Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ

Փետրվար 10,2009 00:00

\"\"Մյունխենում հայտարարել է Սերժ Սարգսյանը, իսկ Գորան Լենմարկերը Երեւանում հայտարարել է, որ հիմա է լուծումներ գտնելու ժամանակը:

«Մենք պետք է կարողանանք սովորել անցյալի դասերը, որպեսզի կանխվեն տարածաշրջանի շարունակվող ռազմականացումն ու բաժանարարների խորացումը: Պետք է կարողանանք, քանզի Հարավային Կովկասի համար մշտապես կիրառվել են պիտակներ ու կարծրատիպեր, որոնք արմատախիլ անելու ժամանակն է՝ հանուն մեր երկրների կայուն եւ խաղաղ ապագայի: Ես կարծում եմ՝ տարածաշրջանում այսօր կան առաջնորդներ, ովքեր պատրաստ են ոչ ստանդարտ լուծումներ առաջ քաշել, ովքեր կարող են կաղապարներից անդին որոշումներ կայացնել ու բավարար քաղաքական կամք ցուցաբերել դրանց իրականացման համար: Եվ սա ինձ հիմք է տալիս լավատես լինել մեր տարածաշրջանի համար»,- Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ երեկ Երեւանում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ Ղարաբաղի հարցով լուծումներ գտնելու ժամանակը հիմա է: ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասել է նաեւ, որ երեւանյան այցի նպատակը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության շուրջ ՀՀ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկումներն են»: ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, Գորան Լենմարկերի հետ հանդիպումից հետո, «Առավոտ»-ին ասաց. «Լենմարկերը շատ կարեւոր դերակատարություն ունեցող անձնավորություն է, որովհետեւ քաջատեղյակ է, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, մանավանդ՝ ԼՂ կարգավորման հարցով: Նրա տեսակետները կարեւոր են ոչ միայն հարցի կարգավորման առումով, այլեւ մեծ ազդեցություն են ունենում ԵՄ համապատասխան որոշումների կայացման վրա: Հնարավորինս մանրամասն փորձեցի ներկայացնել մեր մոտեցումները: Իրեն հետաքրքրում են ընդհանրապես նոր զարգացումները, հիմնական շեշտը նրա վրա էր դրված, որ ռուս-վրացական պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, եւ այս իրավիճակը նոր առաջնահերթություններ է մատնանշում, որոնք պետք է հաշվի առնել: Հիմնական խնդիրն այն էր, թե այս նոր իրավիճակը ինչպես է ազդում Ղարաբաղի հարցի վրա: Իմ կողմից նշեցի երեք հիմնական ձեռքբերում: Առաջինը՝ հստակ է, որ հարցը չունի ռազմական լուծում, եւ դա ոչ միայն ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, այլեւ Մայնդորֆյան հայտնի հռչակագիրը արդյունք էր նաեւ այդ գնահատումների: Դրա կարեւորությունն այն էր, որ 14 տարի հետո կողմերը համատեղ փաստաթղթի տակ ստորագրություն դրեցին, իհարկե, 14 տարի առաջ դա եղել է նաեւ Ղարաբաղի մասնակցությամբ, եւ ես պարոն Լենմարկերին ասացի, որ միակ բացն այն է, որ այդ փաստաթղթում չկա ԼՂ ստորագրությունը»: Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, խոսվել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին հեռանկարային քաղաքականության մասին, եւ որպես դրական քայլ է նշվել այն, որ «փորձ է արվում ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունները չկապել մեկը մյուսի հետ, այլ տարանջատել եւ լուծել զուգահեռաբար: Սա նոր մոտեցում է, որը մինչ հիմա չի եղել»: ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ խոսվել է նաեւ այն մասին, որ գնալով մեծանում է ԵՄ դերակատարությունը մեր տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանում, եւ մենք ավելի հետաքրքիր ենք դրսի համար, քան տարածաշրջանում այլ երկիր: Ըստ Արմեն Ռուստամյանի. «Մենք այս շանսը չպիտի կորցնենք, որովհետեւ բոլոր այն ծրագրերը, որոնք այսօր ԵՄ-ն տարածաշրջանի մակարդակով իրականացնում է, դրանցում ամենաշահագրգիռ կողմը Հայաստանն է: Մեր երկիրը որեւէ կերպ շահագրգռված չէ նոր պատերազմով, հակառակը՝ ամեն կերպ փորձում է աջակցել, մասնակցել համագործակցության ընդլայնման գործընթացին, եւ սա Եվրոպայի մեր գործընկերները հստակ տեսնում են: Այս առումով ՀՀ-ն ոչ միայն վստահելի գործընկեր կարող է լինել, այլեւ այդ գաղափարներն առաջ մղող շարժիչը կարող է հանդիսանալ: Միայն մեկ խնդիր կա՝ մեր ներքին բարեփոխումների ընթացքը. օր առաջ պետք է կարողանանք այս հարցերը լուծել, որպեսզի լիարժեք գործընկեր դառնանք տարածաշրջանում»:

Գ. Լենմարկերը երեկ երեկոյան հանդիպել է նաեւ խորհրդարանական ընդդիմության՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հետ: Արմեն Մարտիրոսյանը հանդիպումից հետո մեզ փոխանցեց, որ Գորան Լենմարկերն իրենց հայտնել է ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված իր լավատեսությունը եւ հույս է հայտնել, որ հարցը կկարգավորվի կարճ ժամանակ հետո, խաղաղ ճանապարհով: «Ժառանգության» անդամներն իրենց հերթին ասել են, որ թեպետ ընդունում են պարոն Լենմարկերի լավատեսությունը, քանի որ, հնարավոր է՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչն ավելի շատ ինֆորմացիա ունի եւ դրա համար է լավատես, սակայն նաեւ ներկայացրել են «Ժառանգության» տեսակետը հարցի կարգավորման վերաբերյալ եւ հայտարարել, որ հավանական խաղաղությունը պետք է լինի երկարաժամկետ եւ ոչ թե պատերազմի վտանգով եւ սպասումով հղի:

Հ. Գ. Ի դեպ, Գորան Լենմարկերը երեկ միայն ընթրիքի սեղանի շուրջ է հանդիպել ԵԱՀԿ հայաստանյան պատվիրակության անդամների հետ, իսկ առավոտյան նախատեսված հանդիպումը չի կայացել, քանի որ պարոն Լենմարկերի ճամպրուկները դեռ չեն հասել Հայաստան, եւ եվրոպացին առանց կոստյումի է մնացել: Թե ինչ հագուստով է նա հանդիպել ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ, չճշտեցինք: Իսկ ԱԺ նախագահի մոտ Գորան Լենմարկերը եկել էր փողկապով եւ կոստյումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել