Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեք ամիս անիմաստ կտանեն-կբերեն»

Փետրվար 07,2009 00:00

Հաշմանդամության կարգ տալուց առաջ կառավարությունը որոշել է հիվանդներին 3 ամիս հետազոտել՝ համոզվելու համար, որ իսկապես հաշմանդամ են:

«Մի աչքս չի տեսնում: Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում ինձ հետազոտել են եւ ասել, որ գլաուկոմա է: Այդ էպիկրիզը ես ներկայացրել եմ Քանաքեռ-Զեյթունի պոլիկլինիկա, որպեսզի ինձ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) համար անհրաժեշտ 88 ձեւի տեղեկանք տան, սակայն մերժում են: Ասում են, որ պիտի 3 ամիս էլ իրենց մոտ հետազոտություն անցնեմ, որ կարողանան այդ տեղեկանքը տալ: Ես հիվանդ կին եմ, ինչքա՞ն կարող եմ սպասել, 3 ամիսն ինձ համար շատ է»,-դժգոհեց օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած 54-ամյա Աննա Հովհաննիսյանը: Գլաուկոման կնոջ միակ հիվանդությունը չէ, 19 տարեկանում նրա մեկ երիկամը հեռացրել են. «Տարիներ առաջ մեր պետության օրենսդրությամբ ճանաչվել եմ 2-րդ կարգի, այնուհետեւ 3-րդ կարգի հաշմանդամ եւ ստացել 2-3 հազար դրամ թոշակ, սակայն սկսած 1998-ից, այլեւս գումար չեմ ստացել եւ զրկվել եմ հաշմանդամության կարգից: Անցած տարի վիճակս կտրուկ վատացավ եւ պետպատվերով հետազոտվեցի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Ես անգամ գումար չունեմ հետազոտության համար: Մի որդի ունեմ, նա է ինձ պահում, բայց այնքան գումար չի աշխատում, որ բուժում ստանամ: Իսկ ես չեմ աշխատում: Այնտեղի բժշկական հետազոտության եզրակացությունում էլ գրված է, որ ես ունեմ երիկամային անբավարարություն, երիկամումս քար կա եւ պետք է խուսափեմ ֆիզիկական ծանր աշխատանք կատարելուց»: Չնայած այս ամենին, Ա. Հովհաննիսյանին ԲՍՓ-ն հաշմանդամության կարգ չի տալիս, պատճառաբանելով, որ նրա միակ երիկամը շատ էլ առողջ է, եւ ֆունկցիան էլ աննշան է խախտված: «Հիմա մեկ հիվանդություն եւս ունեմ, երեւի այս անգամ գոնե կտան հաշմանդամության կարգ, բայց պոլիկլինիկան էլ անիմաստ ժամանակ է ձգում»,- նեղսրտեց տիկին Աննան:

Մեր հարցին, թե ինչու տիկնոջն անհրաժեշտ փաստաթղթերը հիմա չեն տրամադրում, այլ 3 ամիս սպասեցնում են, Քանաքեռ-Զեյթունի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մարինա Ստեփանյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ, ըստ օրենքի, բժշկական կենտրոնի կողմից տրված ախտորոշումից հետո պետք է հիվանդը պոլիկլինիկայում՝ աչքի մասնագետի մոտ նույնպես հսկողության տակ պահվի եւս 3 ամիս, որից հետո միայն մենք իրավունք ունենք այդ տեղեկանքը տրամադրել: Նա մարտ ամսին էր այցելել մեզ, եւ այդ ժամանակ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, այդ ախտորոշումն էլ դեկտեմբերի վերջին է բերել: Մենք նրան դեռ ընդառաջել ենք եւ ասել, որ կարող ենք ոչ թե 3 ամիս հսկողության տակ պահելուց հետո տալ այդ տեղեկանքը, այլ՝ 15-20 օրից, երբ լրանում է Մալայանի անվան բժշկական կենտրոնի կողմից տրված եզրակացության 3 ամիսը: Նա այդ օրերին ընդամենը պիտի գար՝ մի քանի մասնագետների մոտ մտներ: Կարգն է էդպիսին, կառավարության որոշումն է: Այս ամենի նպատակն էլ այն է, որ ուսումնասիրվեն տվյալ մարդու հաշմանդամության նշանները, այդ ժամանակ հնարավոր է նրա մոտ լավացում էլ գնա կամ հակառակը՝ ավելի վատանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել