Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի Մարիշն արդեն անվստահելի է

Փետրվար 10,2009 00:00

«Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ՀՀԿ-ականները որոշեցին Մարինա Մադաթյանին պատժել:

\"\"
Մարինա Մադաթյանին պաշտոնից ազատեցին:

Երեկ կեսօրին Հանրապետական կուսակցության Արաբկիրի կառույցում տարածքային խորհրդի նիստ էր հրավիրվել: Թեեւ խորհրդի անդամները հայտնել են, թե իբր պետք է կազմակերպչական հարցեր քննարկեն, սակայն, մեր տեղեկություններով, նիստի հիմնական նպատակը եղել է կառույցի նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի տեղակալ Մարինա Մադաթյանին անվստահություն հայտնելն ու տեղակալի պաշտոնից հեռացնելը: Մարինա Մադաթյանը Հանրապետական կուսակցության անդամ էր եւ կուսակցությունում հայտնի էր որպես ՀՀԿ-ի Մարիշ: Հիշեցնենք, որ Մ. Մադաթյանը հանրությանն առավել հայտնի դարձավ վերջերս «Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած միջադեպից հետո, ինչի արդյունքում սպանվեց «Ռադիոլուրի» նախկին տնօրեն Արթուր Սահակյանի ընկերը՝ 35-ամյա Անդրանիկ Բաբայանը: Իսկ Ա. Սահակյանին Մ. Մադաթյանը մեղադրել էր բռնաբարության փորձի մեջ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մ. Մադաթյանը, տեղեկանալով, որ իրեն անվստահություն են հայտնելու, խորհրդի նիստից մի քանի օր առաջ դիմել է ՀՀԿ-ական ծանոթներին, խնդրելով իր դեմ չքվեարկել, սակայն նրան հայտնել են, որ որոշումը վերեւներում է կայացվել: Եվ քանի որ ՀՀԿ-ի Մարիշը մի շարք ընտրություններում տեղամասային հանձնաժողովներում է եղել ու ՀՀԿ-ին որոշ ծառայություններ է մատուցել, ուստի կուսակցությունը որոշել է նրա համար մեղմ պատիժ սահմանել:

Երեկ Մ. Մադաթյանը, ներկայանալով խորհրդի նիստին, չի սպասել, որպեսզի իր պաշտոնանկության հարցը քննարկվի: Մեր տեղեկություններով, նա ինքն է հրաժարական տվել՝ իր այդ քայլը պատճառաբանելով ընտանեկան խնդիրներով: Նրա փոխարեն տարածքայինի նախագահի տեղակալ է ընտրվել Արաբկիր համայնքի նախկին փոխթաղապետ, գործող թաղապետ Ալբերտ Երիցյանի խորհրդական Արմեն Մարտոյանը:

Նշենք, որ պարոն Մարտոյանը նույնպես ժամանակին աչքի է ընկել ՀՀԿ-ին մատուցած որոշ ծառայություններով: Նա նախագահական վերջին ընտրություններին Արաբկիր համայնքի Բաբայան փողոցում ցուցարարների մի խումբ էր հավաքել եւ պատրաստվում էր արշավել օպերայի հրապարակ, որտեղ այդ պահին հանրահավաք էին կազմակերպել Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները: Նա Լ. Տեր-Պետրոսյանին նույնիսկ, տարածքն ազատելու համար, մինչեւ առավոտ ժամանակ էր տվել: Հիշեցնենք, որ ոստիկանները ձեռ ու ոտ ընկած՝ պարոն Մարտոյանին ու ցուցարարների նրա բանակին խնդրում էին, որ բախումից խուսափելու համար օպերա չգնան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել