ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունը դասալսումներ է անցկացրել Արցախի մի շարք բարձրագույն հաստատություններում` Արցախի պետական համալսարան, պետական հավատարմագիր ունեցող «Մաշտոց», «Նարեկացի» համալսարաններ, եւ ի հայտ բերել մի շարք թերություններ: Մասնավորաբար՝ ուսանողների հաճախումների պարբերականությունը, կուրսային աշխատանքներում թերացումներ, լեզվի մասին հիմնական դրույթների անտեսում: Պարզվել է նաեւ, որ այս քննաշրջանում գերազանցիկների թիվն ավելին է, քան նախորդում:
Նախարարության ներկայացուցիչները մտահոգված են, որ դասախոսները պատշաճ լրջություն չեն ցուցաբերում հեռակա ուսուցման ուսանողներին գիտելիքներ տալու եւ որակյալ կրթության հարցում: Այնինչ, հենց այդ ուսանողներն են, որ այսօր աշխատում են տարբեր ոլորտներում, այդ թվում եւ ծայրամասային գյուղերում՝ ուսուցիչ, եւ հենց նրանք պետք է հմուտ եւ բանիմաց լինեն: Իրենք՝ ուսանողները, դասերին գրեթե չհաճախելու կամ շատ բացակայելու մասին հարցին երկու պատասխան են տալիս. նախ հիմնարկների ղեկավարները թույլ չեն տալիս երկար ժամանակով բացակայել աշխատանքից, եւ «մաղարիչով» կարողանում են գնահատական ստանալ:
Կրթության դերը կարեւոր է ցանկացած երկրի համար: Ղարաբաղի համար՝ առավել եւս, քանի որ երկիրը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրվելու խնդիր ունի: Պետությունը այս հարցում հետեւողական քաղաքականություն է վարում.
2009 թվականի պետական բյուջեում կրթության եւ գիտությանը հատկացվել է 9,3 միլիարդ դրամ՝ 24,7%-ով կամ 1,8 միլիարդ դրամով ավելի, քան 2008 թվականին: Բուհական համակարգին հատկացվող միջոցները 2009 թվականին, անցյալ տարվա համեմատությամբ, աճել են 68,8%-ով կամ 183,4 մլն դրամով եւ կազմել 450 միլիոն դրամ: Շոշափելիորեն բարձրացել են նաեւ աշխատավարձերն ու թոշակները:
Ստուգված բուհերի ղեկավարները խոստացել են առավել ուշադիր լինել, նվազագույնի հասցնել թերացումներն ու բացերը: Միայն այսկերպ է հնարավոր ունենալ ժամանակակից ու մրցունակ գիտակրթական համակարգ: