Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ՞

Փետրվար 10,2009 00:00

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում երեկ հրապարակվել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանից փետրվարի 6-ին ստացված պատասխանը՝ Արմեն Հարությունյանի հունվարի 27-ի գրությանը: Պատասխանում մասնավորապես ասված է. «Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Սասուն Միքայելյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով 2009 թ. հունվարի 26-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ է գործուղվել արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի թերապեւտիկ բաժանմունքի գլխավոր մասնագետ, սրտաբան Հ. Հեքիմյանը, որի եզրակացությամբ՝ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի վատթարացումը կրում է հիմնականում նեյրոցիրկուլյատոր բնույթ եւ կապված է դիստոնիկ երեւույթների հետ։ Ըստ Հ. Հեքիմյանի՝ Սասուն Միքայելյանը ներկա պահին մասնագիտական բուժման կարիք չունի։ 2009 թ. հունվարի 27-ին կալանավոր Ս. Միքայելյանի առողջական վիճակը մեր նախաձեռնությամբ կրկին ուսումնասիրվել է՝ ինչպես շտապօգնության, այնպես էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբանների կողմից։ Համաձայն շտապօգնության սրտաբան Գ. Պողոսյանի եզրակացության, ախտորոշվել է «Սրտի իշեմիկ հիվանդություն, հետինֆարկտային կարդիոսկլերոզ»։ Հաշվի առնելով հիվանդի բավարար առողջական վիճակը՝ հոսպիտալացում չի առաջարկվել։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբանի հետազոտման արդյունքում, Սասուն Միքայելյանի մոտ ախտորոշվել է «Զարկերակային հիպերտենզիա։ ՆԿ 1 աստիճան»։ Ըստ սրտաբան Շ. Ղուլիջանյանի՝ Սասուն Միքայելյանը ներկա պահին ստացիոնար բուժման կարիք չունի։ Խորհուրդ է տրվել շարունակել բուժումը ամբուլատոր պայմաններում»:

Գեւորգ Դանիելյանը նաեւ հայտնում է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը դիմել է առողջապահության նախարարություն, որպեսզի «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ գործուղվի բժիշկ-սրտաբան եւ նյարդաբան՝ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը մեկ անգամ եւս հետազոտելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել