Վերջերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, առանց հիմնավոր պատճառաբանության, պաշտոնից ազատել էր Նորավանի մանկապարտեզի վարիչին՝ Ռուզաննա Ներսիսյանին: Նա ավագանու նախկին անդամ, Գյումրիի թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանի կինն է: Քաղաքապետի այս քայլը տիկինը որակել էր որպես քաղաքական հաշվահարդար, նկատի ունենալով այն փաստը, որ իր ամուսինը ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար «հանդգնել» էր առաջադրել նաեւ իր թեկնածությունը, այնուհետեւ, ինքնաբացարկ հայտնելով, միացել էր Վարդան Ղուկասյանի հակառակորդ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
Ռ. Ներսիսյանին պաշտոնազուրկ անելու առիթով, քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանը լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ տիկինը լավ չի աշխատել, այդ պատճառով էլ իրենք ցանկություն չեն ունեցել նրա հետ պայմանագիրը երկարացնել: Մինչդեռ, ըստ Ռ. Ներսիսյանի, իր հետ 10 տարի շարունակ ոչ մի պայմանագիր չի կնքվել, ավելին, քաղաքապետն իրեն միշտ շնորհակալագրեր է հանձնել՝ լավագույն աշխատանքի համար:
Երեկ Ռ. Ներսիսյանը «Առավոտին» փոխանցեց, որ ինքը դատի է տվել քաղաքապետին, դատը նշանակված է փետրվարի 16–ին: Իսկ Վարդան Ղուկասյանն արդեն իսկ մանկապարտեզի վարիչի պաշտոնակատար է նշանակել: 6 ամսով այդ պաշտոնը կզբաղեցնի Գյումրիի թիվ 17 մանկապարտեզի դաստիարակ Ռուզաննա Պետրոսյանը: Տեղեկացնենք, որ վերոհիշյալ մանկապարտեզի վարիչը Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի դուստրն է: Իսկ թե ինչո՞ւ 6 ամսով, ըստ Ռուզաննա Ներսիսյանի, պատճառն այն է, որ քաղաքապետը դատարանի վճռին է սպասում. եթե քաղաքապետին իրենից ազատվել չհաջողվի, ապա նոր միայն իր ուզած անձնավորությանը պաշտոն կնվիրի: