ՀՀԿ-ին բավարարում են վարչապետը, նախագահը եւ խորհրդարանը, Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չի սպասում: Երեկ այսպիսի բաներ է ասել ԱԺ հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկ եւս փայլեց իր տեսակետների յուրօրինակությամբ: «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում պարոն Զոհրաբյանը բավականին բաներ ասաց, որոնց մի մասին արժե անդրադառնալ: Մասնավորապես, նա նկատեց. «Այդ հոդվածներով (նկատի ունի 225-ն ու 300-ը- Մ. Ե.) մեղադրում են, որ տեղի են ունեցել անկարգություններ, որոնց հետեւանքով նաեւ մարդիկ են զոհվել: Այսինքն՝ մեղադրվում է նաեւ այն մարդը, ով միտինգ է հրավիրել եւ կոչեր է արել, ու նաեւ նրան էին վերաբերում սպանությունները: Հիմա դրանք իրարից տարանջատում են, այսինքն՝ դու կարող ես մասնակցել միտինգին կամ երթին, բայց դու որեւէ կապ չունես քրեական հանցագործության հետ»: ՀՀԿ փոխնախագահը նաեւ «տեղեկացրել» է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությունների արդյունքում եթե պարզվի, որ այս կամ այն մարդը հանցանք չի գործել. «Գուցե նրանց բաց թողնեն՝ բավարարվելով այս ժամկետը մեկուսարանում անցկացնելով»: Հավանաբար նկատի ունի այն, որ մարտի 1-ի դեպքերից հետո մարդիկ արդեն մեկ տարի ազատազրկման մեջ են: Լրագրողի հարցին՝ անձամբ Ռազմիկ Զոհրաբյանը կողմնակից կլինի՞, որ ընդդիմադիր գործիչներն ազատ արձակվեն, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է. «Ես կողմնակից եմ լարվածության թուլացմանը, նախագահի կողմից ներման խնդրագրերի հիման վրա ներումներ շնորհելուն, կողմնակից եմ նաեւ համաներման, բայց դատավարությունը պետք է կայանա, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, ովքեր քրեական հանցագործություն են կատարել, եւ կան մարդիկ, ովքեր միայն միտինգի են մասնակցել եւ կոչեր են արել»:
Կոնկրետ չասաց, թե ով է հանցանք կատարողը եւ ով՝ կոչեր անողը, միայն նկատեց. «Ասենք, չգիտեմ, ձողով մեկը հարվածել է, մյուսը զենք է պահել»: Պարոն Զոհրաբյանը նաեւ ցավ է հայտնել, որ ընդդիմությունը զրկված է եթերից. «Դա լավ չէ»,- գնահատական է տվել ԱԺ պատգամավորը, նաեւ զարմացել, թե ինչպես է լինում, որ մարդիկ առանձին-առանձին այլ բան են ասում, երբ հավաքվում են, այլ բան են ասում. «Մինչեւ այժմ գիտությանն անհայտ է, թե այդ ինչպես է, որ մարդիկ առանձին-առանձին մի բան են խոսում, իսկ երբ գալիս-հավաքվում են մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար, այլ բան են ասում: Մինչեւ հիմա անհայտ է, թե ինչպես է, որ մի մեծ ամբոխը դառնում է մեկ մարդու գիտակցություն եւ անում է այն, ինչ պահանջվում է, դրա համար էլ ասում են, որ ինչքան քիչ հավաքվեն, զերծ մնան, այնքան ավելի լավ, բայց կա նաեւ դրա մյուս կողմը՝ հեռուստաեթերը փակ է ընդդիմադիրների համար, եւ փաստորեն մարդիկ գալիս են տեղեկություն իմանալու միտինգների տեղից»: