Ամենուր քարոզվում է՝ սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպ վարել
Սակայն իրականում նույն «քարոզիչներն» իրենց իսկ խորհուրդներին անգամ չեն հետեւում եւ «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» գաղափարը մնում է անհասցե, օդում կախված: «Առավոտը» տարբեր բնագավառներում աշխատող մի քանի հայտնի մարդկանցից հետաքրքրվեց, թե իրենք ինչքանո՞վ են առնչվում սպորտի հետ եւ արդյո՞ք առողջ ապրելակերպ վարում են:
ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մոտ երկու ամիս թենիս է պարապել, 2 տարի զբաղվել է ազատ ըմբշամարտով, հետո, մինչեւ բուհ ընդունվելը, 4 տարի ձյուդոյով է մարզվել: «Ավարտել եմ Ֆիզկուլտուրայի ինստիտուտը եւ այդ ժամանակ գիտելիքներս ավելի խորացրել եմ սպորտային մանկավարժության բնագավառում: Հիմա, արդեն 14 տարի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտում դասավանդում եմ սամբո ըմբշամարտի տեսություն եւ մեթոդիկա առարկան»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով առողջ ապրելակերպին՝ Ա. Մարտիրոսյանը նշեց. «Առողջ ապրելակերպն ինձ համար առաջին հերթին շարժողական ակտիվության մեջ է արտահայտվում: Այն նաեւ վնասակար սովորույթներից ձերբազատվելու լավ միջոց է: Ազգային ժողովում մի փոքր չի ստացվում վատ սովորույթներից ազատվելը, քանի որ աշխատանքի բնույթն է այլ: Եթե ազատ ժամանակ եմ ունենում՝ մեր բուհի կոլեկտիվով վոլեյբոլ ենք խաղում»:
«Կարծում եմ, յուրաքանչյուր մարդու կյանքում սպորտը կարեւոր տեղ ունի: Ժամանակին միշտ էլ սպորտով զբաղվել եմ, երկար տարիներ ֆուտբոլ, վոլեյբոլ, թենիս, շախմատ եմ խաղացել: Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ժամանակ չեմ ունենում սպորտով զբաղվելու, աշխատանքը խանգարում է, ցավում եմ, բայց ինչ արած»,- ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախկինում սպորտի ոլորտում հայտնի մարզպետն այժմ «պասիվ» առողջ ապրելակերպ է վարում. «Առողջ ապրելակերպն ինձ համար հատկապես գյուղեր գնալն ու քայլելն է: Եղանակների տաքանալուն պես որոշել եմ ֆուտբոլով կամ վոլեյբոլով զբաղվել: Հիմա տղաներս աշխատանքից հետո ֆուտբոլ են խաղում ու լողում են»: Ա. Ղահրամանյանի պատմելով՝ ժամանակին Հոկտեմբերյանի «Պահածոյագործ» ֆուտբոլային թիմի կազմում խաղացել է հանրապետության առաջնություններում. «Ուրախ միջադեպեր չեն եղել, բայց մի տխուր դեպք եմ հիշում: Աշխատում էի Երեւանի ներքին գործերի բաժնում, Հանրապետական մարզադաշտում ֆուտբոլ էինք խաղում՝ ներքին գործերի բաժինների եւ վարչության միջեւ անցկացվող առաջնություն էր: Խաղի ժամանակ ողնաշարի վնասվածք ստացա: Սուր ցավ էր, եւ ինձ վատ էի զգում: 12 օր չեմ կարողացել քայլել: Բայց հոգեբանական ընկճվածություն չեմ ունեցել, եւ դա իմ մեջ հետք չի թողել»:
Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) պատմեց, որ փոքր ժամանակ սպորտի սիրահար է եղել եւ զբաղվել է տարբեր մարզաձեւերով: «Պատանեկության տարիներին ձեռքի գնդակի եւ սեղանի թենիսի պարապմունքների եմ հաճախել, բիլիարդ, ֆուտբոլ նույնպես շատ եմ սիրում խաղալ, երբեմն ընկերներով գնում ենք խաղալու: Մինչեւ 1998 թվականն ակտիվ զբաղվել եմ սպորտով, հիմա ժամանակը չի հերիքում: Մեծ ցանկություն ունեմ, բայց կյանքի այս տեմպի մեջ մի փոքր դժվարանում եմ: Երբեմն առավոտյան գնում եմ մարզասրահ, բայց միշտ չէ, որ հաջողվում է: Իմ կարծիքով, առողջ ապրելակերպը շատ կարեւոր է: Բացի այն, որ մեզ է լավ, ընտանիքում ապրող երեխաների համար դաստիարակչական դեր նույնպես խաղում է»: Ա. Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ իրենց ընտանիքում մարզաձեւով զբաղվողներ կա՞ն: Պարզվեց, որ տղան ու աղջիկը լողով են զբաղվում: «Տղաս՝ Գրիգորը, դեռ 7 տարեկան է, նկատեցինք, որ լավ ֆուտբոլ է խաղում եւ մարզական լավ տվյալներ ունի, արդեն ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանի հետ պայմանավորվածություն ունեմ, պետք է տղայիս տանեմ «Բանանց» ֆուտբոլային ակումբ, եթե սիրում է ֆուտբոլը՝ թող դրանով էլ զբաղվի»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Կինոբեմադրիչ Աշոտ Ադամյանի կյանքը նույնպես լրջորեն առնչվել է սպորտի հետ, սակայն մարզական բարձունքների չի հասել: «Երկրորդ դասարանում էի սովորում, լողի դպրոցից եկել՝ տղաներ ու աղջիկներ էին հավաքագրում: Ինձ ներգրավեցին լողի խմբակում, բայց ասեմ, որ մինչ այդ լողալ բացարձակ չգիտեի: Մարզվել սկսել եմ փոքր լողավազանում, որից հետո 4 տարի հանդես եմ եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում»,- պատմեց Ա. Ադամյանը: Լողի հետ կապված «քաղցր» հիշողություններ ունի, որոնք մինչեւ հիմա հանգիստ չեն տալիս. «Մեկ-մեկ պատահում էր, որ առավոտյան պարապմունքների չէի գնում: Մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչը չէր թողնում նույնիսկ դպրոց մտնեի ու միանգամից ուղարկում էր լողավազան: Դրանից հետո իմ առնչությունը սպորտի հետ եղել է սիրողական մակարդակի՝ պարզապես առավոտյան մարզանքներ եմ անում: Ինձ համար լողից միանգամից հրաժարվելը հեշտ չի եղել, մինչեւ օրս երազներ եմ տեսնում, թե իբր նորից հաճախում եմ լողի պարապմունքների, ու մարզիչս կրկին բարկանում է վրաս: Գործի բերումով այնպես եմ մխրճվել ուրիշ ուղղությունների ու ժանրերի մեջ, որ լողի ասպարեզ վերադառնալու ճանապարհ չի մնացել: Հիմա դրա համար ժամանակ էլ չունեմ»: Պարզվում է, հայրիկի նախընտրած մարզաձեւով որոշ ժամանակ զբաղվել են նաեւ երեխաները, սակայն դարձյալ կիսատ են թողել. «Մեր ընտանիքում պրոֆեսիոնալ մարզիկներ չկան, բայց երկու աղջիկներս նույնպես լողով զբաղվել են, նրանց մարզիչները նույնիսկ ասում էին, որ լուրջ մարզիկ դառնալու բավարար հնարավորություն ունեն: Բայց չշարունակեցին եւ լողը նրանց համար էլ մնաց սիրողական մակարդակի վրա»: Իսկ առողջ ապրելակերպի առնչությամբ կինոբեմադրիչը բոլորովին այլ պատկերացումներ ունի. «Այսօր առողջ ապրելակերպն ինձ համար ոչ այնքան սպորտի հետ է առնչվում, որքան հոգու մաքրության: Տարածված միտք կա, ասում են՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի: Բայց ինձ թվում է, որ ասվածի հակառակ տարբերակն էլ հնարավոր է, եւ առողջ հոգին նույնպես կարող է բերել առողջ մարմին: Այդ իմաստով, առողջ ապրելակերպն ինձ համար ավելի լայն իմաստ է ձեռք բերել»: