Այսպես է անվանում քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի կինը՝ Աննա Մալխասյանը, բոլոր այն պատգամավորներին եւ մտավորականներին, ովքեր սպասում են «7-ի» դատավճռին:
– Ի՞նչ տպավորություն եք ստանում այն ամենից, ինչ տեղի է ունենում «7-ի գործով» եւ գործի շուրջ:
– Տպավորությունս այն է, որ դատարանը շահագրգիռ է, որպեսզի ձգձգվի դատական պրոցեսը, քանի որ իրենք լավ հասկանում են, որ ամեն ինչ հիմնված է ստի վրա: Այդ գործի ողջ նախաքննական պրոցեսը եւ մեղադրական եզրակացությունը ոչ մի կապ չունեն կալանքի տակ պահվող յոթ անձանց հետ: Իշխանությունները հասան նրան, որ կալանավորվածների հարազատները նիստերին ներկա չլինեն: Ամեն ինչ արեցին, որ դատարանի շենքի մոտ էլ չկանգնենք, բայց ոչնչի չհասան, միայն իրենց անունն ավելի պախարակեցին: Միեւնույն է՝ մենք գալու ենք, թեկուզ դրսում սպասենք: Մինչեւ օգոստոս ամուսնուս ապօրինի են պահել՝ առանց նրա դեմ որեւէ ցուցմունք ունենալու: Դրանից հետո, ստիպողաբար, որոշ մարդկանց տարան ոստիկանական բաժանմունքներ, քննիչներն ուղղորդված ցուցմունքներ կորզեցին: Իսկ երկրի սահմանները պաշտպանող զինվորին՝ Կարեն Հայրապետյանին, որը հրաժարվեց ցուցմունք տալուց, զրկեցին սահմանները պաշտպանելու իրավունքից եւ դատապարտեցին երկու տարով: Եղբորս իբրեւ ամուսնուս վարորդ ձեւակերպեցին եւ 1,5 տարով դատապարտեցին: Բայց Մյասնիկն էլ, եղբայրս էլ ամսի 1-ին եղել են տանը, գիշերը օպերայի հրապարակում չեն եղել: Շատ մարդիկ կան, որ այդ մասին կարող են վկայել: Այդ յոթն էլ մաքուր անցյալ ունեն, յուրաքանչյուրը յուրովի եւ մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետության կայացման գործում: Մեր երկրի համար օրհասական պահերին ամուսինս թողեց իր ուսուցչական գործունեությունը եւ գնաց հայրենիքի սահմանները պաշտպանելու: Զավեշտականն այն է, որ այդ յոթից առնվազն երկուսը՝ Շանթ Հարությունյանը եւ Գրիգոր Ոսկերչյանը, ամուսնուս հետ ծանոթ չէին, հետեւաբար չէին կարող կազմակերպել եւ գրավել իշխանությունը: Հատկապես, որ ամուսինս իշխանության մեջ էր: Ի հեճուկս մյուս պատգամավորների, որոնք գերադասեցին թաքնվել, Մյասնիկը, Սասունը, Հակոբը գնացին իրենց ընտրողների հետ եւ կանգնեցին իրենց ընտրողների կողքին: Դա իրենց իրավունքն է:
– «Ժառանգություն» խմբակցության՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ձախողվեց, իսկ դա ընդառաջ քայլ էր կալանքի տակ գտնվող պատգամավորների դիմումին, որպեսզի դատախազը փորձեր առավել փաստարկված ներկայացնել պատգամավորների կալանքի անհրաժեշտությունը: Այս առիթով ի՞նչ կասեք:
– Չստորագրած պատգամավորներից շատերը շատ լավ ճանաչում են թե ամուսնուս, թե մեր ընտանիքը: Այդ կուլիսային խոսակցությունները, թե՝ մենք ընկերներ ենք, սուտ են: Դա պահն էր ապացուցելու, իրենց սխալն ուղղելու, բայց՝ ցավոք… ոչ ոք եւ երբեք իրավունք չունի ասելու՝ ընկերներ ենք: Եթե գլխավոր դատախազն ուներ հիմնավոր փաստեր, թող փոքր-ինչ նեղություն կրեր եւ մեկ անգամ եւս ապացուցեր, որ այդ պատգամավորները հանցանք են գործել: Եթե անգամ անհրաժեշտ քանակով ստորագրություններ չեն հավաքվում արտահերթ նիստի համար, էլ ինչի՞ մասին է խոսքը: Այդ պատգամավորներից շատերը, նույնիսկ որոշ մտավորականներ, հայտարարում են, որ իրենք սպասում են դատական պրոցեսի ավարտին. ես նրանց կեղծավորներ կանվանեմ: Իրենք չգիտե՞ն՝ ինչ է կատարվում դատարաններում: Սմբատ Այվազյանը եւ այլոք դատապարտվեցին առանց հիմքերի, ի՞նչ երաշխիք, որ «7-ի» դեպքում էլ նույնը չի կրկնվի: Այս հարցն իրավական դաշտում լուծվելու հարց չէ:
– Բանտում քաղկալանավորների նկատմամբ կիրառվող բռնարարքներով կհաջողվի՞ տղաներին կոտրել:
– Ոչ, չի հաջողվի, նախեւառաջ նրա համար, որ նրանք անմեղ են: Նրանք շա՜տ դժվարություններ են տարել, սա էլ կտանեն:
– Ամենատարբեր առիթներով բոլորը հույսեր էին փայփայում, որ նախագահը համաներում կշնորհի «մարտի 1-ի» գործով կալանավորվածներին: Բայց կարծես՝ նախագահն ավելի քան ռադիկալ տրամադրվածություն ունի…
– Այս հարցն անպայման լուծում պետք է գտնի: Կարծում եմ՝ համաներումը եւս լուծում է:
– Այսինքն՝ հույսը դեռ չեք կորցրել:
– Ոչ:
– Դեռ ինչքա՞ն կձգվի այս վիճակը:
– Համբերությամբ սպասում ենք՝ անկախ բոլոր դժվարություններից, որ կրում ենք:
– Շատերն ակնկալում էին, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը կզրկվի ձայնի իրավունքից, երկրի նկատմամբ պատժամիջոցներ կլինեն, արդյունքում արագ հանգուցալուծում կգտներ նաեւ քաղբանտարկյալների հարցը: Բայց ԵԽԽՎ-ն երկարացրեց ուղղվելու համար մեզ տրված ժամկետը:
– ԵԽԽՎ-ն ոչ մի լուծում էլ չի կարող տալ: Սրանք այն հարցերն են, որ երկրի ներսում պիտի լուծվեն: Ովքեր իրավասու են, նրանք են պարտավոր այս հարցերին լուծում տալ:
– Չե՞ք հոգնել մեկ տարի անընդհատ պայքարելուց:
– Մեր ամուսինների ազատության համար պայքարելուց չենք հոգնել եւ չենք հոգնելու: Շարունակվում են դատախազության շենքի մոտ ամեն ուրբաթ կայացող ակցիաները, որոնց մասնակից քաղբանտարկյալների կանանց եւ հարազատներին ամեն անգամ միանում են տարբեր մարդիկ, եւ մենք կհավաքվենք մինչեւ հարցը լուծում ստանա:
– Մասնակցելո՞ւ եք մարտի 1-ին սպասվող հանրահավաքին եւ քաղաքական դաշտի վերստին ակտիվացմամբ ինչ-որ հույսեր ունե՞ք:
– Մասնակցելու եմ՝ նախ հարգելու 10 զոհվածների հիշատակը: Ինձ հետաքրքիր է, թե ընդդիմադիր դաշտում ի՞նչ լուծումներ են առաջարկում: Երկու կողմին էլ՝ եւ ընդդիմությանը, եւ իշխանությանը լսում եւ համբերատար սպասում եմ. ես ընտանիքի կին եմ: Սա ընտանիքների ճակատագիր է:
– Ի՞նչ կմաղթեիք Ձեր ամուսնուն:
– Նախ՝ շուտափույթ ազատություն: Քնելուց առաջ աղոթում եմ, որ իրենց առողջություն լինի, հոգու կորով, մեզ՝ համբերություն: Փետրվարի 15-ին ամուսնուս ծննդյան օրն է, մենք ընտանիքով երազում ենք, որ այդ օրը նա մեզ հետ լինի:
Նկարում` Մ. Մալխասյանը՝ կնոջ եւ երեխաների հետ: