Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ԷՇԵԼՈՆԸ ՓԱՅԼՈՒՄ Է

Փետրվար 07,2009 00:00

Շախմատի «Moscow Open» բաց առաջնության «B» խմբում հանդես եկող հայաստանցի շախմատիստներն ընդհանուր առմամբ գերազանցում են բոլոր սպասելիքները:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է Դավիթ Գեւորգյանին եւ Սուրեն Պողոսյանին, որոնք վեց հնարավորից վաստակել էին հնարավոր առավելագույն քանակի միավոր եւ երեկ կայացած յոթերորդ տուրից առաջ միասին բաժանում էին 1-2-րդ տեղերը: Նրանցից բացի՝ խմբում չկա մեկ այլ շախմատիստ, որը խաղացած բոլոր պարտիաներում առավելության հասած լինի մրցակիցների նկատմամբ:

Գերազանց մրցելույթներ են ունենում նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, որը կորցրել է ընդամենը կես միավոր եւ ընթանում է 8-րդ հորիզոնականում, ինչպես նաեւ իրենց անվան դիմաց 5,0-ական միավոր գրանցած միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը (14-րդ տեղ), Տիգրան Սիմոնյանը (23-րդ) եւ Վարդան Մելքոնյանը (24-րդ): Նրանք եւ էլի 17 շախմատիստներ նույնպես շարունակում են հավակնել մրցանակային տեղերին:

Երեկ յոթերորդ տուրում առաջատարները՝ Սուրեն Պողոսյանը եւ Դավիթ Գեւորգյանը, հանդիպում էին միմյանց հետ: Ռոբերտ Աղասարյանի մրցակիցը Արթուր Պետրովն էր: Խաղատախտակի առջեւ իրենց հարաբերություններն էին որոշում նաեւ Վարդան Մելքոնյանն ու Սարգիս Մանուկյանը:

Ուժեղագույնների «A» խմբում շարունակում է հիացնել մեր վետերան գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Նա վեցերորդ տուրում տոնեց իր հերթական հաղթանակը եւ 5,0 միավորով բաժանում է 4-8-րդ տեղերը: Ցավոք, անհաջողության մատնվեց օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, որը 3,5 միավորով չի մտնում առաջին հարյուրյակ եւ արդեն դժվար թե մնացած տուրերում կարողանա վերականգնել կորցրածը եւ մրցանակային տեղի հույս փայփայել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել