցներով էլ սալապատվեց եկեղեցու հատակը: Ցավում եմ, բայց տեղաբնակների նյութական ծանր վիճակը թույլ չի տալիս օգնելու եկեղեցուն: Հիմնականում աջակցում են Ռուսաստանում ապրող ջավախահայ բարերարները, ովքեր կարոտելով հայրենիքն ու գնահատելով եկեղեցու կարեւորությունը, փորձում են ինչ-որ ձեւով օգտակար լինել:
– Հայր Սուրբ, Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերում կան եկեղեցիներ, բայց դրանցից շատ քչերն են այսօր գործում: Իսկ հնարավո՞ր է՝ հետագայում գործող եկեղեցիների թվաքանակն ավելացնել:
– Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ստեղծման տարիներին մենք ունեինք ընդամենը 4-5 գործող եկեղեցի, բայց վերջին 8 տարիներին դրանց թիվը հասել է 20-25-ի… Եկեղեցիները հիմնականում գտնվում են շրջանի գյուղերում, եւ եթե հաշվառենք, ապա ամեն մի քահանայի բաժին է ընկնում 30-40 գյուղ: Ասել, որ նրանցից յուրաքանչյուրը բոլոր գյուղերում էլ կհասցնի պատարագներ անել՝ սխալ կլինի, որովհետեւ դա ֆիզիկապես ուղղակի անհնար է: Սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր քահանաներն անում են անկարելին, որպեսզի որեւէ գյուղ անմասն չմնա եկեղեցական արարողություններից: Այս հարցում պետք է նշել նաեւ արտասահմանում բնակվող ջավախահայերի դերը, որոնց զգալի մասը փորձում է սեփական միջոցներով վերանորոգել իրենց գյուղերի եկեղեցիները: Եվ եթե այսպես շարունակվի, ապա 7-8 տարի անց տարածաշրջանը կունենա 30-40 գործող եկեղեցի:
– Բոլորովին վերջերս Սամցխե-Ջավախքի տարածաշրջանն ընտրեց նոր նահանգապետ: Հետաքրքիր է, ի՞նչ ակնկալիքներ ունեք նորանշանակ պաշտոնյայից, եւ ընդհանրապես, նախորդ նահանգապետերը որքանո՞վ են ուշադիր եղել տեղի եկեղեցու նկատմամբ:
– Վերջին 7-8 տարիներին Սամցխե-Ջավախքը ունեցել է 3-4 նահանգապետ, բայց, ցավոք, նրանցից ոչ մեկը չունեցավ խիզախություն՝ այցելելու մեր եկեղեցի եւ հանդիպելու մեզ եւ մեր հավատացյալ ժողովրդի հետ: Շրջանի բնակչության 90%-ը հայ է եւ Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներ, նահանգապետերի համար առաջնային խնդիրներից մեկը պետք է լիներ տեղում գործող եկեղեցիների հոգեւոր դասի հետ հանդիպել ու խոսել առկա հիմնախնդիրների մասին, որին, ցավոք, ականատես չեղանք: Հուսով ենք, որ նորանշանակ նահանգապետն այս բացթողումը հաշվի կառնի եւ կլրացնի: Ջավախք այցելող վրացի իշխանավորները նույնպես խուսափում են հայկական եկեղեցի մտնել: Բայց չէ՞ որ տարածաշրջանում ապրում են եւ հայեր, եւ վրացիներ, ու եթե շնորհավորում են վրաց հավատացյալների Սբ. Ծնունդն ու Սբ. Զատիկը, կարելի է մտնել նաեւ հայկական եկեղեցի: Ի վերջո, մենք էլ ենք համարվում Վրաստանի քաղաքացիներ: Բազմիցս խոսվել է նաեւ Վրաստանում հայկական եկեղեցու՝ իրավական կարգավիճակ չունենալու մասին, բայց մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել. ուղղակի կան հավաստիացումներ, որ հայկական եկեղեցուն մոտ ապագայում կտրվի համապատասխան կարգավիճակ:
– Ասացիք, որ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործում է նաեւ մանկական երգչախումբ, կիրակնօրյա դպրոց, տիկնիկային թատրոն… Քանի՞ սան է դաստիարակում եկեղեցին:
– Թեեւ զգալի դժվարություններով, բայց կրթում ենք մոտ 150 երեխայի: Թվաքանակի ավելացման հնարավորություն դեռեւս չունենք, որովհետեւ շենքային պայմանները թույլ չեն տալիս: Ասվածից բացի, առաջնորդական փոխանորդության ջանքերով ամառվա ընթացքում կազմակերպվում է բակային ճամբար, որին մասնակցում է 200 երեխա: Կազմակերպում ենք ուխտագնացություններ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաեւ տեղի սրբավայրեր: Մենք ամեն տարի իրագործում ենք նաեւ մանուկների եւ նորապսակների օրհնության կարգեր, շրջանավարտների հանդիպում՝ տեղի հոգեւոր դասի հետ: Ներկայումս իրականացնում ենք մի ծրագիր, որի շրջանակներում, արտասահմանում ապրող մեր քույրերի եւ եղբայրների կողմից, հովանավորվում է տարածաշրջանում ապրող մոտ 100 ծնողազուրկ երեխա: