Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԽԱՌԸ» ՎԻՃԱԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Փետրվար 07,2009 00:00

Որի մասին այս բուհում չեն ցանկանում խոսել

Դեկտեմբերի 25-ի ամփոփիչ ասուլիսում, պատասխանելով «Առավոտի» հարցին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հայտարարեց, որ խախտումների գծով «ռեկորդակիր» պետական բուհերի թվում է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Այս ասուլիսից առաջ եւ հետո մամուլը բազմիցս անդրադարձել է մանկավարժականի տխրահռչակ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի գործողություններին, սակայն նա շարունակում է մնալ իր պաշտոնին, չնայած ժամանակ առ ժամանակ նրա աթոռը երերում է, որովհետեւ կուսակցական «շեֆերը» նրան մեկ-մեկ կարգի են հրավիրում:

«Առավոտի» տեղեկություններով, վերջին կարգի հրավիրումը եղել է մեր թերթի՝ «Մանկավարժականի դասախոս է «բռնվել» (17.01.2009) հրապարակումից հետո. համալսարան է «գործուղվել» բուհի խորհրդի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը եւ մեկ ժամից ավելի փակվել խորհրդի անդամների հետ:

Երեկ համալսարանի լրատվության պատասխանատու Սիլվա Ասրյանից փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ մեզ հետաքրքրող հարցերի, այդ թվում՝ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի կողմից 4 դասախոսների աշխատանքից ազատելու, 4-րդ կուրսի 38 ուսանողներից կաշառք վերցնելու համար «բռնված» դասախոս Սուրեն Տողանյանի կամ, ըստ մեր տեղեկությունների, դրական գնահատականներ նշանակելու համար գումար պահանջած դասախոս Գոհար Խաչատրյանի վերաբերյալ, ինչը ուսանողները նույնիսկ հեռախոսով նկարահանել էին: Եթե նախկինում տիկին Ասրյանը խոստանում էր պատասխանել ու անջատում էր հեռախոսը, այս անգամ ուղղակի ասաց, որ պաշտոնապես ոչ մի տեղեկատվություն չի կարող տրամադրել, որովհետեւ ոչինչ չգիտի ու իրեն ուղղված հարցերը վերահասցեագրեց բուհի իրավաբան Լ. Երեմիշյանին: Բնականաբար, տիկին Երեմիշյանի հետ կապվել չհաջողվեց, հավանաբար նրան զգուշացրել էին, թե ինչ թեմայով պարզաբանումներ պետք է տրամադրի: ՀՀԿ անդամ, ռեկտոր Ղուկասյանին ավելորդ համարեցինք զանգել, միեւնույն է՝ պիտի առանց լսելու գոռգոռար: Քանիցս առիթ ունեցել ենք համոզվելու, որ լրագրողների հետ շփվելու մշակույթ այս բուհի ո՛չ ղեկավարությունը, ո՛չ էլ լրատվականը՝ չունեն, ի տարբերություն այլ կրթօջախների: Պատճառը երեւի այն է, որ լրագրողներից ու հանրությունից թաքցնելու ահագին բան ունեն, որի մասին, ինչպես նշեցինք, քաջ տեղյակ են կոռուպցիայի դեմ պայքարից խոսող «վերեւներում»:

Դառնալով ուսանողներից փող կորզելու թեմային՝ հավելենք, որ Տողանյանի կաշառակերության անհաջող փորձից հետո ռեկտորը աշխատանքից ազատել է նրա կնոջը, կենսաբանության եւ քիմիայի ֆակուլտետի դեկանի պարտականություններից՝ Ֆրիկ Մարտիրոսյանին, խիստ նկատողություն հայտարարել քիմիայի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Բաբախանյանին: Ի դեպ, ոչ բոլորի վրա են նման բաները տարածվում, որովհետեւ Ա. Ղուկասյանը դասախոսներին բաժանել է «յուրայինների» եւ օտարների: Առաջինները, օգտվելով նրա հովանավորությունից ու արտոնություններից, ջրից միշտ «չոր» են դուրս գալիս, մյուսները՝ հայտնվում «լուսանցքից» դուրս: Օրինակ, հունվարի 3-ին՝ տոնական օրով, տնտեսագիտության ամբիոնի 4 դասախոս է աշխատանքից հեռացվել՝ առանց նախապես տեղյակ պահվելու: Բուհի ղեկավարությունը դա պատճառաբանել է դասախոսների տարիքով, այն դեպքում, երբ նույն ամբիոնի վարիչ Մաքսիմ Սարգսյանը եւ տարրական մաթեմատիկայի եւ մեթոդիկայի ամբիոնի վարիչ Արամ Աբրահամյանը եւս երիտասարդ չեն: Ավելին, պարոն Աբրահամյանը դժվարությամբ է քայլում, նրան ձեռքից բռնած են լսարան բերում: Յուրայինների հարցում ռեկտորը օրինազանց է՝ հակառակ համալսարանի կանոնադրության, որը արգելում է 65 տարեկան անձանց մասնակցել մրցույթի, սակայն ռեկտորը Մհեր Կարապետյանին եւ Աելիտա Դոլուխանյանին հնարավորություն է ընձեռել զբաղեցնելու ամբիոնի վարիչի պաշտոն:

 Պատրաստ ենք տպագրել նաեւ Մանկավարժական համալսարանի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել