Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը պարտավորություն չունի փաստեր տրամադրելու

Փետրվար 10,2009 00:00

\"\"Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը գլխավոր դատախազին հիշեցրել է օրենքի դրույթները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հունվարի 15-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրությամբ տեղեկացրել էր, թե քաղաքացիներն իրեն հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքներով հայտնել են, որ «անձը ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց, ձերբակալվելուց, իսկ այնուհետեւ կալանավորվելուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի ժամանակով է պահվել ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայրերում»: Եվ նշել էր, թե ոստիկանության բաժիններում առկա ձերբակալվածների պահման հաշվառման մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ իրականում նման դեպքեր գոյություն ունեն, եւ շատ հաճախ կալանավորվածները պահվում են այնտեղ օրենքով նախատեսված 72 ժամի փոխարեն՝ 10-15 օր. «Ոստիկանության իրավասու մարմիններից պարզաբանումներ ստանալու նպատակով ուղարկված հարցումներին ի պատասխան՝ հաճախ հայտնվում է, որ իրենք անձանց ՁՊՎ-ներում պահում են մարզի (համայնքի) դատախազների գրավոր ցուցումների հիման վրա»: Եվ այդ պատճառով հղում անելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 12 հոդվածին՝ Արմեն Հարությունյանը գլխավոր դատախազին առաջարկել էր պարզաբանել, թե իրավական ի՞նչ հիմնավորմամբ են դատախազները նման ցուցումներ տալիս ոստիկանությանը:

Երեկ Պաշտպանը մի նոր գրություն է ուղարկել Աղվան Հովսեփյանին, որում հիշատակված է, թե հունվարի 15-ի իր գրությանն ի պատասխան՝ գլխավոր դատախազության վարչության պետ Շ. Տիգրանյանը խնդրել է «ստուգման նպատակով ՀՀ դատախազություն ներկայացնել մեր կողմից կատարված ուսումնասիրությամբ արձանագրված կոնկրետ փաստեր, ինչպես նաեւ քաղաքացիներից ստացված այն դիմումները, որոնց մասին մեր կողմից նշվել է հիշյալ գրության մեջ»: Արմեն Հարությունյանը հիշատակել է, թե այս հարցի վերաբերյալ միաժամանակ առաջարկել էր ՀՀ ոստիկանության պետին՝ հանձնարարել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ: Եվ ի պատասխան այդ գրության՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի ստորագրած գրությամբ հայտնվել է. «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ՁՊՎ-ներում դատավորների, դատախազների եւ քննիչների գրությունների համաձայն օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ կալանավորված անձանց պահելու արատավոր պրակտիկան բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի 29.01.2009թ. թիվ 2-Ց ցուցումով ոստիկանության իրավասու ծառայություններին հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ-ներում կալանավորված անձանց պահելիս խստագույնս առաջնորդվել ՔԴՕ-ի եւ «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի պահանջներով»:

Իսկ դատախազությանը Պաշտպանը երեկ տեղեկացրել է, թե իր գրության մեջ նշված փաստեր արձանագրվել են մասնավորապես Վանաձորի, Արտաշատի, Վաղարշապատի, Կոտայքի, Նաիրիի բաժիններում եւ այլն. «Ինչ վերաբերում է դատախազությանը փաստեր տրամադրելուն կամ քաղաքացիների դիմումները ներկայացնելուն, պարզաբանում եմ, որ գործող օրենսդրության համաձայն՝ Պաշտպանը նման պարտավորություն չունի որեւէ պետական մարմնի առջեւ, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասն էլ նշում է, որ Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում՝ նաեւ որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Բացի դրանից, նույն օրենքի 14 հոդվածի համաձայն, Պաշտպանն իրավունք չունի բողոքի ուսումնասիրման ընթացքում իրեն հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակել՝ առանց նրանց գրավոր համաձայնության: Սակայն աշխատանքի արդյունավետությունից ելնելով եւ փոխշահավետ համագործակցության նպատակով՝ նախապես ստանալով քաղաքացիների համաձայնությունը, Ձեզ հետաքրքրող ցանկացած փաստի կամ տվյալի կարող եք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ այնտեղ ուղարկելով Ձեր ներկայացուցիչներին»:

Արմեն Հարությունյանը եւս մեկ անգամ առաջարկել է Աղվան Հովսեփյանին՝ հայտնել, թե իրավական ինչ հիմնավորմամբ են դատախազները նման ցուցումներ տալիս ոստիկանության աշխատակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել