ԵՄԱ եւ «Ինտերնյուսի» նախագահները դժգոհ են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններից եւ լրացումներից:
Երեկ «Ուրբաթ» ակումբում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»՝ ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների առնչությամբ իրենց դժգոհություններն էին հայտնում Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն ու «Ինտերնյուս» կազմակերպության նախագահ Նունե Սարգսյանը: Բ. Նավասարդյանը նշեց իրեն անհանգստացնող մի քանի փաստերի մասին. «Առաջին՝ ՀՌԱՀ-ը եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը չեն բավարարում օրենքի մինիմալ պահանջները, հիմնականում՝ անկախության եւ հասարակության ներկայացուցչության առումով: Երկրորդ՝ այն խնդիրը, որ մենք ունենք մրցույթների թափանցիկության հետ կապված, եւ որի արդյունքն էր այն, որ Հայաստանի Հանրապետությունը ստացավ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի հունիսյան որոշումը, խոսում է այն մասին, որ մեզ մոտ հեռուստառադիոընկերությունների գործունեությունը կարգավորող համակարգը հեռու է կատարյալից: Նոր օրինագիծը կապուղիների մրցույթների թափանցիկության խնդրին եւս չի անդրադառնում: Երրորդ՝ մեր նոր Սահմանադրությամբ ենթադրվում է, որ ՀՌԱՀ-ը պետք է կարգավորի ոչ միայն մասնավոր, այլեւ հանրային հեռարձակողների գործունեությունը: Մինչեւ Սահմանադրության նորացումը՝ այդպես չէր»: Նրա կարծիքով, այս սկզբունքային հարցերին առաջին հերթին պետք է ուշադրություն դարձներ օրենսդիրը: Ըստ ԵՄԱ նախագահի, «Անիմաստ է որեւէ օրենսդրական նախաձեռնություն, եթե այն նշված հարցերին չի անդրադարձել: Օրենքի փոփոխությունների վերջնական տարբերակը դեռ վատագույն տարբերակը չէ: Ավելի վատ վիճակում էր գտնվում սեպտեմբերյան տարբերակը, ըստ որի՝ կասեցվեցին հեռուստառադիոհաճախականությունների համար նախատեսված բոլոր մրցույթները: Որեւէ ատյան որեւէ մակարդակով օրինագիծը չէր քննարկել: Այն մտել էր խորհրդարան եւ մեկ օրվա ընթացքում քննարկվել երեք ընթերցմամբ»: Էլի կան որոշակի հարցեր, որոնք հուզում են ԵՄԱ նախագահին: «Նոյեմբերին ստեղծվել է համապատասխան հանձնաժողովին կից աշխատանքային խումբ, որտեղ հրավիրված էին նաեւ մեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Ինչո՞ւ են մեզ հրավիրում, եթե պիտի մեր կարծիքներն ու նկատառումները հետո հաշվի չառնվեն»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
«Ինտերնյուս» կազմակերպության նախագահ Նունե Սարգսյանն էլ իր հերթին ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում խնդրահարույց փաստաթուղթը եւ ինչ ազդեցություն կարող է թողնել ռադիոհեռուստատեսային դաշտի վրա. «Հունիսին եղել է նախագծի առաջին տարբերակը, որից հետո օգոստոս-սեպտեմբեր ամիսներին եվրոպական փորձագետները որոշակի եզրակացություն են ներկայացրել ԱԺ, այնուհետեւ հետեւել է սեպտեմբերի 10-ի օրինագիծը, որը կանգնեցրել է բոլոր մրցույթները եւ երկարաձգել գործող հեռուստաընկերությունների լիցենզիաները՝ դրանով վերջիններիս հրավիրելով դառնալ այդ օրինագծի պաշտպան: Այդ ամենից հետո մենք նոյեմբերին ստեղծում ենք աշխատանքային խումբ եւ հունիսի օրինագծի որոշակի փոփոխված տարբերակը դրվում է քննարկման: Այն նման է սեւ հումորի, քանի որ դրանից հետո ամբողջ ոլորտը գտնվում է պասիվ վիճակում եւ մենք փորձում ենք այդ դրությունում իներցիոն փոփոխություն անել»: Տիկին Սարգսյանը համոզված է, որ այս օրենքը չի կարող նորմալ գործել, քանի որ դրա հիման վրա աշխատելն անիմաստ է: Հարկավոր է նոր օրենք, ինչն իր մեջ կներառի թվայնացման որոշ ուղղումներ եւ դրա հետ կապված փոփոխություններ: Պարոն Նավասարդյանն էլ հավելեց. «Ես օրենքում տեսնում եմ որոշ դրույթներ, որոնք հաստատ եկել են Հանրային հեռուստառադիոընկերությունից եւ ՀՌԱՀ-ից: Այսինքն՝ փոփոխված բոլոր դրույթները բխում են իրենց շահերից»: