Մասնավոր դետեկտիվները չեն կարող օգտվել գաղտնալսող սարքերից
Ժամանակին նախկին ոստիկան Ջիվան Հակոբյանը Հայաստանում մասնավոր խուզարկուների դպրոց բացելու փորձ արեց: Սակայն այն չի գործում՝ միջոցների եւ պրոֆեսիոնալների բացակայության պատճառով:
Իսկ ռուսական մասնավոր դետեկտիվները այսուհետեւ զրկված կլինեն հետապնդման համար նախատեսված այնպիսի հատուկ սարքավորումներից օգտվելու իրավունքից, ինչպիսիք գաղտնալսող սարքերն ու թաքնված տեսախցիկներն են: Ինչպես հաղորդում է «Ռուսկայա գազետան», արդեն իսկ գործում է «Մասնավոր պահպանության եւ դետեկտիվ գործունեության մասին» օրենքը՝ նոր փոփոխություններով հանդերձ, ինչը լուրջ դժվարություններ կառաջացնի Շերլոկ Հոլմսի որոշ հայրենական գործընկերների համար: Ըստ այդ հրապարակման տվյալների՝ այսօր ՌԴ-ում 200 հազար մարդ զբաղված է մասնավոր խուզարկությամբ, եւ պետությունը ձգտում է վերահսկել նրանց գործունեությունը: Համաձայն կատարված փոփոխությունների՝ դետեկտիվը պարտավոր է անցնել պրոֆեսիոնալ պատրաստություն, պետք է ունենա մասնագիտական ուսհաստատության դիպլոմ, թող որ՝ մասնավոր, այլապես անհնար կլինի լիցենզիա ստանալ: Իրենց լիազորությունները չարաշահած դետեկտիվներին կարող են դատապարտել մինչեւ 7 տարի ազատազրկման:
Վարձու խուզարկուներին, ինչպես նաեւ՝ շարքային քաղաքացիներին, ընդհանրապես արգելվում է օգտվել գաղտնալսման սարքերից եւ հետապնդման համար նախատեսված այլ պարագաներից, մուտք գործել օտարի բնակարան, օգտագործել զենք կամ գործադրել ֆիզիկական ուժ (բացառություն են կազմում անհրաժեշտ ինքնապաշտպանության դեպքերը): Այս ամենից զատ, դետեկտիվը պարտավոր է մշտապես օպերատիվ ինֆորմացիան «կիսել» ոստիկանության հետ. եթե խուզարկուն ինչ-որ լուրջ փաստեր թաքցնի, ապա կենթարկվի քրեական պատասխանատվության: Մասնավոր դետեկտիվը նաեւ իրավասու չէ օգտագործել պետական հատուկ ծառայությունների աշխատակցի «վկայական» կամ ներկայանալ որպես իրավապահ մարմնի աշխատակից: Գործող ոստիկաններին, դատախազության քննիչներին եւ մյուս իրավապահներին չի թույլատրվում համագործակցել մասնավոր խուզարկության կենտրոնների հետ:
Պատահում է, որ քաղաքացին չի ցանկանում պաշտոնապես դիմել ոստիկանություն կամ դատախազություն: Գոյություն ունի կոմերցիոն հետախուզության հասարակ ձեւ. տեղեկություններ հայթայթել մրցակիցների մասին: Անգամ եթե ձեռնարկության չհրկիզվող պահարանից գումար է պակասել (կողոպուտ), հետաքննությունը հաճախ հանձնարարում է մասնավոր դետեկտիվին, որպեսզի պետության ուշադրությունը չհրավիրեն իրենց կանխիկ գումարի չափի վրա:
Մյուս, առավել պահանջարկ վայելող ծառայությունը ամուսնական դավաճանության բացահայտումն է: Բացի այդ, շատ ծնողներ խուզարկուների միջոցով ցանկանում են հետաքրքիր տեղեկություններ իմանալ իրենց երեխաների եւ մտերիմ-բարեկամների մասին: Եվ դրանց արդյունքների հիման վրա հաճախ փոփոխության են ենթարկվում կտակի պայմանագրերը: Երբեմն դետեկտիվներից պահանջվում է տիրապետել հաշվապահի, գրասենյակային աշխատակցի, նաեւ՝ քարտուղարի մասնագիտական հմտություններին: Նրանք ստիպված են լինում քրքրել մեծաքանակ փաստաթղթեր, տարբեր գրություններ ուղարկել համապատասխան ատյաններին: Ինֆորմացիայի առյուծի բաժինը մասնավոր խուզարկուները ձեռք են բերում հիմնականում բաց աղբյուրներից՝ թերթերից, ծառայողական տեղեկանքներից, գրադարանային կամ գիտական արխիվներից: Դետեկտիվը իր մատուցած ծառայության դիմաց, որպես կանոն, վճարվում է պայմանագրային հիմունքներով. վճարը կախված է աշխատանքի բարդությունից: Գոյություն ունեն նաեւ միօրինակ գներ, օրինակ՝ արտաքին զննումը գնահատվում է (միջինը) 1 ժամի դիմաց՝ 10 ԱՄՆ դոլար, իսկ անհայտ կորած մարդուն գտնելու համար վճարի չափը սկսվում է 4000 ռուբլուց: