Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ավագ դպրոց»-ական կրքեր

Փետրվար 07,2009 00:00

\"\"ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի պարզաբանումները

2008-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվեց ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգ, այնուհետեւ կառավարության նիստում հաստատվեցին Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւանում գործող 10 դպրոցները, որոնք դարձան ավագ: Ըստ այդ հայեցակարգի՝ ՀՀ հանրակրթական համակարգում գործելու են երկու տիպի դպրոցներ՝ միջին կամ հիմնական, որոնք իրականացնելու են 1-9-րդ դասարանների կրթություն, եւ ավագ դպրոցներ, որոնք ունենալու են միայն 10-12-րդ դասարաններ: Ինչպես կրթության ոլորտում տեղի ունեցող ցանկացած բարեփոխում, այնպես էլ ավագ դպրոցների համակարգի ներդրումն արդեն հասցրել է տարբեր տարաձայնությունների եւ քննարկումների առիթներ տալ: «Առավոտը» ժամանակին, երբ նոր էր սկսվում ավագ դպրոցների կազմավորման գործընթացը, անդրադարձել էր այն խնդրին, որ դա ենթադրում է որոշ ուսուցիչների կրճատում (որքան էլ հակառակը պնդեն պատասխանատուները):

Այժմ առաջացել է այլ դժգոհություն: Գյուղերի բնակիչները դժգոհում են՝ եթե իրենց գյուղի միակ դպրոցը չդառնա ավագ, ու իրենք ստիպված լինեն երեխային տանել հարեւան գյուղի ավագ դպրոց, ի՞նչ պիտի անեն: Չէ՞ որ ձմռանը ճանապարհները դժվարանցանելի են դառնում, տրանսպորտի հա՞րցն ինչպես պիտի լուծվի: Այս դժգոհությունները փոխանցեցինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին: Նա պատասխանեց. «Եթե գյուղում կա ընդամենը մեկ դպրոց, այն իրականացնելու է 1-12-ամյա կրթություն: Բայց հետագայում կհասնենք նրան, որ ունենանք գիշերօթիկ դպրոցներ, ու շրջակա գյուղերից երեխաները հաճախեն այնտեղ: Դրա համար պետությունը նաեւ համապատասխան փոխադրամիջոցներ է հատկացնելու»: Սակայն հասկանալի է, որ ծնողների մեծամասնությունը չի ցանկանա իր երեխային գիշերօթիկ տանել: «Ժամանակն է ձերբազատվել այդպիսի մտայնություններից: Մարդիկ իրենց երեխաներին կրթության են ուղարկում արտասահման, իսկ հայերս չենք ուզում մեր երեխաներին կողքի գյուղ դպրոց ուղարկել»,- ասում է Ն. Հովհաննիսյանը: Ավագ դպրոցների ներդրման հետ կապված մյուս խնդրահարույց հարցն այն է, որ դպրոցների տնօրեններից շատերը չեն ցանկանում, որ իրենց դպրոցը դառնա ավագ, քանի որ զրկվելու են աշակերտների մի մեծ բանակից: Իսկ այսօր դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով: Եվ այս պայքարում հիմնականում հաջողություն են ունենում այն դպրոցների տնօրենները, որոնք «վերեւներում» լավ կապեր ունեն: «Չենք գնա այդպիսի քայլերի, քանի որ այդ երեխաների համար հետագայում պիտի պատասխան տանք»,- հավաստիացրեց Ն. Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով՝ այդպիսի դպրոցներից է Աջափնյակի թիվ 94 դպրոցը: Այս կապակցությամբ՝ Ն. Հովհաննիսյանն ասաց. «Չգիտեմ, տնօրենն ուզո՞ւմ է, թե՝ ոչ, բայց ավագ դպրոց դառնալու է: Այդ կրթօջախն արդեն ընդգրկված է ցուցակում Ընդհանրապես ավագ դպրոցներն ընտրելիս խորհրդակցում ենք մարզպետների, կրթության վարչության պետերի, կրթօջախներին սպասարկող տեսուչների, դպրոցների տնօրենների հետ: Բայց վերջին խոսքը մերն է: Քարտեզագրումից հետո միայն, երբ պարզվում են դպրոցների գտնվելու վայրերը, որոշվում է՝ դրանցից որը դարձնել ավագ: Բայց կան նաեւ դպրոցներ, որ իրենք են ցանկանում դառնալ ավագ, օրինակ՝ թիվ 160-ը: Այս դեպքում էլ մենք չենք ուզում 1000-ից ավելի աշակերտով դպրոցը հիմքից «քանդել»: Մտածում ենք՝ 1-9-րդ դասարանի աշակերտների հսկա բանակը չտանենք այլ դպրոց»:

Ծնողների մյուս դժգոհությունը վերաբերում է ավագ դպրոցում դասավանդող կադրերին: Նրանց հատկապես մտահոգում է, որ ավագ դպրոցում դասավանդելու են ոչ թե դասախոսներ, այլ նույն դպրոցի ուսուցիչները: Այս մասին հանրակրթության վարչության պետն ասաց. «Մենք ունենք լավագույն ուսուցիչների հզոր բանակ՝ բոլոր դպրոցներում: Այն ուսուցիչները, որ զգացին՝ ի վիճակի չեն լինի աշխատել ավագ դպրոցում, իրենց կամքով հեռացան: Ավագ դպրոցում դասավանդող բոլոր ուսուցիչների համար կազմակերպել ենք երկամսյա ուսուցում, ինչն ավարտվեց քննությունով: Ուստի՝ միայն համապատասխան քննություն անցած ուսուցիչներն են դասավանդելու ավագ դպրոցում: Համաձայն եմ, որ դեռ կա կոմպլեքսը, ըստ որի՝ երեխաներին ձգտում են անպայման դասախոսի մոտ պարապելու տալ: Բայց ներկայումս ավագ դպրոցում երեխա ունեցող ծնողների հետ հանդիպումներն այլ բան են ապացուցում»:

Այս տարի ավագ դպրոցների քանակը հանրապետությունում կքառապատկվի՝ դառնալով 40-42: Մի քանի օրից ամբողջությամբ հստակեցված կլինի այդ դպրոցների ցանկը: Բայց նախօրոք Ն. Հովհաննիսյանն «Առավոտին» ներկայացրեց դրանցից մի քանիսը, նշելով, որ արդեն սեպտեմբերից ՀՀ բոլոր մարզերում կգործեն ավագ դպրոցներ: Օրինակ՝ Աջափնյակ համայնքի թիվ 94, 109, 118, Նոր Նորքի 142, 159, 139, 62 դպրոցները, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 184, 105, 190 դպրոցները, թիվ 1 արհեստագործական ուսումնարանը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել