Հովհաննիսյանների երեխաներն իրենց մանկությունից բան չեն հասկանում, քանի որ ստիպված են խաղերի ու դասերի հաշվին աշխատել:
Սոված չմնալու համար Հովհաննիսյանների անչափահաս
երեխաներն են աշխատում:
«Երեխեքս, որպեսզի սովից չկոտորվեն, ստիպված դպրոցից դուրս են եկել, որ աշխատեն, մի երկու կոպեկ առնեն: Տղես ասում է՝ պապա, մենք ուրիշներից ինչո՞վ ենք պակաս, որ վատ ապրենք: Մեծ տղաս վարուցանքի սեզոնին ուրիշների այգիներում աշխատում է, ինչ պատահի՝ անում է, էդ մարդիկ էլ փող են տալիս: Ընդամենը 16 տարեկան է, բայց աշխատելով՝ ուտելիք է բերում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Արմավիրի մարզի Սիս գյուղի բնակիչ Սասուն Հովհաննիսյանը: Հաշմանդամության պատճառով Սասունն անաշխատունակ է եւ ի վիճակի չէ ընտանիքի մասին հոգ տանել: Ընտանիքը 26 հազար դրամ թոշակով է յոլա գնում: Եթե երկու անչափահաս տղաները չաշխատեն, ինչպես Սասունն է ասում՝ «սովից կկոտորվեն»: Կրտսեր որդին՝ Գարիկը 8-րդ դասարանում է սովորում, բայց հորն ասել է, որ այլեւս չի ցանկանում դպրոց հաճախել: Նրա խոսքերով. «Ուզում եմ աշխատել, որ գոնե հացի տեր դառնանք: Թե չէ՝ ո՞ւմ է պետք սոված դպրոց գնալը»: Գարիկն ինքն է իր համար աշխատանք գտել: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ Արմավիրի պահածոների գործարանում է աշխատել՝ տարաների վրա պիտակներ է փակցրել: Ծնողների հոգսը թեթեւացնելու համար Սասունի 11-ամյա Տաթեւիկն էլ է որոշել աշխատել. ուզում է վարսավիր դառնալ: Նա հիմա տիկնիկի մազերի վրա է փորձեր անում, բայց եղբայրները փող են հավաքում, որպեսզի քույրիկը վարսավիրություն սովորի, «փեշակ» ունենա:
Մինչ Սիս գյուղ տեղափոխվելը՝ ընտանիքը 5 անձով բնակվել է Մասիս քաղաքում՝ մի փոքրիկ վագոն-տնակում: Ս. Հովհաննիսյանի պատմելով՝ Սիսի գյուղապետի օգնությամբ գրեթե 2 տարի ժամանակավոր բնակվել են հանրակացարանային շենքի բնակարաններից մեկում: Բնակարանը ջեռուցելու համար ընտանիքին օգնել է կուսակցություններից մեկի տեղական գրասենյակը: Այժմ նրանք տունը տաքացնում են փայտի վառարանով: Սասունի խոսքերով՝ կարծես թե անհաջողությունն իրենց ընտանիքի հետեւից է ընկել. «Իմ հաշմանդամությունը քիչ էր, մեկ էլ կնոջս գլուխը վիրահատեցին՝ ուռուցք են հեռացրել, այժմ կինս էլ ի վիճակի չէ աշխատել: Խնդրում եմ, գոնե ինձ մի բժիշկ օգնի՝ ոտքի կանգնեմ: Ես զգում եմ, որ կբուժվեմ: Ասում են՝ պետպատվե՜ր-պետպատվե՜ր, պետպատվերին բժիշկները շան տեղ չեն դնում: Գնացել էի, որ պառկեի հիվանդանոց, ասին՝ դու անբուժելի հիվանդ ես ու մեր հանրապետությունում ուղեղի մասնագետ չկա: Ես զգում եմ, որ մի քիչ բուժեն՝ ոտքի կկանգնեմ, չնայած, բռնվելով, 100 մետրից ավելի չեմ կարողանում քայլեմ, գլուխս պտտվում է՝ ընկնում եմ: Այս վիճակում ոչ մի գործ չեմ կարող անեմ: Իբր բուժում են՝ հոգեմետ դեղեր են տալիս՝ թանկ-թանկ, բայց ոչ բոլորն ենք կարողանում առնել: Ես ուզում եմ բուժվեմ, որ երեխաներիս ու կնոջս տեր կանգնեմ»: Սասունի խոսքերով՝ բժիշկներն իրեն «ցրված սկլերոզ» են ախտորոշել: Այժմ Սասունն իր ամբողջ ժամանակը անվասայլակի վրա է անցկացնում, բայց հույսը չի կտրում, որ մի օր կառողջանա ու աշխատանք կգտնի:
14-ամյա Գարիկը նույնիսկ երազելու ժամանակ չունի. «Աստծուց միայն աշխատանք եմ խնդրում»:
Հ. Գ. Արմավիրի Սիս գյուղ՝ «Առավոտն» այցելել էր «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման» ինստիտուտի նախաձեռնությամբ: