Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴ ՔԱՂՑՐ ԲԱՌԸ՝ ԲԱԴԵՆ-ԲԱԴԵՆ

Փետրվար 07,2009 00:00

Խարմսի մանրապատումներում Տուրգենեւը բոլորից նեղանում ու հեռանում էր Բադեն-Բադեն: Ինչպե՜ս եմ ես հիմա հասկանում ռուս դասականին:

Մեծ աշխարհի հրաշք անկյունը

\"\"1997-ի դեկտեմբերին պատվիրակության կազմում այցելելով Փարիզ՝ վերադարձից հետո գրեցի նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքի «վատահամբավ թաղերուն» մասին՝ Սեն Դենիի, նաեւ սթրիփ ակումբների մասին, որոնք դեռ չկային Երեւանում: Այն ժամանակ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը վատ թաքցրած նախանձով արձագանքեց այդ հրապարակմանը, նկատելով, թե լավ է, էլի, լրագրող լինելը՝ ո՜ւր ասես կարող ես գնալ, հետո արդարանալ, թե ռեպորտաժ էի պատրաստում:

Իրոք այդպես է, եւ այդ պատճառով ես հանգիստ կարող եմ գրել Բադեն-Բադենի մասին, ուր հայ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ գաղտնի գնում են կազինոյում խաղալու, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամները գնում են լարված աշխատանքային օրերից հետո (Ստրասբուրգից Բադեն-Բադեն գնացքով մի ժամ է)՝ լողալու հանքային ջրերում, իսկ մեր օլիգարխները մեկնում են ուղղակի հանգստանալու:

Ի դեպ, այս առումով նրանցից եւ ոչ մեկն օրիգինալ չէ՝ Բադեն-Բադենը համաշխարհային հռչակ ունեցող հանգստավայր է, եւ դեռ 18-րդ դարի վերջից ունի Եվրոպայի ամառային մայրաքաղաքի կարգավիճակ: Այստեղ, այս գողտրիկ քաղաքում են հանգստացել ու բուժվել թագավորներ, քաղաքական առաջնորդներ, մտավորականներ եւ այլք: Եվ դժվար է ասել, թե ինչն է այս քաղաքում ավելի հրապուրիչ՝ գեղեցկագույն փոքրիկ փողոցնե՞րը, բուժիչ նշանակություն ունեցող հանքային ջրե՞րը, աշխարհահռչակ կազինո՞ն:

Ռուսական հոգով գերմանական քաղաք

Սակայն մինչ դրանց անդրադառնալը՝ չենք կարող չնշել Բադեն-Բադենի մի առանձնահատկության մասին՝ ռուսերեն ցուցանակների, գրությունների եւ ընդհանրապես՝ քաղաքի փողոցներում հնչող ռուսերեն խոսքի առատություն է: Քաղաքում նաեւ ռուսական եկեղեցի կա: Ռուսներն, ասում են, Բադեն-Բադենը «բացահայտել» են դեռ 1813 թվականից, երբ Նապոլեոնի ջախջախված զորքին հետապնդելով՝ ռուսական զորքերը տեղակայվեցին այստեղ եւ զգացին այս քաղաքի ողջ հմայքը: Դրանից հետո Բադեն-Բադենում հանգստանում էր ռուսական ազնվականությունը: Նաեւ մտավորականությունը՝ հենց այստեղ է Անտոն Չեխովն անցկացրել իր կյանքի վերջին տարիները: Իվան Տուրգենեւը Բադեն-Բադենում ուներ առանձնատուն, ուր ապրել է 7 տարի շարունակ: Այստեղ ի վերջո մշտական բնակության էր տեղափոխվել Նիկոլայ Գոգոլը: Բոլորին չես թվարկի՝ այստեղ որոշ ժամանակ ապրել են Սալտիկով-Շչեդրինը, Նեկրասովը եւ ռուս այլ դասականներ: Բայց նրանցից երկուսի՝ Լեւ Տոլստոյի եւ Ֆյոդոր Դոստոեւսկու այստեղ ապրելու պատճառի մասին արժե նշել առանձին՝ նրանք խաղամոլներ էին եւ այստեղ գալիս էին «Կուրհաուս» կազինոյի համար, որն ամենահինն է Եվրոպայում՝ կառուցվել է 1823-ին: Եվ Բադեն-Բադենում այժմ կա Դոստոեւսկու արձանը (նկարում):

Կազինո, ուր խաղացել է Դոստոեւսկին

\"\"Բադեն-Բադենի ուղեցույցներում է անգամ նշված, թե իր որոշ ստեղծագործություններ Դոստոեւսկին գրում էր կազինոյի պարտքերը փակելու համար: Նաեւ, որ Դոստոեւսկին մի անգամ Բադեն-Բադենի կազինոյում է թողել իր բոլոր խնայողությունները: Եվ այս փորձը նրա համար օգտակար եղավ, որ գրի «Խաղամոլը»: Այնպես որ՝ մեր այն հայ քայլող դասականները, որոնք իրենց ժամերն են կարճում բուքմեյքերական գրասենյակներում՝ շարունակում են իրենց ռուս գործընկերների ոչ այնքան պանծալի ավանդույթները:

«Կուրհաուս» կազինոն առանց մի գրոշի է թողել ոչ միայն ռուս դասականին: Այստեղ են խաղացել ԱՄՆ նախագահներ Ռոնալդ Ռեյգանն եւ Բիլլ Քլինթոնը (ըստ այդմ, ՀՀ նախագահի համար էլ դա թերեւս ամոթ չպիտի լիներ), արաբական շեյխեր, Մարլեն Դիտրիխը, Դեյվիթ Բեքհեմը եւ այլ աստղեր:

\"\"Ասում են, թե սա աշխարհի ամենագեղեցիկ կազինոներից է եւ հիշեցնում է ֆրանսիական թագավորների դղյակները՝ քանդակների, ոսկու, բյուրեղապակու եւ շքեղ ջահերի առատությամբ: Այս կազինոյում ամեն օր կազմակերպվում են էքսկուրսիաներ: Կազինո մուտքը զուտ խորհրդանշական գումար է՝ 3 եվրո: Բայց այստեղ մտնելու համար անձնագիր պիտի ունենաս եւ փաստաթուղթ ստորագրես, որ սնանկանալու դեպքում հաստատության նկատմամբ գանգատներ չպիտի ունենաս: Եվ ոչ պակաս կարեւոր հանգամանք՝ այս կազինո տղամարդիկ անպայման կոստյումով եւ փողկապով կարող են մտնել, իսկ կանայք՝ միայն երեկոյան զգեստով: Եվ ոչ միայն այդ պատճառով մենք Բադեն-Բադենում կազինո չգնացինք, այլ քանի որ շտապում էինք դեպի այդ քաղաքի թերեւս ամենահրապուրիչ վայրը:

«Կարակալլան» Չոփ-չոփիկում

Բադեն, ասում են, լողալ է նշանակում, եւ մենք այս քաղաքի անվանումը կեսկատակ թարգմանեցինք՝ Չոփ-չոփիկ: Մանավանդ որ՝ տվյալ անվանումը լիովին համապատասխանում է բովանդակությանը: Բադեն-Բադենում բազմաթիվ տաք բուժիչ աղբյուրներ կան, որոնց մասին գիտեին դեռ հին հռոմեացիները: Եվ 214 թվականին կայսր Կարակալլայի հրամանով՝ այստեղ կառուցվել էին շքեղ բաղնիքներ: «Կարակալլա»՝ հենց այսպես է կոչվում այս առողջարանի ամենամեծ համալիրը: Նրա կազմում փակ եւ բաց ջրավազաններ են, սաունաներ, սոլյարիներ, ջակուզիներ, սենյակներ ինհալյացիայի համար՝ էվկալիպտի բույրով, ջրվեժներ: Եվ այս ամենը՝ հանքային ջրով: Ջերմաստիճանն այնպիսին է՝ 30-38 աստիճան, որ մենք հունվարի 30-ին լողանում էինք բաց ջրավազաններում: Եվ տարբեր ուժգնության եւ ուղղվածության շիթերի տակով անցնելուց հետո՝ շաբաթվա հոգնածությունից եւ նյարդայնությունից հետք անգամ չի մնում, օրգանիզմդ կարծես երիտասարդանում է:

Ի դեպ, պետք չէ կարծել, թե այս հաճույքը կարող են վայելել միայն ունեւորները՝ «Կարակալլայում» անցկացրած 2 ժամն արժե ընդամենը 13 եվրո, 3 ժամը՝ 15 եվրո, իսկ 4 ժամը՝ 17 եվրո:

Ու այստեղ անցկացրած ժամերից հետո մտածում էիր, թե ի՞նչն է խանգարում մեր գործարարներին նույն տիպի համալիրներ կառուցել Ջերմուկում կամ Արզականում: Թեեւ լսել եմ, որ հենց Երեւանում՝ Զովունու ճանապարհի վրա կա նման հաստատություն, որտեղ մի ժամն արժե 30 հազար դրամ: Այնպես որ՝ եթե մեր պաշտոնյաներն այնտեղ հանգստանան, ավելի արժանի կլինեն կշտամբանքի՝ ստացած աշխատավարձին ոչ համարժեք ապրելու համար, քան եթե հերթական անգամ լուրեր հասնեն, որ նրանք իրենց արձակուրդն անցկացնում են Բադեն-Բադենում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել