ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողի օրերս ասածն առիթ դարձավ, որ ժամանակին Եվրոպայի խորհրդին անդամակցելուն դեմ արտահայտված գործիչը հիշի իր՝ վերնագրում մեջբերված փաստարկը:
Արդեն հաղորդել ենք, որ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրես Հերկելը 1stNews կայքէջի հարցին, թե ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում Ադրբեջանի նկատմամբ եւ չի տեսնում Հայաստանում առկա բազմաթիվ քաղբանտարկյալներին՝ պատասխանել է. «Արեւմուտքը Ադրբեջանին դիտարկում է իբրեւ իր դաշնակիցը եւ չի ցանկանում, որ նա իրեն համեմատի Հայաստանի հետ: Ավելի լավ կլիներ, եթե Ադրբեջանն իրեն համեմատի Թուրքիայի, Խորվաթիայի, Սլովակիայի եւ Արեւմտյան Եվրոպայի այլ երկրների հետ, որոնք ավելի մեծ հաջողությունների են հասել ժողովրդավարության զարգացման մեջ, քան օրինակ վերցնի Հայաստանից: Մենք ԵԽԽՎ-ում մտադիր էինք պատժել Հայաստանին, բայց գիտեք, որ նրա հետեւում ՌԴ-ն եւ այլ երկրներ են, որոնք կարողացան ազդել եվրոպատգամավորների տրամադրվածության վրա»:
ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, որը լինելով «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնության գործադիր քարտուղար՝ խորհրդարանում միակն էր, որը 2000-ին դեմ էր քվեարկել Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը վավերացնելուն՝ Հերկելի այս հայտարարությանն այսպես արձագանքեց. «Նախ ասեմ, որ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանի հետ՝ մեր մեծամիտ պատգամավորներն են մեղավոր եւ մեր իշխանությունները: Լիուլի համաձայն եմ այդ պարոնի հետ, որը ցանկացել էր, որ Ադրբեջանը համեմատվի այլ երկրների հետ: Բայց նախ մեզ էլ պատիվ չի բերի, որ համեմատվենք Ադրբեջանի հետ: Այդ կառույցին Հայաստանի անդամակցելուն ես ժամանակին կողմ չէի եւ կողմ չէի հենց այս պատմությունների համար: Բայց եթե անդամակցել ենք, ուրեմն պետք է մեզնից պահանջներն անհամեմատ մեծ լինեն, քան Ադրբեջանից: Եվ հերի՛ք է այդ ողորմելի կեցվածքը. երբ խոսում են երկրի վատ վիճակի մասին՝ սկսում են համեմատվել Ադրբեջանի կամ Վրաստանի հետ, եւ այդ մասին մոռանում են՝ հենց մի լավ բան է ասվում արտաքին աշխարհում: Չեն ուզում նմանվել Ֆրանսիային կամ Եվրոպայի առաջավոր այլ երկրների: Այ, ինքներս ենք մեր նկատմամբ կիրառում երկակի չափանիշները: Քանի կար՝ իմ նմաններին այդ մարդիկ բացատրում էին՝ բա ո՜նց կարելի է չգնալ Եվրոպա: Իսկ այն ժամանակ ես նրանց ասում էի՝ լսե՛ք, դուք ձեր տկլոր հետույքներով Եվրոպայի բան չեք, հասկացեք, դրա համար պետք է հասունանալ: Ինձ հազար հատ դիրքերից էին հակաճառում: Հիմա, երբ Եվրոպան դրել ու «թարս բուսած վարունգն է ցույց տալիս» սրանց՝ սրանք էլ սկսել են ասել, թե Եվրոպան մեզ ի՜նչ պիտի անի կամ թող թուրքերին ու ադրբեջանցիներին անի: Այ, սա է այդ տարբերությունը՝ երկիրը տվել են բախտախնդիրների, քաղաքական վարձու գործիչների եւ հանկարծակի հարստացած կատաղած հարիֆների ձեռքը՝ դրա համար էլ մեր գործերն այս վիճակում են»:
Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը, որը նույնպես միշտ հայտարարել է, թե մեր երկիրը դեռ արժանի չէր մաս կազմել Եվրոպայի խորհրդին՝ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողի գնահատականների կապակցությամբ ասաց. «Ես համամիտ եմ ԵԽԽՎ այդ պատգամավորի հետ: Ես ընդհանրապես չեմ ուզում, որ ո՛չ այդ երկրները համեմատեն Հայաստանի հետ, եւ ո՛չ էլ Հայաստանը համեմատվի նման երկրների հետ: Մեր չափանիշը պիտի լինեն ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրները: Իրոք, Հայաստանն Ադրբեջանի համար չափանիշ չէ, եւ իրոք՝ Ադրբեջանն էլ Հայաստանի համար չափանիշ չէ:
Ցավալի է, որ մեր իրավապաշտպաններն՝ ի տարբերություն Ադրբեջանի իրավապաշտպանների, այդ հարցում միասնական հանդես չեկան եւ չհայտարարեցին, թե մեզ մոտ կան քաղբանտարկյալներ: Այո՛, Ադրբեջանում այդ հարցն այլ կերպ է լուծվում. մի խումբ իրավապաշտպաններ հայտարարել են, որ իրենք ունեն քաղբանտարկյալներ եւ խնդրում են, որ ԵԽ-ն պատժամիջոց կիրառի իրենց երկրի հանդեպ: Դա նորմալ է իրավապաշտպանի համար: Եվ այդ հարցում Ադրբեջանը երեւի ավելի առաջ է»: