Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Լոռու մարզի համայնքապետերին զգուշացրել է, որ մինչեւ սեփական եկամուտների հավաքագրումը չբարելավեն, պետբյուջեից գումար չեն ստանա:
Ըստ փոխվարչապետի, համայնքները
վատ են աշխատում:
Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներն էլ նախորդ տարի, 2007-ի համեմատությամբ, բավականին նվազեցրել են սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը: 60 եւ ավելի տոկոսով եկամուտները հավաքագրել է ընդամենը 36 համայնք: Այս հանգամանքը հարուցել էր Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի դժգոհությունը, որն էլ վերջերս մարզխորհրդի նիստի ժամանակ համայնքապետերին զգուշացրել էր, որ եթե նրանք շարունակեն վատ աշխատել, ապա ինքը անցնելու է կոնկրետ գործողությունների եւ այլեւս ոչ մի ծանոթ ու բարեկամ հաշվի չի առնելու: «Առավոտն» այս մասին արդեն գրել է (04.02.09):
Օրերս էլ Լոռու մարզ էր մեկնել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը մարզպետարանում համայնքապետերի եւ մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ դժգոհեց համայնքների եկամուտների հավաքագրման ցածր մակարդակից. «2007-ի համեմատությամբ, 2008-ի տվյալներով, Լոռու մարզում արձանագրվել են բացասական արդյունքներ: Եվ հողի հարկի, եւ գույքահարկի մասով ավելի քիչ է հավաքագրվել: Սա պրոբլեմ է, որովհետեւ պետությունը իր պարտավորությունները համայնքների նկատմամբ կատարում է 100%-ով: Չեք գտնի մի համայնք, որը դոտացիան ստացած լինի կիսատ-պռատ: Դուք էլ ձեր սեփական եկամուտները պետք է հավաքագրեք, բայց այս մոտեցումը փոխադարձ չէ: Գնդակը միայն մի կողմի վրա է խաղում»:
Համայնքապետերն էլ փորձեցին փոխվարչապետի մոտ արդարանալ, թե հարկերի հավաքագրման ցածր տոկոսը պայմանավորված է համայնքերից արտերկիր մեկնած ընտանիքների պարտքերով, անշարժ գույքի գնահատմամբ, որը կադաստրում ավելի ցածր է, քան իրականում, փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման արդյունքում կուտակված պարտքերով ու նաեւ նրանով, որ կան չմշակվող հողատարածքներ, որոնց հարկերը չեն վճարվում: Համայնքապետերը պատճառաբանում էին նաեւ, որ ընտրությունների տարի է եղել եւ, բացի այդ, բացասական ազդեցություն է ունեցել նաեւ տնտեսական ճգնաժամը: Սակայն Ա. Գեւորգյանին այս պատճառաբանությունները հիմնավոր չթվացին. «Խնդիրներն առաջացել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից: Դա նշանակում է, որ դուք սեփական եկամուտների հավաքագրումը ճիշտ չեք կազմակերպում»: Ա. Գեւորգյանը հրահանգեց մինչեւ մայիսի 1-ը հավաքել ոչ միայն այս, այլեւ 2008-ի պարտքերը. «Այն համայնքներում, որտեղ պետական բյուջեով նախատեսված են կապիտալ ծախսեր, ոչ մի կոպեկ չի ծախսվելու՝ մինչեւ այդ համայնքները սեփական եկամուտների հավաքագրումը չբարելավեն: Որտեղ արձանագրվեց թերակատարում, պետությունը իրեն՝ ծրագրերը վերանայելու իրավունք է վերապահելու»: Որպեսզի վստահ լինի, որ իր ասածներն աչքաթող չեն արվի, փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջիկա 10 օրերին ստուգումներ են կատարվելու մարզպետարաններում՝ պարզելու, թե պետական պաշտոնյաները որքանո՞վ են կատարում հողի հարկի եւ գույքահարկի հետ կապված վճարումները: Նշենք նաեւ, որ հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրումը խթանող միջոց է լինելու այն, որ գյուղատնտեսական վարկ ստանալու համար պարտադիր նախապայման են համարվելու այդ հարկերի վճարումները վկայող փաստաթղթերը: