Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔԸ ՈՒԺ Է ԵՎ ՀԶՈՐ ԳՈՐԾՈՆ

Փետրվար 07,2009 00:00

\"\"Ինչպես «կազմաքանդել» քեզ հալածող «բուրգը»

Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չի մասնակցում: Եվ շատ իզուր: Հայաստանում ՏԻՄ-երը, մասնավորաբար՝ ավագանին, շատ լայն լիազորություններ ունի: Ընդդիմությունը սրա մասին գիտի, բայց չի օգտագործում: Իսկ, օրինակ, Թուրքիայի քրդերը համանման իրավիճակից օգտվում են:

Ժամանակին Թուրքիայի քրդերը մեր ընդդիմության նման օրուգիշեր աղաղակում էին, թե իրենց իրավունքները ոտնահարվում են, իրենց ձայնը լսելի չէ, իրենք հալածված եւ ճնշված են: Թուրքիայի քրդերն աշխարհին առավել հայտնի էին Քրդական բանվորական կուսակցության տեսքով, իսկ այս կազմակերպությունը ահաբեկչական կառույցի համբավ ուներ եւ Եվրոպայում առանձնապես հարգանք չուներ: Ամեն ինչ փոխվել է վերջին 10 տարում: Թուրքիայում, ինչպես Հայաստանում, ակտիվ զարգանում է տեղական ժողովրդավարացումը՝ բերելով յուրօրինակ տրանսֆորմացիաների: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի արեւելյան հատվածները քրդաբնակ շրջաններ են, իսկ Թուրքիան չի ճանաչում նրանց ազգային եւ էթնիկ ինքնությունը: Հենց տեղական մակարդակներում ժողովրդավարացումը քրդերի համար էական դարձավ եւ, ըստ կանխատեսումների, մի քանի տարի անց քրդական գործոնը բավականին ծանրակշիռ է դառնալու: Իսկ քրդերը շատ բան չեն արել. գլխի են ընկել կամ նրանց հուշել են եւ սկսել են մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Բնականաբար, քրդաբնակ համայնքներում համայնքի խորհրդի անդամ կամ համայնքի նախագահ ընտրվելու համար քուրդը մեծ ջանքեր թափելու կարիք չունի: Իսկ համայնքի ղեկավար լինելը նշանակում է ռեալ իշխանություն եւ լեգալ, օրինական փողեր՝ բյուջե: Օրինակ, Դիարբեքիրը ավելի քան մեկ միլիոն բնակիչ ունի, խոշոր բյուջե եւ… քուրդ քաղաքապետ:

Քրդերը չեն բավարարվել առանձին քաղաքներում «իշխանությունը վերցնելով»: Քրդաբնակ եւ քուրդ ղեկավարով բնակավայրերը ստեղծել են Հարավ-արեւելյան Անատոլիայի տեղական իշխանությունների՝ համայնքների միություն, որի ղեկավարը Դիարբեքիրի քաղաքապետն է: Որեւէ քուրդ համայնքապետի դեմ ուղղված՝ Թուրքիայի պետական իշխանությունների ցանկացած քայլին դեմ է դուրս գալիս Հարավ-արեւելյան Անատոլիայի համայնքների միությունը:

Ինչպես ՀՀ իշխանությունը մեր ընդդիմությանը հասանելիք օդի հոսքը դադարեցնելուն դեմ չէ, այնպես էլ Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անում են քրդերի ազատությունները սահմանափակելու համար: Բայց քրդական կազմակերպությանը (Քրդական բանվորական կուսակցությանը) ահաբեկչական խմբավորում հայտարարելու տարբերակը չի աշխատում ընտրված իշխանության պարագայում: Քրդաբնակ բնակավայրերում գյուղապետ կամ քաղաքապետ ընտրված քրդերին Թուրքիայի իշխանությունը ահաբեկիչ պիտակավորել չի հաջողել ու ճարահատ նրանց դեմ քրեական հետապնդումներ է սկսել: Օրինակ, Թուրքիան փորձում էր Սուրի քաղաքապետ Ադբուլահ Դեմիրբասին պաշտոնանկ անել եւ քաղաքային խորհուրդը ցրել, միայն այն բանի համար, որ 2006 թվականի հոկտեմբերի 6-ին խորհուրդը որոշել եւ քաղաքապետն էլ հաստատել էր «Բազմալեզու համայնքային ծառայություն» փաստաթուղթը, համաձայն որի՝ հանրային ծառայությունների մատուցման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն պետք է տրամադրվի ոչ միայն թուրքերեն, այլ նաեւ քրդերեն, հայերեն, արաբերեն, անգլերեն: Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին փորձում էին հեռացնել պաշտոնից՝ մամուլի ասուլիսի ժամանակ քրդերեն խոսելու համար, 56 քուրդ համայնքապետերից ազատվել էին փորձում, քանի որ նրանք աջակցում էին քրդերեն հեռարձակվող ROJ-TV հեռուստաընկերությանը:

Քրեական հետապնդումների այս արշավը լայն արձագանք գտավ Եվրոպայում: Եվրոպայի խորհուրդը միջամտեց: Արդյունքում, նաեւ Թուրքիայի իշխանությունների հետ քննարկումներից հետո ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը 2007 թվականի նոյեմբերի 21-ին ընդունեց փաստաթուղթ եւ Թուրքիային հանձնարարեց. «1. Բարեփոխել համայնքային իշխանություններին վերաբերող օրենքն այնպես, որ այն համայնքապետերին եւ համայնքային խորհուրդներին հնարավորություն տա կայացնել քաղաքական որոշումներ՝ առանց վախենալու իրենց դեմ հարուցվող վարույթներից: 2. Ստորագրել եւ վավերացնել ԵԽ ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան: 3. Ստորագրել եւ վավերացնել տարածքային կամ ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան»:

Այս ամենը նշանակում է, որ քրդերը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ճանապարհով «կազմաքանդում» են իրենց ճնշող «բուրգը»: Այս ամենը նշանակում է նաեւ, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները, այդ թվում եւ հայերը, կկարողանան քիչ ավելի ազատ շնչել: Ի դեպ, այսօրվա քուրդ համայնքապետերի մի մասը արմատներով, ծագումով հայ է: Բայց սա համայնքային իշխանության դերի եւ ազդեցության հետ կապ չունի: Սա այլ հարց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728