Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿՄՆԱ ԱՌԱՆՑ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ

Փետրվար 10,2009 00:00

\"\"Այս տարի գյուղացիները ստիպված են պարարտանյութը գնել նախորդ տարվանից կրկնակի թանկ գնով

Այս տարի պետությունը գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի ձեռքբերման համար սուբսիդիա չի հատկացնելու: Նախորդ տարիներին կառավարությունը պայմանագիր էր կնքում պարարտանյութի ներկրմամբ զբաղվող որեւէ ընկերության հետ եւ վճարում էր պարարտանյութի արժեքի որոշ մասը, մյուս մասն էլ վճարում էր գյուղացին: Սա բավականին թեթեւացնում էր գյուղացիների հոգսը, քանի որ նրանք պարարտանյութը ձեռք էին բերում ինքնարժեքից ցածր գնով: Սակայն այս տարի կառավարությունը որոշել է չաջակցել գյուղացիներին եւ թողնել, որ իրենք տեսնեն իրենց գլխի ճարը, ինչն էլ հողօգտագործողների շրջանում դժգոհություն է առաջացրել, քանի որ, նրանց հավաստմամբ, իրենք առանց այդ էլ բավականին մեծ գումարներ են ծախսում հողը վարելու, ցանելու եւ բերքը մշակելու համար եւ ի վիճակի չեն ավելի գումար տրամադրել պարարտանյութին:

Պարարտանյութեր ներկրող ընկերություններն էլ արդարանում են, որ ոչ թե իրենց ներկրած ապրանքի գինն է բարձրացել, այլ պետությունն այլեւս սուբսիդիա չի տրամադրում եւ իրենք էլ պարարտանյութը վաճառում են ազատ շուկայական գներով:

Անցյալ տարի պարարտանյութի 1 պարկը գյուղացին գնել է 4000-4200 դրամով, իսկ այժմ ստիպված է վճարել ավելի քան 6600 դրամ: Հանրապետության բոլոր գյուղապետերն արդեն հայտարարություն են փակցրել՝ պարարտանյութ ձեռք բերելու նպատակով գումար հավաքագրելու մասին: «Առավոտը» հանրապետության մի քանի մարզերից փորձեց պարզել, արդյո՞ք գյուղացիները դիմում են իրենց՝ թանկ գնով պարարտանյութ գնելու համար: Այս առնչությամբ Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետի տեղակալ Ավո Ծատուրյանն ասաց. «Պարարտանյութ գնելու համար պետք է նախապես վճարենք գումարի 50 տոկոսը, ինչը հիմա գյուղացիները ի վիճակի չեն անել: Ես ասել եմ գյուղապետերին այս կարգի մասին, սակայն նրանք պատասխանում են, որ պարարտանյութը թանկ է եւ գյուղացիներն այդքան գումար չունեն: Դրա համար էլ դեռ պատվերներ չունենք: Բայց սա վերջնական չէ, հնարավոր է լինեն պատվերներ»:

Պետական սուբսիդիայի դադարեցման փաստը բավականին ուրախացրել է «Դվին կոնցեռնին»: Ընկերության տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի խոսքերով, երբ իրենք պարարտանյութ էին ներկրում պետության պատվերով, ապրանքը վաճառում էին ինքնարժեքով. «Առաջ մենք 30 հազար տոննա ենք բերել, որից 20 տոննան սուբսիդիայով ենք իրացրել, գինն էլ պետությունն էր որոշում: Ինձ ձեռնտու է ազատ մրցակցությունը, ոչ թե սուբսիդիան: Այն ժամանակ մենք պարարտանյութի պարկը 4200 դրամով էինք բերում, տոննան արժենում էր 84 հազար դրամ, որից 10 հազար դրամն էր պետությունը տալիս: Մենք այսօր սելիտրան թանկ ենք առնում, պետությունը սուբսիդիան չի տալիս, ուստի ապրանքը թանկ ենք վաճառում: Սա մեծ պրոբլեմ է դառնալու մարտին, այսինքն՝ սեզոնին, քանի որ պարարտանյութ ներկրող շատ ընկերություններ, ի դեմս «Ագրարագյուղացիական միություն» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի, հայտարարում են, որ 5800 դրամով են մեկ պարկը վաճառելու, որը, իմ հաշվարկներով, անհնար է, բայց կարող է՝ սխալվում եմ: Ես բոլորին ասում եմ՝ եկեք հիմա 6300 դրամով մեր պահեստից տարեք ապրանքը, սակայն մարդիկ չեն գալիս ու սպասում են, որ պարարտանյութի գինը իջնելու է»: «Առավոտը» փորձեց «Ագրարագյուղացիական միություն» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանից ճշտել՝ իսկապե՞ս պարարտանյութը կէժանանա, սակայն նա ասաց՝ «Ես «Առավոտի» հետ որեւէ հարցի շուրջ չեմ ուզում զրուցել»:

Թե ինչու է պետական սուբսիդիան վերացվել, փորձեցինք ճշտել գյուղատնտեսության նախարարությունից: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ սուբսիդա իրականում տրամադրվում է, սակայն՝ նոր կարգով. «Բոլոր այն գյուղացիները, որոնք մշակում են եգիպտացորեն, 1 հեկտարի համար պետության կողմից ստանում են 35 հազար դրամ: Բարձրլեռնային գյուղերի բնակիչները 1 հեկտարի համար նույնպես կստանան այդքան գումար, սակայն եթե աճեցնեն ցորեն, իսկ սահմանամերձ վայրերում պետք է ցորեն եւ գարի մշակեն, որպեսզի պետությունը աջակցի»: Նախարարությունից տեղեկացրեցին աեւ, որ եթե նախկինում սուբսիդիան տրամադրվում էր պարարտանյութ ներկրողին, հիմա տվյալ գյուղացին այդ գումարը ստանում է անձամբ՝ բանկի միջոցով:

Նշենք, որ վերջերս «Առավոտի» հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության սուբսիդավորման բաժնի պետ Վլադիմիր Մանուկյանը տրամադրված սուբսիդիայի առնչությամբ ասել էր. «Սուբսիդիան տրամադրվում է վարուցանքի սեզոնից հետո, գյուղացին իր ցանկությամբ կարող է կոշիկ առնել, կոմբայնավարի գումարը տալ, հողի հարկը մուծել կամ պարտքով վերցրած վառելիքի գումարը վճարել: Դա իր խնդիրն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել