Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԳԻՇԵՐ Է՝ ԻՆՉՈՒ ԵՔ ՔՆՆՈՒՄ»

Փետրվար 10,2009 00:00

Փաստաբանն՝ ընդդեմ քննիչի

\"\"
Փաստաբանը իր իրավունքներն է պաշտպանելու:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանի հայցը՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Վահե Դոլմազյանի դեմ։ Ըստ ներկայացված դիմումի՝ հայցվորը 2008 թ. դեկտեմբերի 23-ին փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Գուգարք գյուղի բնակիչ Անգին Ավետյանի հետ, նրա որդուն՝ Դավիթ Քարհանյանին մեկ օր ժամանակով՝ ձերբակալվելու ժամանակ եւ անմիջապես հետո, իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Փաստաբանի տեղեկացմամբ, նույն օրը, ժամը 21.45-ին, երբ դեռ Քարհանյանը ձերբակալված չի եղել, ինքը ներկայացել է Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Վահե Դոլմազյանին եւ տեղեկացրել, որ ստանձնել է Դավիթ Քարհանյանի պաշտպանությունը, միաժամանակ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ «Քարհանյանին ձերբակալելու մասին արձանագրությունը կազմել են ժ.22.15-ին եւ քննիչն իմ մասնակցությամբ բացատրել է ձերբակալվածի դատավարական իրավունքները եւ պարտականությունները, կազմել է արձանագրություն իմ կողմից Դավիթ Քարհանյանի պաշտպանությունը ստանձնելու մասին։ Անմիջապես այդ պահին, տեղում, Դ. Քարհանյանի ներկայությամբ, նույն արձանագրության թղթի վրա, գրավոր ձեւակերպել եւ ներկայացրել եմ միջնորդություն՝ Դ. Քարհանյանի հետ առանց կողմնակի անձանց ներկայության հանդիպելու եւ զրուցելու։ Իմ միջնորդությունը, սակայն, տեղում չի քննարկվել, եւ ինձ արգելվել է առանձին ու անարգել հանդիպել իմ պաշտպանյալի հետ։ Արդյունքում, ինձ հետ պայմանագիր կնքած անձը, պայմանագիրը վաղաժամ դադարեցնելով, հետ է պահանջել ծառայության համար նախապես վճարված գումարը։ Քննիչն, առանց որոշում տրամադրելու, դեկտեմբերի 25-ին գրությամբ հայտնել է, որ միջնորդությունը մերժվել է, քանի որ պաշտպանյալիս հետ ցանկացել եմ տեսակցել գիշերային ժամին»,- ասում է Կ. Թումանյանը։ «Առավոտի» հետ զրույցում փաստաբանը հավելեց. «Ես մտել եմ մի սենյակ, որտեղ գտնվում էր Դավիթ Քարհանյանը, եւ այդ սենյակի վրա գրված չէր, որ դա ձերբակալված անձանց պահելու վայրի խուց է կամ տարածք։ Այդ նույն սենյակում պաշտպանյալիս իմ ներկայությամբ խուզարկել են, նա գտնվել է նորմալ վիճակում։ Իսկ պահանջիս՝ առանձին զրուցել նրա հետ, չգիտես ինչու, պատասխանում են, որ գիշեր է եւ չի թույլատրվում։ Այդ դեպքում, եթե գիշեր է, ինչո՞ւ են ձերբակալել այդ մարդուն, ինչո՞ւ են քննել։ Ես չեմ ցանկացել նրան որեւէ խցից դուրս բերել։ Իսկ եթե նա եղել է ՁՊՎ-ում, այդտեղ է ձերբակալվել, ապա դա արվել է անօրինական, մարդը չի կարող ՁՊՎ-ում ձերբակալվել։ Ես պետական կառույցների, ոստիկանության մարմինների նկատմամբ մեծ հարգանք ունեմ, գնահատում եմ նրանց աշխատանքը, բայց պաշտպանի գործունեությունը պետությունը ստեղծել է, որ նա իր պաշտպանական գործունեությամբ վերահսկողություն իրականացնի իր մասով»։

Հայցվորը քննիչի գործողությունները բողոքարկել է Լոռու մարզի դատախազին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին, տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին։ Լոռու մարզի դատախազը, Թումանյանի հավաստմամբ, գրությամբ հայտնել է, որ քննիչը միջնորդությունը չի քննարկել, քանի որ դրա իրավասությունը չունի, իսկ դատախազն իր գրությունը հիմնավորել է 2008 թ. թիվ 574-Ն որոշմամբ հաստատված որոշակի կետերով։ Դեկտեմբերի 26-ին փաստաբանը դիմել է մարզային քննչական բաժնի պետ Գ. Իսպիրյանին՝ պահանջելով տրամադրել իր միջնորդությունը մերժելու վերաբերյալ կայացված որոշումը։ Իսպիրյանը գրությամբ պատասխանել է, որ Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջվող որոշումը հանձնելու դեպք չի նախատեսել։

«Իմ նպատակն այն է, որ սա հանդիսանա նախադեպ, որ որեւէ փաստաբանի նկատմամբ որեւիցե նման գործողություն չկրկնվի։ Ես Դավիթ Քարհանյանի շահերը չեմ պաշտպանում, քանի որ նրա ծնողների հետ այլեւս պայմանագիր չունեմ եւ խոսում եմ ոչ թե նրա շահերից, այլ՝ փաստաբանական ինստիտուտի։ Ես Դ. Քարհանյանի ոչ բարեկամն էի, ոչ էլ ընկերը, բա չիմանա՞մ այդ մարդն ինչ է արել։ Միգուցե ինքն ասում է՝ լավ են արել, որ ինձ բերել են, ես ճիշտ եմ եղել։ Կամ գուցե ասում է, որ իրեն ծեծել են։ Ես այդպես էլ չիմացա, թե իմ պաշտպանյալն ի՞նչ է արել, որովհետեւ ինձ թույլ չտվեցին նրա հետ առանձին խոսել, իսկ ուրիշների ներկայությամբ ինչպե՞ս խոսեի։ Սա վկայում է, որ սահմանափակվել են իմ՝ որպես փաստաբանի, մասնագիտական իրավունքները, որն էլ ես ցանկանում եմ պաշտպանել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Թումանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել