Ինտերիերային դիզայնի մշակույթը նկատի ունի մոսկվաբնակ գեղանկարիչ, ինտերիերի դիզայներ Հրաչյա Արմենակյանը
Հայաստանում 1970-ականներին սկիզբ առավ ճարտարապետական, արդյունաբերական էսթետիկայի եւ դիզայնի որոշակի շարժում. Գ. Սունդուկյանի անվան թատրոնը (1967թ.), Տիկնիկայինը (1980-ականների սկիզբ) եւ այլն, նոր խոսք էին այս առումով: Իսկ շուրջ 10 տարի առաջ շրջանառության մեջ դրվեց եվրանորոգում հասկացությունը. այդպես էին անվանում քիչ թե շատ ներկայանալի տեսք ունեցող շինությունների ներքին հարդարումը: Լայն կիրառման մեջ ինտերիեր հասկացությունը Հայաստանում մնացել է դիլետանտական մակարդակի վրա մինչ օրս՝ մինչդեռ աշխարհում ինտերիերի դիզայնի մրցույթներ են կայանում, մասնագետները քննարկումներ են կազմակերպում զանազան online- ֆորումներում:
«Առավոտում» հյուրընկալված մոսկվաբնակ գեղանկարիչ, ինտերիերի դիզայներ Հրաչյա Արմենակյանը հետեւյալ կարծիքի է. «Հայերս հնարամիտ ենք, ստեղծող, սակայն ցանկացած ինտերիերի դիզայնին «մեկ աչքով» նայելը կամ ինքնագործունեությամբ մոտենալը՝ տանում է կատաստրոֆայի»: Այս հարցում «ճաշակին ընկեր չկա» արտահայտության մասին էլ մեր զրուցակիցը հայտնեց հետեւյալը. «Ճիշտ է, ճաշակին ընկեր չկա, բայց կան կայուն արժեքներ, որոշակի չափանիշներ եւ չափորոշիչներ: Վերջիններիս հետ հաշվի չնստելն ու չընդունելը կբերի նրան, որ ուղղակի հետ կմնանք մյուսներից: Չմոռանանք, որ ունեցել ենք եւ ունենք անհատներ, որոնք աշխարհի համար եղել են կողմնորոշիչներ»: Դիտարկմանը, թե մեր շատ օլիգարխների առանձնատների գոնե ընդհանուր տեսքը, մեղմ ասած, երբեմն դուրս չի գալիս անճաշակության սահմաններից, աղավաղելով պատկերացումը պրոֆեսիոնալիզմի մասին, արվեստագետն ասաց. «Եթե պարզ խոսենք, ապա հաճախ նշված մարդիկ իրենց տան «ռեմոնտը» մի քանի անգամ են անում: Ընդ որում՝ որպես օրենք, նրանք կամակոր են ու պահանջկոտ: Իհարկե, մեծահարուստներն ունեն գումար, որ կարող են լինել այդպիսին՝ իրենց ցանկությունների հարցում: Նրանց մեծ մասը, չգիտես ինչու, պարզապես չի դիմում մասնագետի օգնությանը, մինչդեռ շինարարության այն թափը, որ նկատվում է Հայաստանում, ասում է այն մասին, որ հենց այստեղ դիզայների կարիքը շատ կա… Ցավով պետք է նշեմ, որ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջն ու գեղարվեստի ակադեմիան ինտերիերի դիզայների մասով կրում են Խորհրդային միությանը բնորոշ մտածողությունն ու մոտեցումը: Ախր խորհրդային կայսրությունը ժամանակին խորը մասնագիտացված էր ընդամենը պլակատների, գործարանային տարբերանշանների մշակման եւ նման այլ բաների ուղղությամբ: Այն, ինչը ժամանակակից աշխարհն է ողողել, բնականաբար՝ այս ոլորտում, իմ կարծիքով, Հայաստան նոր պետք է մուտք գործի: Աշխարհի քաղաքակիրթ երկրներում ճարտարապետներն ու դիզայներները բավականին առաջադեմ են ու շատ նրբազգաց բոլոր նորությունների հանդեպ, որոնք, իրենց հերթին, անխնա ֆինանսավորվում են: Օրինակ, «նոր ռուսները» առանձնատների խելագար են եւ առանց դիզայների միջամտության՝ չեն կառուցում ոչինչ: Այսօր Ռուսաստանում բազմաթիվ շքեղ տներ կան, որոնք հիշեցնում են Վորոնցովների, Շերեմետեւների եւ այլոց առանձնատները: Կոնկրետ Մոսկվայում միջին կարողության տեր մարդիկ պարզապես կուրորեն հետեւում են պրոֆեսիոնալի խորհրդին: Եթե չեմ սխալվում, ժամանակին «Հ1»-ով ինտերիերային արվեստին վերաբերող հաղորդաշար կար, բայց հիմնվել միայն դրա վրա, խորհուրդներ ստանալ էկրանից, նույնն է, թե ինտերիերային դիզայնի գործում շարունակել ինքնագործունեությունը»:
Զրույցի ավարտին Հրաչյա Արմենակյանն ասաց, որ ինտերիերային դիզայնի ուղղությամբ նախ պետք է բացել դպրոցներ եւ, գովազդելով այդ կարեւոր ոլորտը, ստեղծել հասարակական մեծ պահանջարկ. «Օրինակ վերցնել քաղաքակիրթ երկրներից, որոնք վաղուց մշակել են համապատասխան հայեցակարգ եւ արդեն ունեն ինտերիերային դիզայնի ոլորտում արտահայտված ավանդույթներ»: