Հանրապետության երաժշտական, արվեստի ու գեղարվեստի դպրոցների սաներին եւ ուսուցիչներին ուսումնամեթոդական եւ գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2008 թ. ստեղծված «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը» երեկ Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիային էր հյուրընկալվել: «2008 թ. ընթացքում մարզերի եւ Երեւանի դպրոցների ուսուցիչների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ու դասալսումներ՝ բոլոր մասնագիտությունների գծով, շուրջ 100 մասնագետների մասնակցությամբ անցկացվել վարպետության դասեր, հրատարակվել է ՀՀ երաժշտական, արվեստի ու գեղարվեստի դպրոցների վերաբերյալ տեղեկագիր»,- ասաց «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանը: Տասը մարզերում բացված մեթոդկենտրոններից յուրաքանչյուրում աշխատում է 3 մասնագետ: Ըստ տնօրենի՝ երեխաների համար մարզերում անցկացվում են դասալսումներ, վարպետության դասեր, աշխատել են ընդգրկել բոլոր երաժշտական գործիքները՝ փողային, լարային, դաշնամուր, ինչպես նաեւ պարարվեստ եւ գեղարվեստ:
«Եթե մարզում շնորհալի երեխա կա, որ ցանկանում է կոնսերվատորիա ընդունվել, կաջակցենք. նրա համար խորհրդատվություն կկազմակերպվի, վարպետության դասեր, բայց ուսման վարձ տալը դեռ ծրագրում չկա: Արտերկիր մրցույթների մեկնող երեխաներին ֆինանսավորում ենք,- ասաց Նելլի Սարգսյանը՝ ավելացնելով:- Մոտ 400 երեխա ստացել է մեթոդական օգնություն, վարպետության դասեր, խորհրդատվություն: Այն երեխան, որ իր կամքով մտնում է արվեստի օջախ, մենք աշխատում ենք աջակցել: Ուղղվածությունը միայն դասական է. հեռակա շրջանների երեխաները զուրկ են համերգ, թատրոն հաճախելու եւ հյուրախաղերի մեկնելու հնարավորությունից, դիտել են միայն հեռուստացույց, որը ճիշտ չի դաստիարակում: Մեր հիմնական խնդիրն է օգնել մարզերում կրթամակարդակի բարձրացմանը: Մարզերը զուրկ են բարձրորակ մշակույթից: Օրինակ, Իջեւանի երաժշտական դպրոցում մանկավարժ չկա. քամանչայի դասատուն դասավանդում է ջութակ, թավջութակ, քանոն, խմբավար է եւ տեսաբան: Թող շրջանավարտները դիպլոմ ստանալիս պայմանագիր կնքեն եւ 3 տարով մեկնեն շրջան աշխատելու»: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանն էլ նշեց. «Երաժշտական դպրոց հաճախող ոչ մի երեխա հանցագործ չի դառնա: Պետք է շարունակենք սկսած գործը: Նելլի Սարգսյանն էլ հոգնած մարդ չի, դրական արդյունք կունենաք»: